Մատչելիության հղումներ

Արցախի վրա հարձակման երկրորդ տարելիցին ՀՀ ղեկավարությունից ուղերձ չի եղել, չեն այցելել նաև Եռաբլուր


Լեռնային Ղարաբաղի վրա 2023-ի ադրբեջանական հարձակման երկրորդ տարելիցին Եռաբլուրում միայն արցախցիներ էին ու ընդդիմության ներկայացուցիչներ, Հայաստանի ղեկավարությունից՝ ոչ ոք:

Ճիշտ երկու տարի առաջ, անունը դնելով «հակաահաբեկչական գործողություն», Ադրբեջանը հարձակվեց ամիսներով շրջափակման մեջ առած Արցախի վրա, ավելի քան 200 մարդ զոհվեց, մեծամասամբ՝ զինծառայողներ: Մոտ մեկ շաբաթ անց Արցախն ամբողջությամբ հայաթափված էր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես նախորդ, այս տարի էլ ուղերձ, ցավակցական խոսք չասաց: Այսօր նրա ֆեյսբուքյան էջում մեկ հրապարակում էր՝ Էլվինա Մակարյանի «Մայրամուտ» երգը Փաշինյանն աշխատանքային օրվա գեղեցիկ մեկնարկ էր համարել ու իր զգացողություններով սեպտեմբերի 19-ի առավոտյան կիսվել հետևորդների հետ:


Երկրորդ տարին է՝ չի մարում՝ ո՞վ հանձնեց Արցախը բանավեճն, իսկ այսօր էլ ավելի է սրվում:

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը Արցախի հայաթափման մեղսակից գործող իշխանությանն է համարում, իսկ Արցախի հարցը, կարծում է, փակված չէ:

«21 թվականին իրենք մարդկանց խոստացել են արցախահայերի իրավունքների պաշտպանություն, նույնիսկ հայկական տարածքների դեօկուպացիա, ընտրվել են ամբողջությամբ այլ ծրագրով, ոչ Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու մանդատ են ունեցել, ոչ էլ Հայաստանի տարածքներն Ադրբեջանին հանձնելու: Իրենց ցանկացած հանձնում արդարացնելու համար ինչ-որ պատճառներ են գտնում, - ասաց Սաղաթելյանը, - Մենք հաշտ չենք այս իրավիճակի հետ՝ Արցախի հարցը չի կարող փակվել, և այսօրվա իշխանության ղեկին հայտնված այս խմբակը չի ներկայացնում մեր ժողովրդի ամբողջական տեսակետը: Դա զուտ Ալիև-Էրդողան-Նիկոլ Փաշինյան պայմանավորվածություն է, որ մեր ժողովրդի իրական և ամբողջական ցանկության հետ կապ չունի»:

Արցախի անկման մեղադրանքի սլաքները Փաշինյանի իշխանությունն ըստ իրավիճակի թե՛ նախկիններին է ուղղել, թե՛ 2023-ի Արցախի փաստացի ղեկավարությանը, ավելի կոնկրետ այդ պահին նախագահ ընտրված Սամվել Շահրամանյանին, որը ստորագրել է Լեռնային Ղարաբաղի պետական կառույցների լուծարման հրամանագիրը: Վարչապետն ինքն էր դրանից դեռ մեկ տարի առաջ՝ 2022-ին, Պրահայում Արցախը ճանաչել Ադրբեջանի ազմում:

«Ինչո՞ւ եմ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Որպեսզի ճանաչեմ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որովհետև ուրիշ ճանապարհ պարզապես չկա», - օրերս ասել էր նա:

XS
SM
MD
LG