Ռուսաստանը և Բելառուսն այսօր «Զապադ 2025» զորավարժություններ են սկսում, որոնք երկու երկրների տարածքում կշարունակվեն մինչև սեպտեմբերի 16-ը:
Զորավարժությունները, որոնցում ներգրավվելու է 7-8 հազար զինծառայող, մեկնարկում են ռուսական անօդաչու թռչող սարքերի՝ Լեհաստանի տարածք ներխուժմանը հաջորդած լարվածության աճի ֆոնին:
Ռուսաստանցի պաշտոնյաների փոխանցմամբ՝ զորախաղերի ընթացքում հետ է մղվելու պայմանական թշնամին, խաղարկվելու է նաև միջուկային զենքի կիրառումը պլանավորելու սցենար:
Վերլուծաբանների կարծիքով՝ զորավարժության հիմնական նպատակն է ցուցադրել, որ ռուսական զինված ուժերը հզոր են մնում՝ չնայած Ուկրաինայում երեքուկես տարի շարունակվող պատերազմին:
ՆԱՏՕ-ն և հարևան երկրները ուշադիր հետևում են զորավարժություններին՝ մտահոգություններ ունենալով դրանց թափանցիկության ենթադրյալ պակասի և հնարավոր սադրանքների հետ կապված:
«Զապադ» («Արևմուտք») խորագրով նախորդ զորավարժություններն անցկացվել էին 2021 թվականին և օգտագործվել էին որպես քողարկում ռուսական զորքերի Բելառուս մտնելու համար, որտեղից էլ նրանք 2022-ի փետրվարին ներխուժեցին Ուկրաինա: Այն ժամանակ զորախաղերին մասնակցում էր շուրջ 200 հազար զինծառայող: