Եվրոպական հանձնաժողովը հաստատեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթը: Հանձնաժողովի խոսնակ Պաուլա Պինյոյի խոսքով՝ նոր սահմանափակումները կազդեն կրիպտոարժույթների, բանկային և էներգետիկայի ոլորտների վրա։
Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացնելով մանրամասները նշել է, որ պատժամիջոցների ցանկում ներառել են 118 «ստվերային նավատորմի» նավ՝ «սև ցուցակում» հայտնված ռուսաստանյան նավերի ընդհանուր թիվը հասցնելով 560-ի։
Նոր պատժամիջոցների փաթեթի առանցքային դրույթներից մեկը ռուսական հեղուկ բնական գազին է վերաբերում. դաշինքը մտադիր է դրա ներմուծումից ամբողջովին հրաժարվել մինչև 2027 թվականի սկիզբը: Մինչ այդ էլ Եվրամիությունը շարունակում է թիրախավորել ռուսաստանյան էներգետիկ հսկաներին՝ «Ռոսնեֆտ»-ին և «Գազպրոմ Նեֆտ»-ին: Սահմանափակումները վերաբերում են նաև երրորդ երկրներում, այդ թվում՝ Չինաստանում գտնվող նավթավերամշակման գործարաններին և դրանց կից կազմակերպություններին։
Եվրոպական հանձնաժողովը սահմանափակումներ է կիրառում նաև ռուսաստանյան մի շարք բանկերի, ինչպես նաև երրորդ երկրներում գտնվող ֆինանսական հաստատությունների նկատմամբ՝ պատժամիջոցների ռեժիմի շրջանցումը կանխելու համար։
«Մեր տնտեսական վերլուծությունը հստակ է. ներդրված միջոցառումները լուրջ ազդեցություն են ունենում Ռուսաստանի տնտեսության վրա։ Հիմնական տոկոսադրույքը կազմում է 17 տոկոս, գնաճը շարունակում է բարձր մնալ , իսկ երկրի ֆինանսավորման և եկամուտների հասանելիությունը կայուն կերպով նվազում է», - ընդգծել է ֆոն դեր Լայենը։