Միացյալ Նահանգների նախագահը հերքել է լրատվամիջոցների հրապարակումները, թե Ռուսաստանի նախագահի առաջ պայման է դրել, թե առաջիկայում նախատեսված իրենց հանդիպումը տեղի կունենա միայն այն դեպքում, երբ դրանից առաջ Վլադիմիր Պուտինը հանդիպի Ուկրաինայի նախագահի հետ:
Դոնալդ Թրամփն ավելի վաղ սպառնացել էր նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե տասնօրյա ժամկետում չհամաձայնի հրադադարին: Վերջնաժամկետը լրանում է այսօր: Լրագրողները Թրամփից հետաքրքրվել են՝ արդյոք ուժի մե՞ջ է վերջնաժամկետը, ինչին ԱՄՆ նախագահը ուղիղ չի պատասխանել:
«Դա Պուտինից է կախված, տեսնենք, թե ինչ կասի նա, բայց դա նրանից է կախված, շատ հիասթափված եմ», - արձագանքել է Թրամփը։
Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Վաշինգտոնը Մոսկվային ուկրաինական խնդրի կարգավորման վերաբերյալ առաջարկ է արել, որն ընդունելի է Մոսկվայի համար: Թե ինչի մասին է խոսքը, ո՛չ Մոսկվան, ո՛չ Վաշինգտոնը չեն մանրամասնում:
Մինչդեռ լեհական Оnet կայքը, որը սերտ կապեր ունի երկրի արտգործնախարարության հետ, գրում է, թե ԱՄՆ-ն Ռուսաստանին առաջարկել է խաղաղության դիմաց 49 կամ 99 տարով պահպանել վերահսկողությունը արդեն գրաված տարածքների նկատմամբ, մինչև կլուծվի դրանց հարցը: Ընդ որում, ԱՄՆ-ն դրա դիմաց կվերացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեծ մասը:
New York Times-ն էլ գրում է, որ Պուտինի պահանջները վերաբերում են ոչ այնքան տարածքներին, որքան նրան, որ Ուկրաինան պետք է հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամակցությունից, սահմանափակի իր ռազմական կարողությունների զարգացումը և վերադառնա Ռուսաստանի ազդեցության գոտի:
Ու մինչ Մոսկվան և Վաշինգտոնը նախապատրաստում են երկու առաջնորդների հանդիպումը, Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ ինքը ևս պետք է մասնակցի բանակցություններին:
«Բոլորը հաստատ գիտեն, որ Ռուսաստանում բոլոր կարևոր որոշումները կայացնում է մեկ մարդ։ Եվ այդ մարդը վախենում է ԱՄՆ պատժամիջոցներից։ Եվ արդար կլինի, որ Ուկրաինան մասնակցի բանակցություններին», - ասել է Ուկրաինայի առաջնորդը։
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի գործադիր տնօրեն, Պուտինի մերձավոր Կիրիլ Դմիտրիևն իր հերթին ասել է, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կարող է դառնալ պատմական կարևոր իրադարձություն, որը Ռուսաստանին հնարավորություն կտա իր դիրքորոշումը հստակ փոխանցել նախագահ Թրամփին։ Նա նաև հույս է հայտնել, որ այս երկխոսությունը կշարունակվի նաև տնտեսական ուղղությամբ. «Մենք տեսնում ենք, որ համատեղ ներդրումները կարող են փոխադարձաբար օգտակար լինել և՛ Ռուսաստանի, և՛ ԱՄՆ-ի համար: Կարող ենք նաև համատեղ ներդրումներ անել տեխնոլոգիական և շատ այլ ընկերություններում»:
Ուկրաինացիները, սակայն, մեծ ակնկալիքներ չունեն Թրամփ-Պուտին հանդիպումից: Խերսոնի բնակիչ Օկսանա Նոզդրաչովան ասում է, թե անհեթեթ է խոսել հրադադարի մասին, երբ ռուսական զորքն անդադար ռմբակոծում է ուկրաինական բնակավայրերը։
«Ինձ թվում է՝ Պուտինին վստահելը նշանակում է չհարգել ինքդ քեզ ... Ես ապրում եմ Խերսոնում, այնտեղ եմ ապրել ամբողջ ռուսական օկուպացիայի ընթացքում։ Տեսել եմ, թե ինչպես են նրանք պահում իրենց խոսքը», - նշել է նա։
Դերասան Միխայիլո Կրիշտալը ևս դրական ակնկալիքներ չունի հանդիպումից և մեջբերում է Բիսմարկին, թե Ռուսաստանի հետ ցանկացած համաձայնագիր չունի նույնիսկ այն թղթի արժեքը, որի վրա գրված է. «Ինչո՞ւ պետք է Պուտինն ավարտի այս պատերազմը։ Նրա ձեռքի տակ կան շատ մարդիկ, որոնք պատրաստ են մեռնել իր կամ Ռուսաստանում ստեղծված որոշ անցողիկ գաղափարների համար։ Սրանք բոլորը ինչ-որ խաղեր են»։
Իսկ ռազմական դրությունը մնում է լարված: Ռուսական զինուժը անօդաչուներով հարվածել է Կիևի մարզին, կա երեք տուժած, հարվածել են նաև Օդեսային, Խարկովին: Սումիում ևս կա տուժած:
Ուկրաինական զինուժը ևս հարվածել է Ռուսաստանին, այդ թվում՝ Ռոստովի, Սարատովի, Բրյանսի, Բելգորոդի և Վոլգոգրադի մարզերին: