Մատչելիության հղումներ

«Ազատության» տեղեկություններով՝ ռուս իրավապահներն առգրավել են հայկական ամենախոշոր բեռնափոխադրողի մեքենաները


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

«Ազատության» տեղեկություններով՝ շուրջ 3 օր է հայկական ամենախոշոր բեռնափոխադրող «Սպայկա» ընկերության մոտ100 բեռնատարներ չեն կարողանում Ռուսաստան հասցնել իրենց բեռը:

Ընկերությանը մոտ կանգնած մեր անանուն աղբյուրի փոխանցմամբ՝ ռուս իրավապահներն առգրավել են ընկերության մեքենաները, իրենք էլ մի կերպ փորձում են բեռները տեղափոխել, որ չփչանան, թե ուր՝ չասացին: Մեր զրուցակիցը պնդեց՝ ռուսական կողմից ոչ մի բացատրություն չեն տվել, թե պատճառն ինչն է:

Բեռնատարները Հայաստանից գյուղմթերք էին տանում Ռուսաստան: Սա շուտ փչացող ապրանք է: «Սպայկա»-ից պաշտոնապես չեն հերքել այս լուրը:

Արդեն 3-րդ օրն է որևէ տեղեկություն չենք կարողանում ստանալ նաև Էկոնոմիկայի նախարարությունից՝ տեղյա՞կ են, որ Ռուսաստանում հայկական շուրջ 100 բեռնատար է արգելափակված: Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խոսնակ Անուշ Հարությունյանն ասաց՝ 2 օր առաջ «Ազատությանը» փոխանցած գրավոր տեքստից զատ այսօր էլ ասելիք չունեն. «Մենք բեռները նայել և բաց ենք թողել, իսկ Ռուսաստանի մեր գործընկեր կառույցից՝ «Ռոսսելխոզնադզոր»-ից տեղեկություն չենք ստացել այդ մասին: Եթե անգամ խնդիր կա, ապա դա ՍԱՏՄ-ի հետ կապ չունի, ավելին՝ մենք բողոք ու ահազանգ չենք ստացել», - ասված է ՍԱՏՄ-ի հաղորդագրությունում:

Անցած շաբաթավերջից մամուլը տարբեր աղբյուրների հղում անելով գրում է, որ Ռուսաստանում հայկական բեռնատարներ են առգրավվել, բայց պաշտոնական ոչ մի հաստատում չկա: Պետեկամուտների կոմիտեն էլ երկու օր առաջ էր հայտարարություն տարածել, թեև դրանում «Սպայկա»-ի անունը չէր հիշատակվում, այդուհանդերձ, կառույցից հորդորել են արտահանումները ապօրինի պատվիրատուների անվամբ չձևակերպել. «ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար ստանում է ազդակներ, որ ՀՀ-ից դեպի այլ երկրներ ապրանքներ արտահանելիս մաքսային հայտարարագրում, ինվոյսում և բեռնափոխադրման փաստաթղթերում ՀՀ առանձին տնտեսվարողներ, որպես ապրանքների ստացող կողմ, նշում են այնպիսի գնորդների տվյալներ, որոնք իրականում չեն հանդիսանում ապրանք պատվիրողը կամ գտնվում են լուծարման գործընթացում կամ արդեն իսկ լուծարված են: Նման գործողության արդյունքում՝ հետագայում այդ ապրանքները ստացող երկրում հայտնվում են ստվերային շրջանառության մեջ և դուրս են մնում հսկողությունից: Խնդիրն առավել ընդգծված է ՀՀ-ից ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ արտահանման գործընթացում», - ասված է ՊԵԿ-ի հաղորդագրությունում, որտեղ նաև նշվում է, որ նման վարքագիծը հանգեցնում է ստացող երկրի անցման կետում (օրինակ՝ Վերին Լարս) ուժեղացված հսկողության, «և, տվյալ երկրի պատկան մարմինների կողմից նման հանգամանք պարզվելու դեպքում այդ ապրանքները վերադարձվում կամ արգելապահվում են»,- հայտարարել է ՊԵԿ-ը:

Արդյո՞ք սա վերաբերում է նաև «Սպայկա»-ին՝ ՊԵԿ-ից ճշտել չհաջողվեց:

Ռուսական կողմից պաշտոնական հայտարարություն առայժմ չկա

Ռուսական կողմում արգելափակված «Սպայկա»-ի մասին որևէ տեղեկություն չկա նաև ռուսական պաշտոնական կայքերում և մամուլում:

Բայց «Սպայկա»-ի ղեկավարներն ավելի վաղ, տարբեր հարցազրույցներում հայտարարել են, թե իրենք որպես հայկական խոշոր արտահանող ու բեռնափոխադրող ընկերություն, համագործակցում են ռուսական հայտնի ներմուծող ու վաճառքով զբաղվող ցանցերի հետ:

«Սպայկա»-ն հիմնադրվել է 24 տարի առաջ ԱՊՀ և ԵԱՏՄ երկրներ բեռնափոխադրումներից բացի նաև սեփական այգիների բերքն է արտահանում:

«Ազատության» ռեպորտաժը՝ ստորև.

Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG