Արդյոք Բաքու կատարած այցի ժամանակ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Անդրանիկ Սիմոնյանը ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում բարձրացրե՞լ է հայ գերիների վերադարձի հարցը: ԱԱԾ -ից ոչ հերքում են և ոչ էլ հաստատում՝ հորդորելով հետևել լրահոսին:
«Հրապարակ» օրաթերթը, մինչդեռ, այսօր գրել է, որ Բաքվում ԱԱԾ տնօրենն ադրբեջանական կողմին է փոխանցել 10 ռազմագերիների ցուցակ, որոնց հայկական կողմն ուզում է վերադարձնել հայրենիք՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում։
Լրատվամիջոցի հրապարակած 10 հոգանոց ցուցակից 8 -ը գերեվարվել են 2023 -ի սեպտեմբերին՝ Արցախի վրա Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում, մյուս 2 -ը՝ դեռ 2020 -ի 44-օրյա պատերազմի ժամանակ: Ի դեպ, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն այդ ցուցակում չկա:
Այս տասը գերիներին ազատ արձակելու դիմաց, ըստ «Հրապարակ»-ի, Ադրբեջանը պահանջել է ազատ արձակել Սիրիայի երկու քաղաքացու, որոնք որպես վարձկաններ Ադրբեջանի կողմից մասնակցել էին 2020-ի 44-օրյա պատերազմին: Մուհռաբ Մուհամմադ ալ-Շխերիին ու Յուսեֆ Ալաբեթ ալ-Հաջիին Արցախում գերեվարվելուց հետո պատմել էին, թե ինչպես էին Թուրքիայի կողմից հավաքագրվել, առանց փաստաթղթերի անարգել հատել թուրք-սիրական սահմանը, ապա ինքնաթիռով տեղափոխվել Ադրբեջան՝ հայերի դեմ կռվելու համար:
«Ասացին՝ «ոտքով քայլեք դեպի Թուրքիայի Հանրապետության սահման», մենք նշված խմբերով ոտքով հատեցինք սահմանը, որտեղ կոնկրետ մուտք կար դեպի Թուրքիայի Հանրապետություն: Սահմանապահները մեզ ոչինչ չասացին, որևէ հարց չտվեցին, իրենք հաստատ տեղյակ էին, որ մեզ պետք է թույլատրեին անցնենք», - ասել է վարձկաններից մեկը:
Վարձկանները հարցաքննության ժամանակ խոստովանել էին, որ հայերին սպանելու համար իրենց խոստացել էին 2 հազար դոլար վարձատրություն, իսկ ամեն գլխատված հայի համար՝ լրացուցիչ 100 դոլար։
Սիրիացի վարձկանները հայաստանյան բանտերում են
2021-ին Սյունիքի մարզի դատարանը սիրիացի 2 վարձկաններին դատապարտեց ցմահ ազատազրակման՝ վարձկանության, միջազգային ահաբեկչության, մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումների հոդվածներով:
Ի դեպ, սիրիացի վարձկանները առ այսօր իրենց պատիժը կրում են հայաստանյան բանտերում, «Ազատությանը» փոխանցեցին Քրեակատարողական ծառայությունից:
«Բաքուն երբեք չի պահանջել վարձկանների վերադարձը»
Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նկատում է՝ անցած տարիներին հրապարակավ Ադրբեջանը սիրիացի վարձկանների վերադարձնելու պահանջ չի ներկայացրել, ինչը հասկանալի է, քան որ այդ կերպ Բաքուն կընդուներ մեղադրանքները, որ 44-օրյա պատերազմում ներգրավվել է վարձկանների: Եվ, հետևաբար, Գեղամ Ստեփանյանը տրամաբանական չի համարում, որ Բաքուն այժմ գնա այդ քայլին:
«Ադրբեջանը պարզ է՝ չէր ուզում, որ հաստատվի այդ հանգամանքը, որ այդ վարձկանները կռվել են Ադրբեջանի կողմից, ու մի քիչ տրամաբանական չեմ համարում, որ հիմա ինչ-որ դիրքորոշում փոխված լինի այդ մասով: Բայց էլի սպասենք, տեսնենք՝ արդյոք այդպիսի բան տեղի է ունենում, թե՝ ոչ», - ասաց Ստեփանյանը:
Իրավապաշտպանը նաև տարօրինակ է համարում հրապարակված անձանց ցանկը, քանի որ պարզ չէ, թե ինչ տրամաբանությամբ է այն կազմվել. «Ինչպե՞ս է ստացվում, որ երկու հոգի 20 թվականի պատերազմի ընթացքում գերեվարվածներ են ընդգրկված ցուցակում, 8 հոգի՝ 23 թվականի, չեմ կարողանում ըմբռնել»:
«Ազատության» հարցին՝ «Ձեր կարծիքով՝ ինչի՞ դիմաց պետք է Ադրբեջանը գնա այդ քայլին, ինչո՞ւ պետք է ազատ արձակի, չէ՞ որ սա քաղաքական հարց է», Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը պատասխանեց. «Միգուցե դեռ այլ հարցեր կան, որոնց էս քայլով ակնկալում է Հայաստանի կողմից հերթական ինչ-որ զիջում»:
2023 -ի վերջին, երբ Ադրբեջանը վերադարձրեց 32 հայ գերիների, դրա դիմաց Հայաստանն ազատ արձակեց սահմանը հատած 2 ադրբեջանցի զինծառայողների, որոնցից մեկն էլ Կապանում Հայաստանի մի քաղաքացու էր սպանել: Իբրև բարի կամքի դրսևորում, Երևանը նաև աջակցեց Ադրբեջանին, որպեսզի COP միջազգային համաժողովն անցկացվի Բաքվում: