Ալավերդու ավագանին այսօր կողմ քվեարկեց քաղաքի յոթ մանկապարտեզներից երկուսը լուծարելու մասին որոշմանը: Ավագանու իշխանական անդամները միաձայն հավանություն տվեցին նախագծին՝ չնայած լուծարվող Թիվ 6 մանկապարտեզի տնօրեն Անահիտ Հախվերդյանը հենց ավագանու նիստին դեմ արտահայտվեց, բարձրաձայնեց մտահոգությունները:
Համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանն ու ավագանու անդամները հակադարձեցին՝ լուծարելու արդյունքում հաստիքներ կկրճատվեն ու ֆինանսական միջոցներ կխնայվեն: Համայնքապետն ասաց՝ գործընթացը շարունակական է լինելու, հնարավոր է նաև առաջիկայում այլ մանկապարտեզներ լուծարվեն: Նիստին ներկա տնօրեն Անահիտ Հախվերդյանն այդպես էլ չստացավ իրեն հուզող հարցի պատասխանը՝ ի՞նչ ճակատագիր կունենա ինքը որպես 25 տարվա տնօրեն:
Լուծարվող Թիվ 6 մանկապարտեզն արդեն մեկուկես տարի վերակառուցվում է: Շուտով շինարարությունը կավարտվի: Այդ ամբողջ ընթացքում մանկապարտեզի 18 աշխատակիցները հարկադիր պարապուրդում են եղել ու սրտատրոփ սպասել նորակառույցի բացմանը: Մինչդեռ, երբ գունավոր այս շենքը գրեթե պատրաստ է, ավագանին աշխատակազմին, հատկապես տնօրենին անհանգստացրել է: Եթե համայնքապետը աշխատակցիներին հուսադրում է, թե լուծարումից հետո կրկին նրանց աշխատանքի կընդունի, տնօրենն այդպիսի հավաստիացում չի ստանում: 25 տարվա տնօրենի պաշտոնն զբաղեցրած Հախվերդյանը կարմիր ժապավենի փոխարեն դատարան դիմելու համար փաստաթղթեր է պատրաստում ու օրենքներ ուսումնասիրում: Համոզված է, որ մանկապարտեզի լուծարումը միտումնավոր քայլ է՝ իրեն պաշտոնից հեռացնելու համար:
Ալավերդի համայնքի ղեկավարի տեղակալ Հարություն Ձավարյանը հերքում է՝ տնօրենի դեմ ոչինչ չունեն, մանկապարտեզներն էլ «լուծարում են, որ միավորեն»:
Ալավերդու Թիվ 6 մանկապարտեզը վերակառուցվում է պետության, համայնքի ու ՄԱԿ-ի միջոցներով: Տնօրենը պնդում է, որ հենց իր ջանքերով է հաջողվել ապահովել ֆինանսավորումը մանկապարտեզի վերակառուցման համար: Անգամ միջազգային մրցույթի է մասնակցել ու պարգևների արժանացել, մինչդեռ շնորհակալության փոխարեն, փորձում են ազատվել իրենից, պնդում է նա:
Սանահին գյուղի մանկապարտեզի լուծարման հարցը ևս ներառված էր ավագանու այսօրվա նիստի օրակարգում: Հենց այս մանկապարտեզն են մտադիր վերամիավորել նորակառույցի հետ: Այստեղ 28 երեխա ու 12 աշխատակից կա: Տեղի իշխանություններն ասում են՝ շենքն անմխիթար վիճակում է, միևնույն ժամանակ, Սանահինում նոր կառուցվող դպրոցին կից պետական միջոցներով մանկապարտեզ է կառուցվում:
Մինչդեռ, եթե վատ շենքային պայմաններ ունեցող մանկապարտեզում հրաժարվում են խոսել, ավագանու որոշումը չեն մեկնաբանում, ապա Անահիտ Հախվերդյանը շրջում է գունագեղ նորակառույցի ներսում և պնդում, որ համայնքապետարանի որոշումը խախտումներով է կայացվել և պատրաստվում է իր իրավունքները պաշտպանելու համար դիմել դատարան: