Ռուսական զորքերը զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի Սումիի մարզում, զոհվել է երեք, վիրավորվել՝ հինգ մարդ:
Առավոտյան ժամը 6-ի սահմաններում ռուս զինծառայողները երկու անօդաչու թռչող սարքով հարված են հասցրել Սումի քաղաքի արդյունաբերական գոտում, զոհվել է ձեռնարկության 65-ամյա պահակը:
Կես ժամ անց ռուսները երեք հրթիռ են արձակել Սումիի շրջանի Բիտիցկի համայնքի բնակելի հատվածի վրա: Զոհվել է երկու տղամարդ, ևս առնվազն հինգ մարդ վիրավորվել է, վնասվել կամ ավերվել է 10 տուն հաղորդում է Սումիի մարզի դատախազությունը:
Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ այս գիշեր ռուսական զորքերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են 40 անօդաչու թռչող սարք, առավոտյան ժամը 9-ի դրությամբ խոցված էր դրանից 33-ը:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, իր հերիթն, հաղորդում է երկրի 13 տարածաշրջաններում ուկրաինական 221 անօդաչու թռչող սարք խոցելու մասին:
Լենինգրադի մարզում, ըստ գերատեսչության, հակաօդային պաշտպանությունը խոցել է 28 անօդաչու:
Ըստ Լենինգրադի մարզի նահանգապետի՝ Պրիմորսկ նավահանգստում, որը խոշորագույն նավթալցման նավահանգիստն է Բալթիկ ծովում, հրդեհվել է նավ, աշխատել է հրդեհաշիջման համակարգը: Ավելի ուշ նահանգապետը գրել է, որ նավի վրա բաց այրումը վերացված է, նավի խորտակվելու և նավթամթերքների ծովը լցվելու վտանգ չկա: Նավահանգստում նաև պոմպակայան է հրկիզվել: Տուժածներ չկան:
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանում ուկրաինական անօդաչուների գրոհների հետևանքով 48 ավիաչվերթ է հետաձգվել, 23-ը չեղարկվել է, 12 օդանավ պահեստային օդանավակայան է ուղարկվել: