Մատչելիության հղումներ

«Դարձյալ կան անհասկանալի պահեր». Իրանի դեսպանը՝ «Թրամփի ուղու» մասին


Հայաստանից հեռացող Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հրաժեշտի ասուլիսում, խոսելով «Թրափի ուղու» մասին, շեշտեց՝ Թեհրանի համար դեռ կան անհասկանալի պահեր, ապա պարզաբանեց՝ ապա պարզաբանեց՝ խոսքն այն մասին է, թե ինչ լիազորություններ է ունենալու ստեղծվելիք հայ -ամերիկյան ընկերությունը:

«Անհասկանալի են ճանապարհի օպերատորի կողմից իրագործվող գործողությունները, մանրամասները հստակ չեն, խոսքը այն քննարկումներ մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավելու է ներդրումներ, այս մասին որևէ մանրամասն հստակ չէ», - նշեց Սոբհանին:

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման պայմանավորվածությունների մասին, Մեհդի Սոբհանին հիշեցրեց այն 5 սկզբունքները, որոնք ամրագրվել են համատեղ հայտարարության մեջ: Դեսպանը մանրամասնեց՝ այդ սկզբունքներն են ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը և փոխադարձությունը»:

Մեհդի Սոբհանին հատուկ շեշտադրեց փոխադարձության սկզբունքը, մանրամասնելով, որ եթե, օրինակ, Նախիջևանը Հայաստանի տարածքով կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը Երասխի և Ջուլֆայի միջով պետք է կարողանա կապ հաստատել Իրանի հետ:

«Եթե Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի տարածքով կարողանան հասնել Ադրբեջան, այդ նույն իրողությունը պետք է նաև Հայաստանի քաղաքացիների համար լինի, որ Հայաստանի քաղաքացին կարողանա Նախիջևանի միջոցով նաև Իրան գնա: Բնականաբար, եթե բոլոր երկրները կարողանան օգտվել այդ տրանսպորտային հնարավորություններից, դա կբխի բոլորի շահերից: Եթե դա բխի բոլորի շահերից, ոչ ոք դրան դեմ չի լինի», - ասաց նա:

Անդրադառնալով հնարավոր ռիսկերին, իրանցի դիվանագետն ընդգծեց՝ «ռիսկը կլինի այն դեպքում, որ այդ նախագծի մի մասը իրագործվի, իսկ մյուս մասը՝ ոչ»:

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ միջև օգոստոսի 8 -ին ստորագրված հռչակագրում ամրագրվել է, որ Հայաստանն իր տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն է տրամադրում Ադրբեջանին՝ Նախիջևանին միանալու համար, իսկ Հայաստանը ստանում է՝ միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններ:

«Քանի որ ծրագրի անունը «Խաղաղության խաչմերուկ» է, եթե ճանապարհի մի հատվածը օգտագործվի, իսկ մյուս մասը՝ ոչ, ռիսկերը այդ դեպքում կլինեն: Բոլորը պետք է կարողանան այդ խաչմերուկից օգտվել և այդ ճանապարհներով իրենց երթևեկությունն ապահովված լինի», - հայտարարեց Սոբհանին:

Հեռացող դիվանագետն այսօր խոսեց նաև Հայաստանի և Իրանի միջև պաշտպանական ոլորտում զարգացող հարաբերությունների մասին: Արձանագրեց՝ 17 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ Հայաստան ժամանեց Իրանի պաշտպանության նախարարը: Մեհդի Սոբհանին շեշտեց, թե Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում որևէ այլ երկրի դեմ չէ. «Այն Հայաստանի պաշտպանական հնարավորությունները ամրապնդելու համար է»:

Իրանի դեսպանը հրաժեշտ տվեց Հայաստանին՝ բանաստեղծությամբ

Ի դեպ, հրաժեշտ տալով Հայաստանին, Իրանի դեսպանը նշեց, որ հեռանում է լավագույն հիշողություններով, ապա խոսքն ավարտեց 14 -րդ դարի իրանց բանաստեղծ Հաֆեզ Շիրազիի խոսքերով. «Ով զեփյուռ, եթե անցնես Արաքս գետի ափով, համբուրիր նրա հողը և թարմացրու քո շունչը»:




XS
SM
MD
LG