Մատչելիության հղումներ

Այսօր դատարանը կորոշի Միքայել սրբազանի պատժաչափը


Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում, Եչևան, սեպտեմբեր, 2025թ.
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատարանում, Եչևան, սեպտեմբեր, 2025թ.

Մի քանի ժամից դատարանը կորոշի Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի պատժաչափը։ Դատավոր Արմինե Մելիքսեթյանին երկու ամսից էլ քիչ ժամանակ պահանջվեց այս դատաքննությունն ավարտին հասցնելու համար։ Իշխանության զավթման կոչի համար մեղադրվող Շիրակի թեմի առաջնորդին սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում։ Դատախազը երկուսուկես տարվա ազատազրկում է պահանջում։

Սրբազանին մեղավոր ճանաչելուց հետո, շաբաթասկզբին դատարանը լրացուցիչ լսումներ էր նշանակել՝ պատժաչափը որոշելու համար։

Ինքը՝ Շիրակի թեմի առաջնորդը մեղադրանքը չի ընդունում և այս ամենը քաղաքական հետապնդում է որակում։ Դատավարության ամբողջ ընթացքում նա հայտարարում էր, որ ներում չի հայցելու, պնդելով, որ այս ամենը, իր ձևակերպմամբ, իշխանության եկեղեցահալած քաղաքականության շրջանակում է:

«Ես ամենաշահեկան տեղում եմ, ես ուրախ եմ, որ մեղադրյալի աթոռին եմ՝ էս հանգամանքներում և էս պայմաններում, որովհետև էս իշխանության պայմաններում մեղադրյալ լինելը նաև քաղաքական պատճառներով միայն պատիվ է», - ասում էր Միքայել սրբազանը:

Դատական նիստերն անցնում են լեփ-լեցուն դահլիճում։ Մեծ մասը հոգևորականներ են։ Դատավարության ավարտին Նաթան արքեպիսկոպոսն էր լրագրողների հետ զրույցում հայտարարել, որ այս հետապնդման նպատակը եկեղեցին հեղինակազրկելն է. - «Որովհետև իրական Հայաստանում միայն մեկ հեղինակություն կարող է լինել, մյուսները որևէ կերպ պիտի ոչնչացվեն: Բայց թող մի բան իմանան՝ Աստուծո տված հեղինակությունը մարդը չի կարող խափանել»:

Այս քրեական գործը հարուցվել է սրբազանի ավելի քան մեկ տարի առաջ տված մի հարցազրույցի հետքերով, որտեղ նա խոսել էր հեղաշրջման անհրաժեշտության մասին։ Այն ժամանակ իրավապահները հանցակազմ չէին տեսել և քրեական գործ հարուցեցին միայն վերջերս, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննադատական արշավ սկսեց եկեղեցու վերնախավի ու կաթողիկոսի դեմ։ Իրավապահները պատճառաբանում են, թե Միքայել Աջապահյանը մեղավոր է, քանի որ նույն միտքը կրկնել է մի քանի անգամ։ Սրբազանն էլ դատարանում բազմիցս ասել է, որ հեղաշրջման անհրաժեշտության մասին արդեն հինգ տարի խոսում է, բայց իրեն «հիմա են հիշել»։

Փաստաբանական թիմն ամբողջ ընթացքում պնդել է, որ գործընթացը ծայրից ծայր խախտումներով է անցել, և արդարություն հույս չունեն. - «Մենք այս դատարանում, ցավոք, արդարադատության զգացում չունեցանք»:

Փաստաբաններն արդեն իսկ հայտնել են, որ դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG