Ադրբեջանցիները մեկ անգամ կրակել են, տեսել են՝ էքսկավատորը գործը չի դադարեցնում, սկսել են կրակել մեքենայի թրթուրների ուղղությամբ, երեկ Սյունիքում Սև լճի տակ տեղի ունեցած միջադեպը այսպես են նկարագրում Վերիշեն, Ակներ գյուղերի բնակիչները։
Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ Վերիշեն բնակավայրից 4.5 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում միջդիրքային ճանապարհների կառուցման աշխատանքներ իրականացնող էքսկավատորի ուղղությամբ է կրակ բացել ադրբեջանական զինուժը։ Տուժածներ չկան։
«Ճանապարհ ենք սարքում, իրենց դիրքը բացվում է մի քիչ, դրա տակով նոր ճանապարհ կառուցելուց կրակել են ցեպերի վրա», - պատմեց Ակներ համայնքի վարչական ղեկավար Սպարտակ Մինասյանը:
Նա նաև տեղեկացրեց՝ գյուղի նախկին արոտավայրերի տարածքում է միջադեպը եղել:
«Ո՛չ կրակոցներ, ո՛չ էլ դրանց ձայները Ակներ, Վերիշեն չեն հասել», - հաստատեց Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանը, - «Ոչ մի խնդիր չկա, գյուղում նորմալ է, կրակոց բան չի եղել, ընդամենը այդ դեպքն է եղել»:
Պաշտպանության նախարարությունը Բաքվին կոչ է անում հետաքննել կրակոցի փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Երկուսն էլ առայժմ տեղի չեն ունեցել։
Ադրբեջանի զինուժը Հայաստանի սահմանը հատեց ու հաստատվեց Սև լճի տարածքում 2021-ի մայիսին։ Այդ օպերացիան Բաքուն կազմակերպել էր ինչ-որ քարտեզների ցուցադրությամբ, որոնցում Սև լիճն իրենցն է, այնինչ խորհրդային ռազմական ու վարչական բոլոր քարտեզներով Սև լճի միայն 20 տոկոսն էր Ադրբեջանին պատկանում։
Ավելի քան 4 տարի հայկական տարածքներում հաստատված ադրբեջանցիները հեռանալու նշաններ ցույց չեն տալիս, իսկ Ակներ, Վերիշենում զրկվել են իրենց արոտավայրերից։ Վերիշենցի Արարատ Օրդյանը ճշտում է՝ ոչ միայն իրենք, Սյունիքի բազմաթիվ անասնապահներ էին պայմանագրով Սև լճի արոտավայրեր բերում իրենց անասունները։
Տասնամյակներով անասնապահությամբ ապրող այս գյուղերում հիմա միայն մի ելք է մնացել՝ վաճառում են իրենց անասունները:
Մինչև ադրբեջանական ներխուժումը Սև լճին մոտենալու ճանապարհ թե՛ Վերիշենն ուներ, թե՛ Ակները։ Ակներից ջրին մոտենալու համար, ըստ Օրդյանի, պիտի ադրբեջանցիների քթի տակով անցնես։ Ակների համայնքապետն ասում է՝ նախկինում հայ զինծառայողներն անվտանգության նկատառումներով թույլ չէին տալիս օգտվել ճանապարհից։ Հիմա արգելք չկա, բայց անվտանգության խնդիրը մնում է։
2022-ի սեպտեմբերին երկու գյուղերը ադրբեջանական արկերի տակ էին։ Սև լճի, Իշխանասարի բարձունք ներխուժած ադրբեջանցիները մեզ մեր հողերից են թիրախավորում, զայրանում էին այդ օրերին ապաստարան փնտրողները։ Վերջին տարիներին Ակներ, Վերիշենում միջադեպեր չկային մինչև երեկ։ Փաստորեն, ադրբեջանցիներին դուր չի եկել այն, որ հայկական զինուժը հայկական տարածքում ճամփա է հարթում։
Ադրբեջանցիները պիտի հետ քաշվեն՝ չորս տարի առաջ ադրբեջանական ներխուժմանը հաջորդող ժամերին իշխանությունը խոսում էր Բաքվի հետ բանակցությունների մասին։ Այսօր բանակցությունները խաղաղության պայմանագրի ու սահմանազատման մասին են։ Սահմանի գծման գործը եթե Սյունիք հասնի, Սև լճի բարձունքում՝ Հայաստանի տարածքում դիրքավորված ադրբեջանցիները կհեռանա՞ն, վերիշենցի Օրդյանն այս հարցին ի պատասխան մի հարց ունի՝ «եղե՞լ է նախադեպ»: