Մատչելիության հղումներ

Անկարան դարձյալ «Զանգեզուրի միջանցքից» է խոսում, Երևանը պարզաբանում է՝ ինչ է պատրաստ արտապատվիրակել Սյունիքում


Հայաստան - Ավտոճանապարհ Սյունիքի մարզում, արխիվ
Հայաստան - Ավտոճանապարհ Սյունիքի մարզում, արխիվ

Հայաստանի տարածքային ամբողջականությունը չի կարող արտապատվիրակվել, բայց կապուղիները կարող են, տարածաշրջանային ապաշրջափակման շուրջ բազմաթիվ բաց հարցերի պայմաններում վարչապետի մամուլի խոսնակն այսօր նախընտրել է հենց սա հստակեցնել:

Ֆեյսբուքում արված գրառմամբ Նազելի Բաղդասարյանը նշել է. - «Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, իրավազորությունը, իհարկե, չի կարող արտապատվիրակվել։ Երկաթուղու, խողովակաշարի, էլեկտրահաղորդման գծերի բիզնես–կառավարումը կարող է»։

Ապաշրջափակման հարցը, թեև մեկ տարի է՝ տարաձայնությունների պատճառով Երևանն ու Բաքուն հանել են խաղաղության պայմանագրից, բայց փորձերը՝ հասնել որևէ լուծման, շարունակվում են: Ավելի քան մեկ ամիս առաջ հայտնի դարձավ, որ ամերիկյան կողմն է Երևանին ու Բաքվին առաջարկներ արել, շատ չանցած Թուրքիայում Միացյալ Նահանգների դեսպանը հայտարարեց, թե Վաշինգտոնն առաջարկում է 100 տարով վարձակալել Սյունիքով անցնող ճանապարհը: Վարչապետի աշխատակազմից պնդեցին՝ ԱՄՆ դեսպանի նշած տարբերակը հնարավոր չէ: Բայց ընդամենը երկու օր անց վարչապետը մամուլի ասուլիսում հաստատեց՝ ապաշրջափակման հիմնական քննարկվող տարբերակն ամերիկյանն է:

«Հիմա, որ էդ թեմայով է ակտիվ, ինտենսիվ քննարկումներ, այո, էդ թեմայով ակտիվ, ինտենսիվ քննարկումներ են», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի ասուլիսին հաջորդեցին նրա թիմակիցների հայտարարությունները: Նախ ՔՊ-ական Արման Եղոյանը հայտնեց, թե Հայաստանը ընդունելի չի համարել ճանապարհը վարձակալելու Միացյալ Նահանգների գաղափարը, որովհետև նկատել են ինքնիշխանության զիջման վտանգ, հետո արդեն ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը պարզաբանեց, թե Հայաստանը ոչ թե չի ընդունել, այլ չի էլ քննարկել որևէ առաջարկ, որ իր օրենսդրությամբ նախատեսված չէ:

Նազելի Բաղդասարյանն այսօր կարծիք է հայտնել, թե լրատվամիջոցներն են այս հայտարարություններում հակասություններ տեսնում, փորձել է վերացնել այդ շփոթը, բայց ոչ թե քննարկվող տարբերակից է մանրամասներ հայտնել, այլ կրկին ընդգծել է՝ ցանկացած քննարկման դեպքում սկզբունքները պահպանվելու են: «Խաղաղության խաչմերուկ» ծրագրով դրանք չորսն են, Բաղդասարյանը երեքի մասին է հիշեցրել՝ այս անգամ չհիշատակելով փոխադարձության սկզբունքը. - «Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ Հայաստանը երբեք չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու սեփական տարածքով անցնող տրանսպորտային կապուղիների այնպիսի տարբերակներ, որոնք անհամատեղելի են Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ»։

Եվ հենց այդ սկզբունքների շուրջ էլ, ըստ Բաղդասարյանի, Հայաստանը ոչ միայն քննարկում է տարածաշրջանի տրանսպորտային կապուղիների շահագործման տարբեր բանաձևեր, այլև շահագրգիռ է դրանցից որևէ մեկի շուրջ հասնել համաձայնության: Վարչապետի խոսնակը նաև բացատրում է՝ հայ պաշտոնյաները, երբ պնդում են, թե որևէ տարբերակ չի քննարկվել, նշանակում է՝ այն անհամատեղելի է երկրի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության հետ. - «Այն ներկայացուցիչները, ովքեր խոսում են քննարկումների մասին, նկատի են առնում Հայաստանի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության շրջանակում գտնվող բանաձևեր, կառուցապատման իրավունքներ և այլն»:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի գնահատմամբ՝ ապաշրջափակման շուրջ անորոշությունն ու շփոթը առաջացել է իշխանական տարբեր պաշտոնյաների իրարամերժ հայտարարություններից: Նրա խոսքով՝ խնդիրն այն է, որ ճանապարհի վարձակալության մերժումը ՔՊ-ականները տարբեր կերպ են մեկնաբանել:

«Ասածը մեծ հաշվով նույնն է, որ մենք տարածքի վարձակալության տարբերակ կա՛մ չենք քննարկել, կա՛մ քննարկել ենք ու մերժել: Այսինքն, մեծ հաշվով մեսիջը այն է, որ ինչ վերաբերում է տարածքի վարձակալությանը, մենք դեմ ենք դրան», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գրիգորյանը:

Վարձակալության տարբերակից բացի՝ Միացյալ Նահանգներից Հայաստանը ստացե՞լ է այլ առաջարկ: Մոտ երեք օր առաջ «Ազատություն»-ը հարցը գրավոր ուղարկել էր վարչապետի աշխատակազմ, այսօր արձագանքել են՝ նշելով, թե Փաշինյանն այդ մասին խոսել է իր վերջին ասուլիսում: Այդ օրը Կառավարության ղեկավարն ասել էր, թե քննարկում են ընկերության ստեղծում, ենթադրաբար նկատի ուներ ամերիկյան կողմի հետ, որը ներդրումներ կներգրավի ենթակառուցվածքների ստեղծման համար:

Տիգրան Գրիգորյանի տպավորությամբ՝ հստակ առաջարկներ, որոնք կներառեն ապաշրջափակման վերաբերյալ բոլոր դետալները, չկան:

«Հաշվի առնելով Թրամփի արտաքին քաղաքականության ոճը ու հաշվի առնելով այն պաշտոնյան, ով զբաղվում է այս հարցով, այսինքն՝ Ամերիկայի նախագահի հատուկ ներկայացուցիչը Սթիվ Ուիթքոֆը, ով սրանից բացի մի քանի այլ հակամարտություններով զբաղվում է և ներգրավված է, ես չեմ բացառում, որ որևէ կոնկրետ առաջարկ այս պահին չի եղել: Հայաստանում, իհարկե, բավականին լուրջ ոգևորություն կա այս թեմայով, բայց ես չեմ բացառում մի իրավիճակ, որ այս քննարկումները մի քանի ամիս հետո կարող են մարել», - ասաց քաղաքագետը:

Գրիգորյանի խոսքով՝ Երևանն ու Բաքուն գլխավոր հարցերի շուրջ շարունակում են տրամագծորեն տարբեր դիրքորոշումներ ունենալ: Ադրբեջանի նախագահն ընդամենը տասն օր առաջ կրկին պնդել էր՝ ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն, Երևանից հակադարձել էին՝ Հայաստանի տարածքը հատելիս համապատասխան ծառայություններին չհանդիպելու որևէ տարբերակ չկա։

Քաղաքագետն ամեն դեպքում չի բացառում, որ անվտանգության ապահովման գործառույթը Երևանը համաձայնի արտապատվիրակել:

«Օրինակ, նույն սահմանային ու մաքսային վերահսկողության առումով կողմերի դիրքորոշումների միջև լուրջ հակասություններ գոյություն ունեն: Այսինքն՝ եթե համեմատենք Հայաստանի իշխանությունների և Ադրբեջանի իշխանությունների հայտարարությունները այս հարցով, կարծես թե որևէ ընդհանուր կետեր այդ հարցում այս պահին չկան», - ընդգծեց Գրիգորյանը:

Եվ մինչ Երևանը ամերիկյան կողմի հետ տարբերակներ է քննարկում, այսօր թեմային անդրադարձել է Բաքվում Թուրքիայի դեսպանը: Բիրոլ Ակգյունը պնդել է՝ թյուրքական աշխարհին անհրաժեշտ է միջանցք ուղիղ հաղորդակցության համար, և այդ միջանցքը Զանգեզուրն է, ապա շեշտել է. - «Ադրբեջանը՝ որպես հաղթող կողմ, իրավացիորեն է հայտարարում Զանգեզուրի միջանցքի բացման անհրաժեշտության մասին, ինչպես նախատեսված է նաև 2020-ի համաձայնագրով»:

Դեսպանի կարծիքով՝ Բաքվի պահանջած միջանցքը հավանական է, որ շուտով բացվի, նա նաև նշել է՝ եթե հայ - ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը ստորագրվի կամ նախաստորագրվի, և կատարվեն «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ պայմանները, ապա կարող է բացվել նաև հայ - թուրքական սահմանը:

«Ազատություն»-ը վարչապետի աշխատակազմ օրեր առաջ ուղարկված հարցմամբ նաև հետաքրքրվել էր՝ Հայաստանի համար ընդունելի՞ է, որ ապաշրջափակումը տեղի ունենա փուլերով, թե՞ բոլոր ճանապարհները պետք է միաժամանակ բացվեն, հարցին հերթական անգամ պատասխան չի տվել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG