Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը Բաքվում դատական նիստի ժամանակ «միջնորդել է հարցաքննել» վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Միջազգային անկախ լրատվամիջոցների ու իրավապաշտպանների բացակայությամբ ընթացող դատերի մասին տեղեկություններ է հաղորդում ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը: Ըստ այս աղբյուրի՝ Վարդանյանը ներկայացրել է նաև այլ միջնորդություն։ Նա նշել է, որ զինվորական չէ և համաձայն չէ իր գործը Բաքվի ռազմական դատարանում քննելու որոշման հետ։
Հաղորդվում է, որ նախկին պետնախարարը նաև միջնորդել է դատարանում հարցաքննել Արցախում ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարներին՝ ասելով, որ համաձայն չէ սահմանը հատելու ապօրինի մեղադրանքի հետ:
Միջնորդությունները կամ չեն քննարկվել, կամ մերժվել են:
Ադրբեջանական բանտերում դեռ 23 հայ է պահվում։ Գերեվարվածների շարքում են արցախցի 8 պաշտոնյաները, որոնց Բաքուն ծանր մեղադրանքներ է առաջադրել՝ ահաբեկչությունից մինչև ապօրինի զինված խմբավորումների կազմավորում։
Ռուբեն Վարդանյանի դատաքննությունը Արցախի նախկին նախագահների ու մյուս պաշտոնյաների դատավարությունից առանձին է ընթանում Բաքվի ռազմական դատարանում:
Վարդանյանը մեղադրվում է չորս տասնյակից ավելի հոդվածներով՝ ահաբեկչությունից, պատերազմ կազմակերպելուց մինչև զանգվածային սպանություններ։ Նախկին պաշտոնյային մինչև ցմահ ազատազրկում է սպառնում Բաքվում։