Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության գծով խորհրդական Աջիթ Դովալի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից:
Նրանք քննարկել են Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես ընդգծվել է տնտեսական համագործակցության խորացման ընթացքը և անվտանգության ոլորտի ընթացիկ համագործակցությունը:
Երևանն ու Դելին բաց հայտարարում են, որ 20 թվականի պատերազմից հետո համագործակցում են պաշտպանական ոլորտում։
The Times of India պարբերականը, վկայակոչելով իր աղբյուրները, հոկտեմբերի վերջին հաղորդեց, որ Հայաստանը, ԱՄՆ-ը և Ֆրանսիան 2023-2024 ֆինանսական տարում դարձել են հնդկական պաշտպանական արտադրանքի խոշորագույն ներկրողները։
Այսօրվա հանդիպման ընթացքում Գրիգորյանն ու Դովալն անդրադարձել են նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում Աջիթ Դովալը ներկայացրել է տեղեկատվություն կապված վերջին օրերին Հնդկաստան-Պակիստան սահմանին տեղի ունեցած իրադարձությունների հնարավոր զարգացումների վերաբերյալ, իսկ ՀՀ ԱԽ քարտուղարը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը:
Երկու ամիս է՝ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է, Երևանը պատրաստ է շուտափույթ ստորագրել, իսկ Բաքուն պնդում է նախապայմանները՝ լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխել Սահմանադրությունը: