Հանրապետական Արմեն Աշոտյանն ավելի քան երկու տարվա դադարից հետո այսօր կուսակցության գրասենյակ էր եկել՝ էլեկտրոնային սարքը ոտքին կապված։ Այն օրվա ընթացքում կֆիքսի, թե ինչպես է Աշոտյանը հետևում վարչական հսկողության պայմաններին։
«Վստահ եմ՝ լսողության սարքը մեջը դրված է», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Օգոստոսի սկզբին դատարանն Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ տնային կալանքը, փոխարինեց վարչական վերահսկողությամբ։ Մինչ տնային կալանքը Աշոտյանը բանտում էր։ Այժմ կիրառվելու է վարչական հսկողություն։
Ըստ դատարանի որոշման՝ Արմեն Աշոտյանը պետք է չբացակայի իր բնակության վայրից 22:00-ից մինչև 08:00-ն, նրան նաև արգելվում է հաղորդակցվել գործով դեռևս չհարցաքննված վկաների հետ։ Բացի այդ, պահպանվում են գրավը և բացակայելու արգելքը։
«Ամենամեծ սահմանափակումն այն է, որ արգելված է փաստացի իմ ելքը ՀՀ-ից, ինչը խոչընդոտում է իմ միջազգային գործունեությանը և մեր կուսակցության քաղաքական գործունեությանն արտերկրում», - նշեց նա:
Արմեն Աշոտյանը Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Միքայել Նարիմանյանի հետ միասին մեղադրվում է բուհին պատկանող մոտ 100 հազար դոլարի գույք հափշտակելու մեջ։ Ընդդիմադիր գործիչն ինչպես նախկինում, այնպես էլ այսօր պնդեց՝ բացի իրենից, Հայաստանում տասնյակ քաղբանտարկյալներ կան, և ինքն ազատության մեջ առաջնային նաև նրանց պաշտպանությամբ է զբաղվելու։
Տևական դադարից հետո սա Արմեն Աշոտյանի առաջին ասուլիսն էր։ Նա մոտ երկու ժամ պատասխանեց լրագրողների հարցերին, որոնց գերակշիռ մասը ներքաղաքական օրակարգին էր առնչվում, իսկ ավելի կոնկրետ՝ երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև առկա տարաձայնություններին։ Նախ արձագանքեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ով վերջին հարցազրույցում պնդել էր, թե այսօր քաղաքական դաշտում կա երկու մեծ միավոր՝ մեկը «Հայաստան» դաշինքն է, մյուսը՝ կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի նոր ձևավորվելիք ուժը։
«Մարգարետ Թետչերին մի անգամ լրագրողները հարցնում են՝ ի՞նչ է նշանակում լինել ուժեղ, հզոր, պատասխանում է՝ «հզոր լինելը նման է լեդի լինելուն»: Երբ դու ստիպված պարբերաբար հիշեցնում ես այն մասին, որ դու լեդի ես, հետևաբար դու այլևս լեդի չես», - ասաց Աշոտյանը:
Մոտ կես տարի է՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմակիցներն ու աջակիցներն անցել են միմյանց ուղղված հրապարակային քննադատությունների։ Նախ մեկը մյուսին մեղադրում էր Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու համար, այժմ էլ տարաձայնությունները նրան հեռացնելու հարցի շուրջ են։ ՀՀԿ-ն կարծում է՝ միակ իրատեսական տարբերակն այժմ իմփիչմենթն է, «Հայաստան» դաշինքը՝ հակառակը, չի տեսնում նման հնարավորություն՝ զուգահեռ հայտարարելով 2026-ի ընտրություններին մասնակցելու որոշման մասին։
Արմեն Աշոտյանն այսօր պնդեց՝ մինչ այս պահը չի հնչել որևէ հիմնավոր բացատրություն, թե ինչու երկրորդ նախագահի առաջնորդած խորհրդարանական խմբակցությունը չի միանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացին։
«Հայաստան» դաշինքից հայտարարել են՝ պատրաստ են միանալ «Պատիվ ունեմ»-ի նախաձեռնած իմփիչմենթի գործընթացին, եթե իրենց հասկանալի լինի, թե ինչպես է Սերժ Սարգսյանի ղեկավարած քաղաքական ուժն ապահովելու այդ օրակարգի հաջողությունը։
Հարցին, թե ինչո՞ւ Հանրապետականը ծրագրերի մասին չի պատմում «Հայաստան» դաշինքին, թե ինչպես են, օրինակ, ապահովելու վարչապետին անվստահություն հայտնելու և նոր վարչապետ ընտրելու համար պակասող մոտ երկու տասնյակ քվեները, Աշոտյանն առանց մանրամասներ ներկայացնելու պնդեց՝ Քոչարյանի թիմում տեղյակ են։
«Երկու դաշինքն էլ իրար հետ պարբերաբար հանդիպել են, խորհրդակցել են, մերոնք իրենց պատմել են, իրենք էլ դրա մասին խոստովանել են: Հիմա ի՞նչ է նշանակում դետալները», - հավելեց նա:
ՀՀԿ առանցքային ներկայացուցիչն ասուլիսում պարբերաբար կրկնում էր՝ հավաքական ընդդիմությունն այժմ թուլացած է, բայց մեղադրանքի սխալներն ուղղեց դեպի Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժի կողմը. «Չի կարելի մի դեպքում ներկայանալ որպես ամենամեծ խորհրդարանական խմբակցություն, իսկ պրոբլեմների դեպքում մոռանալ, որ ամենամեծը դու ես, հետևաբար ենթադրվում է այդ համամասնությամբ նաև պատասխանատվությունը սխալների համար»:
Իսկ եթե մինչ 2026-ը Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հարցում հաջողություն ընդդիմադիրները չունենան, Հանրապետականը կմասնակցի՞ հերթական ընտրություններին, Արմեն Աշոտյանը պատասխանեց, թե այս հարցն առհասարակ չեն քննարկել։