Միացյալ Նահանգներից ժամանած պատվիրակության կամ խմբի հետ միասին պետք է համաձայնեցնենք անցուղու տեխնիկական մանրամասները, լեհական TVP World հեռուստաալիքի հետ զրույցում ասել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք արդեն սկսել ենք քննարկումներ մեր ամերիկյան գործընկերների հետ։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին կարող ենք ավարտին հասցնել այս գործընթացը, և դրանից հետո պետք է մեկնարկի շինարարությունը», - խոսելով վաշինգտոնյան պայմանավորվածությունների կյանքի կոչման մասին։
Միրզոյանն ասել է, որ ըստ մասնագետների՝ երկաթուղային կապի կառուցումը կարող է տևել առնվազն երկու տարի, բայց հայկական կողմը խիստ շահագրգռված է հնարավորինս շուտ կառուցելու, բացելու և վերագործարկելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կապերը, որովհետև հիմնական շահառուներից մեկն է։
«Մենք նույնպես կարող ենք, օրինակ, ուղարկել կամ ստանալ ապրանքներ՝ օգտագործելով Ադրբեջանի Հանրապետության ենթակառուցվածքներն ու տարածքը», - ասել է նա:
Մանրամասնելով «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը՝ արտգործնախարարը շեշտել է, որ սրա շրջանակներում Հայաստանը և Միացյալ Նահանգները պատրաստվում են ստեղծել կոնսորցիում՝ ընկերություն, որը կլինի երկաթուղային անցուղու շինարարն ու հիմնական օպերատորը։ Այս կոնսորցիումն իր հերթին կարող է ներգրավել երրորդ ընկերության կամ ընկերությունների՝ այս կամ այն աշխատանքը կատարելու կամ ամբողջ անցուղու համար այս կամ այն ծառայությունը մատուցելու համար։ Բացի այդ, կոնսորցիումը կարող է իրականացնել, կառուցել և այնուհետև շահագործել նաև խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր և այլն։
«Այսպիսով, բոլոր պայմանավորվածությունները փոխադարձ են լինելու։ Օրինակ՝ մենք նույնպես պատրաստվում ենք օգտագործել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը՝ Հայաստանի հյուսիսն ու հարավը երկաթուղով իրար կապելու համար», - նշել է Միրզոյանը։