Ապրիլի 1-ից Հայաստանի կառավարության աջակցության ծրագրից դուրս մնացած արցախցիները ևս երկու ամիս կշարունակեն ստանալ 40 հազարական դրամները:
Կառավարությունն այսօր ընդունեց որոշումը, այն չզեկուցվող հարցերի շարքում էր. նիստի ընթացքում չքննարկվեց։ Գործադիրից որոշման նախագծում մեկ հիմնավորում են բերում, թե արցախցիների աջակցության ծրագրերի վերաբերյալ ստացված առաջարկների քննարկման համար ժամանակ է պետք:
Մինչ այս որոշումը կառավարությունն ապրիլից 40 հազար դրամ աջակցությունը սահմանափակ թվով՝ միայն անչափահասների կամ 18 տարին լրացած, բայց բարձրագույն կրթություն ստացող քաղաքացիների, 63-ից բարձր տարիքի անձանց, կերակրողին կորցրածների, 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների համար էր սահմանել: Երկու ամսվա համար, սակայն, այս սահմանափակումներն այլևս չեն լինի, ինչպես մինչ ապրիլ էր։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկմանն վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ անհրաժեշտություն է առաջացել որոշման շրջանակում տրամադրվող աջակցությունը 2 ամսով տրամադրել նաև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածներին՝ միաժամանակ 2 ամսով հետաձգելով կարիքավորության հիմքով լրացուցիչ սոցիալական աջակցության տրամադրման ծրագրի գործողությունը», - նշված է նախագծի տեքստում։
Կառավարությանն առաջարկներն Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն էր ներկայացրել. խորհուրդը մարտի 29-ից Ազատության հրապարակում նստացույց էր սկսել, այդ թվում՝ տեղահանվածների սոցիալական խնդիրների ու բնակարանային ապահովման ծրագրում փոփոխություններ կատարելու պահանջներով։ Սակայն գործադիրի որոշման նախորդ օրը՝ 1 ամիս անց որոշեցին դադարեցնել նստացույցը՝ Օպերայի տարածքից հեռացնելով վրանը։
Խորհրդի անդամ Ապրես Մարգարյանն այսօր ասաց՝ կառավարության հորդորով են գնացել այս քայլին, գործադիրից արցախցիներին խոստումներ են տվել, իրենք էլ համաձայնել են կառուցողական քննարկումներ սկսել։ Հիմա խորհուրդը մասնագիտական խմբեր է ձևավորում, այդ թվում՝ արցախցի նախկին պաշտոնյաներ են ներգրավելու, ասաց Մարգարյանը։
«Կառավարությունն առաջարկեց երկու ամսով երկարաձգել այդ սոցիալական աջակցության ծրագրերը, իրենք խոստովանեցին, որ իրենց կողմից մշակված ծրագրերը բարելավման կարիք ունեն, որպեսզի մեր մասնագիտական խմբերը միասին աշխատեն և բարելավեն», - ներկայացրեց նա:
Ապրես Մարգարյանն ասում է՝ անցած մեկ ամսվա ընթացքում պարբերաբար այդ առաջարկը եղել է, բայց թե ինչո՞ւ են հիմա որոշել համաձայնել, հիմնավորեց, թե նստացույցը մասամբ իր խնդիրը կատարել է. - «Մենք հանրահավաքից հետո հայտարարեցինք մեր իրավունքների համախմբման համահայկական օրակարգ և այդ մասով ստացանք լայն աջակցություն, բազմաթիվ մեր հայրենակիցներ ներկայացան, որի համար կրկին շնորհակալություն ենք հայտնում, իրենց աջակցությունը հայտնեցին և՛ քաղաքական կուսակցություններ, և՛ կուսակցություններ, ու մեր բոլորի ջանքերի շնորհիվ միանշանակ կարող ենք նշել, որ այս առաջին փուլում ունեցանք մասնակի հաջողություն»:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, սակայն, պայքարը չի դադարեցնում, Ապրես Մարգարյանի խոսքով, պատրաստվում են պարբերաբար հանրային իրազեկման ակցիաներ իրականացնել, իսկ եթե հասկանան՝ գործադիրը փորձում է ժամանակ ձգել, իրենք ավելի մասշտաբային գործողությունների կանցնեն։
«Կառավարության ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասել ենք, որ մեկ վրանի փոխարեն կլինեն հարյուրավոր վրաններ, որ միայն կոնկրետ այս հրապարակում, այլ տարբեր մարզերում, Հանրապետության հրապարակում և այլն», - նշեց Մարգարյանը:
Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն իր գործունությունը կծավալի Երևանում Արցախի ներկայացուցչության շենքում: