Մատչելիության հղումներ

Ատելության խո՞սք, թե՞ խոսքի ազատություն


Տեղահանված արցախցիների բողոքի ցույցը Երևանում, արխիվ
Տեղահանված արցախցիների բողոքի ցույցը Երևանում, արխիվ

Ինչո՞ւ է Դատախազությունը հրաժարվում ընթացք տալ արցախցիների դեմ ատելության խոսքի բողոքներին: Ավելին՝ համարում է, որ այդպես մարդիկ իրենց խոսքի ազատության իրավունքն են իրացնում, և բողոքարկել է վարույթ հարուցելու դատարանի որոշումը: Ամիսներ առաջ, տեսնելով, որ իրավապահներն իրենք քայլ չեն անում, փաստաբան Ռոման Երիցյանն էր դիմել դատարան, հասել մինչև Վերաքննիչ, որն էլ պարտավորեցրել էր նախաձեռնել քրեական վարույթ ազգային, ռասայական ատելության հոդվածներով:

«Գրառումը վերաբերում է ինչ-որ կնոջ, ով որ հայտարարություն է կատարել, որ «ավելի լավ էր Գորիսի ճանապարհը փակեիք, արցախցիները մնային էնտեղ», - նշել էր Երիցյանը:

Այդ խոսքերը գրվել էին ամիսներ առաջ «Խոսնակ» անունով մի իշխանամերձ կայքում:

«Ըստ Դատախազության՝ նման ատելության դրսևորումները թույլատրելի ու նորմալ երևույթներ են, իսկ դրա առթիվ վարույթ նախաձեռնելը խախտում է քաղաքացիների խոսքի ազատության իրավունքը»,- Ֆեյսբուքում գրում է փաստաբան Երիցյանը:

Թե ինչո՞ւ է Դատախազությունը նման դիրքորոշում ցուցաբերել, այսօր հնարավոր չեղավ պարզել: Բայց ամիսներ առաջ իրավապահները քայլ էին արել ու քրեական գործ հարուցել մեկ այլ դրվագով. այն առնչվում է իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանին ու իշխանամերձ «Խոսնակ» լրատվականի ղեկավար Նանե Իսրայելյանին: Իրավապահներն արդեն չորս ամիս է քննում են՝ արդյո՞ ք նրանց խոսքն ատելություն է արցախցիների նկատմամբ:

Ռոման Բաղդասարյանն ապրիլի 8-ին իր ֆեյսբուքյան էջում վկայակոչել էր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին, թե Արցախի բնակիչները Հայաստանի բյուջեից ստացել են մոտ 300 միլիոն դոլար, որի 90 տոկոսը տրամադրել է պետությունը։ Բաղդասարյանը քննադատել ու նաև վիրավորական արտահայտություններ էր գրել օգնություն ստացած որոշ արցախցիների հասցեին: Բայց հետո շտապել էր պնդել, թե խոսքը բոլորի մասին չէ. - «Ես ասում եմ՝ դառմայեդներ (ձրիակերներ՝ ռուս.), դա չի վերաբերվում բոլոր ղարաբաղցիներին: Հիմա ես ասում եմ՝ ո՞վ ա իմ նալոգները ստանում 18 ամիս»:

2023 թվականին հիմնադրված «Խոսնակ» լրատվականի ղեկավար Նանե Իսրայելյանն էլ, որ հայտնի է իր ընդգծված իշխանամետ հայացքներով, ապրիլի 17-ի գրառման մեջ արցախցիներին անվանել էր «հող հանձնողներ» ու տարբեր մեղադրանքներ տեղացել նրանց ու նախկին իշխանությունների հասցեին:

«Էս ատելության քարոզը իշխանությունների ձեռագիրն է՝ բոլորի հանդեպ, բայց հատկապես արցախցիների հանդեպ սոցիալական ցանցերում ատելության խոսքի տեղատարափ է մեկնաբանություններով բոլոր հնարավոր նյութերի տակ, որտեղ արցախցիները իրենց իրավունքների պաշտպանության հարցերն են բարձրացնում, և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արցախի նախկին պետնախարար, այժմ՝ արցախցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Արցախ» միության ղեկավար Արտակ Բեգլարյանը:

Բեգլարյանի հասցեին էլ քիչ չեն վիրավորանքներն ու ատելության խոսքը: Նրա կարծիքով՝ իշխանություններն այս մեթոդով փորձում են խլացնել արցախցիների ձայնը, բացասական ընկալումներ ձևավորել հասարակության շրջանում արցախցիների, Արցախի նկատմամբ:

«Ահա այս քաղաքական կուրսի շրջանակներում էլ իրավապահներն են շարժվում: Բնական է, որ իրավապահ համակարգը, որը շատ ուղիղ Փաշինյանի կատարածու համակարգն է՝ հատկապես քաղաքական բնույթի գործերով, բնական է, որ այդ իրավապահ համակարգը որևէ բան հակառակ Փաշինյանի և իշխող կուսակցության կուրսի չի անելու», - վստահ է Արցախի նախկին ՄԻՊ-ը:

Բեգլարյանն ընդգծում է՝ եթե որևէ մեկը ատելության խոսք ասի որևէ իշխանավորի հասցեին, իրավապահներն արագ կզբաղվեն նրանով: Իսկ ինքն անգամ իր դիմումների ճակատագրից տեղյակ չէ, ասում է: «Արցախ» միության ղեկավարը դեռ ապրիլին յոթ բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազություն, որն ուղարկվել է Քննչական կոմիտե: Վարույթ հարուցվել է միայն երկուսով:

«Հինգ դրվագով ուղղակի մերժել են, որոնք ակնհայտ են եղել, որ պետք է քրեական գործ հարուցվեր: Վախենում են, որ նախադեպերը կշատանան, և վախենում են Նիկոլ Փաշինյանի կշտամբանքից կամ որևէ գործողությունից; Ակնհայտ է՝ կամ իրենք իրենց արևին նաև արջի ծառայություն են մատուցում», - նշեց Արտակ Բեգլարյանը:

Այս հարցերով մտահոգված իրավապաշտպանները պնդում են՝ քանի դեռ չկա գեթ մեկ պատժված անձ, ատելության խոսքը հայրենիք կորցրած, սոցիալական բեռի տակ կքած արցախցիների հասցեին կանգ չի առնի:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG