Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենի որդին մեկ տարի առաջ Երևանի կենտրոնում՝ 600 հազար դոլարով բնակարան է գնել: «Հետք»-ը պարզել է, որ այդ բնակարանը գրանցված է եղել գործարար Տիգրան Մանուկյանի անունով, ում գույքը Գլխավոր դատախազությունը ապօրինի է համարում ու պահանջում է, որ Հակակոռուպցիոն դատարանը բռնագանձի:
«Իմ մոտ ավելի շատ տպավորություն է, որ տեղի ունեցած գործարքը պատահականության արդյունք չէ», - ասաց «Հետք»-ի լրագրող Տիրայր Մուրադյանը:
Տիգրան Մանուկյանը իրավապահների թիրախում է հայտնվել Գագիկ Ծառուկյանի բիզնեսների հետ կապված լինելու պատճառով: Նախկիններից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն էլ է անցնում ապօրինի գույքի բռնագանձման գործով: Դեռ 2023-ին Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է նախկին պատգամավորի ունեցվածքի օրինականությունն ու դիմել է Հակակոռուպցիոն դատարան: Պահանջում է Ծառուկյանից ու նրան փոխկապակցված անձանցից պետությանը վերադարձնել միլիարդներ, բաժնետոմսեր, ավտոմեքենաներ, տներ և բնակարաններ: Հակակոռուպցիոն դատարանը դեռ քննում է այս հայցը: Դատախազությունը պահանջում է գույք բռնագանձել նաև Ծառուկյանի բիզնեսներում ներգրավված Տիգրան Մանուկյանից:
«Հիմա մենք էս մեր պատմությունով ներկայացնում ենք, որ էնպես չի, որ էդ թալանն արդար է բաշխվում կամ վերադարձվում, այսինքն, այդ գույքերը, որոնք ենթադրվում է, որ ապօրինի ծագում ունեն, թափանցիկ ձևով չեն ցուցակագրվում ու վերադարձվում, եթե ապօրինի են, Հայաստանի Հանրապետությանը», - նշեց Լրագրողը:
Գործարարից պահանջում են պետությանը վերադարձնել 21 ավտոմեքենա, ավտոկայանատեղիներ, 13 բնակարան, որոնք Գագիկ Ծառուկյանի կառուցած շենքերում են, երկուսը՝ Աբովյան փողոցի նորակառույցում: հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը պարզել է՝ Մանուկյանից պահանջվող գույքի ցանկում չկա հենց այն մեկը, որը հետագայում դարձել է Արմեն Աբազյանի 31-ամյա որդու սեփականությունը:
«Ի՞նչ բավարար ապացույցներ է ձեռք բերել դատախազությունն ուսումնասիրելու ժամանակ, որ նույն շենքում երկու այլ բնակարանի իրական շահառուն Գագիկ Ծառուկյանն է, երրորդ բնակարանինը Գագիկ Ծառուկյանը չի», - նշեց Մուրադյանը:
Ըստ լրագրողի՝ բռնագանձման հայցը դատարան ներկայացնելուց օրեր անց՝ գույքի ցանկից դուրս մնացած այդ բնակարանը Տիգրան Մանուկյանը նվիրել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ծանոթին Եղիշե Համբարձումյանին, որը Ռուսաստանում գործարար է: Եղիշե Համբարձումյանն էլ թնակարժեք նվերը չորս ամիս անց վաճառել է ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի որդուն: 31-ամյա Ռոբերտ Աբազյանը այն գնել է 600 հազար դոլարով, ըստ հետաքննության, շուկայական գնից մոտ 300 հազար դոլարով էժան: Բնակարանը Մոսկվա կինոթատրոնի հարևանությամբ է, 225 քառակուսի մետր:
Կոռուպցիայի դեմ պայքարի, նախկինների թալանը ժողովրդին վերադարձնելու խոստումներ տված վարչապետն առայժմ չի արձագանքել այս բացահայտմանը, որ ըստ լրագրողի՝ առնվազն կոռուպցիոն կասկածների մասին է: Այդ ինչպես է ստացվել, որ ապօրինի գույքի հետևից հատիկ առ հատիկ գնացող պաշտոնյաների ցուցակից դուրս է մնացել այս բնակարանը, լրագրողը հասցեատեր պաշտոնյաներից համոզիչ պատասխաններ չի ստացել:
Գլխավոր դատախազությունից պատասխանել են, թե այդ բնակարանը չեն պահանջել բռնագանձել, քանի որ բավարար ապացույցներ չկան, որ դրա իրական շահառուն Գագիկ Ծառուկյանն է: Իսկ ի՞նչ անհերքելի փաստերով է ապացուցել, որ Տիգրան Մանուկյանի անունով մյուս երկու բնակարանի իրական շահառուն Գագիկ Ծառուկյանն է, անպատասխան են թողել:
Իրավապաշտպան Լևոն Բարսեղյանին էլ պաշտոնական պարզաբանումը չի համոզել: Հետաքննությունից ենթադրում է, որ ապօրինի գույքի բռնագանձման հարցում իշխանությունն ընտրովի մոտեցում ունի:
«Դա ինձ հուշում է, որ որոշ դրվագներով, որոշ անձանց մասով ապօրինի գույքի վերադարձը լինում է ընտրովի կամ ապօրինի գույքի որակումը լինում է ընտրովի: Ուզում ենք, որակում ենք, չենք ուզում, չենք որակում», - ասաց իրավապաշտպանը:
Լևոն Բարսեղյանը կարծում է, որ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացը թափանցիկ չէ, ու այդ պատճառով էլ այսպիսի բացահայտումներ են լինում:
Վարչապետ Փաշինյանի ենթակա ԱԱԾ տնօրենի որդուն որտեղի՞ց այդքան գումար: Նախկինների գույքի ծագումը ուսումնասիրող ներկաներին որտեղի՞ց այդ ահռելի միջոցները: Ինչպե՞ս է ստացվում, որ գործող բարձրաստիճան պաշտոնյաներն էլ հսկայական միջոցներ ունեն, հարցնում է իրավապաշտպանը: Այս գործարքն էլ մի շարք այլ պաշտոնյաների պես կատարվել է իշխող խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի բանկով:
Գլխավոր դատախազությունը այս գործարքի հետ կապած կոռուպցիոն կասկածներ չունի: Լրագրողական հետաքննությունը չեն ուսումնասիրում: «Ազատության»-ը փոխանցեցին, թե մինչև հրապարակումը ինչ պարզաբանել են, ուժի մեջ է: Թե ինչ միջոցներով է 31-ամյա Ռոբերտ Աբազյանը ամսական 3 միլիոնով մարում 240 միլիոն վարկը, ԱԱԾ-ից չեն պատասխանել, ասել են, թե Ռոբերտ Աբազյանի անձնական կյանքն է: