Մատչելիության հղումներ

ԱԺ-ն ընդունեց «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման» վերաբերյալ հայտարարության նախագիծ, ընդդիմությունը բոյկոտեց


Ազգային ժողովի իշխող խմբակցությունն ընդդիմության բոյկոտի պայմաններում 64 կողմ ձայնով ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման վերաբերյալ հայտարարության նախագիծ:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած 9 կետանոց հայտարարության մեջ Հայաստանի իշխող ուժն իր աջակցությունն է հայտնում Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնություններին: Նախագիծը ներկայացնող իշխող խմբակցության ղեկավարը խոսքն ամփոփեց ՔՊ-ի անունից՝ դիմելով Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին:

«Կոչ է անում Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության հանրային, քաղաքական, փորձագիտական, գիտական, մշակութային շրջանակներին՝ ձեռնպահ մնալ կոնֆլիկտը խորհրդանշող և/կամ այն վերաձևակերպելուն կամ բորբոքելուն ուղղված խոսույթներից և գործողություններից, հաստատված խաղաղության հարատևությունն ու հուսալիությունը հանուն Հարավային Կովկասի բարգավաճման երաշխավորելու համար», - ընթերցեց ԱԺ ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:

Ընդդիմադիրները լքեցին դահլիճը

Նախքան կմեկնարկեր հայտարարության նախագծի ընդունման հարցով արտահերթ նիստը, ընդդիմադիր երկու խմբակցությունները լքեցին նիստերի դահիլճը: «Հայաստան» խմբակցությունից հայտարարեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցներն այս հայտարարությամբ փորձում են մոլորեցնել հանրությանը: «Սա բացառապես ՔՊ-ի տեսակետն է և կապ չունի ո՛չ մեր ժողովրդի, ո՛չ էլ ՀՀ կամքի և հավաքական շահերի հետ: Սա ՔՊ կուսակցության նախագիծն է, և մենք այդ քննարկմանը չենք կարող որևէ կերպ մասնակից լինել», - ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Գրեթե նույնն է պնդում նաև մյուս ընդդիմադիր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը: ՔՊ-ի հեղինակած նախագիծը որակեցին միակողմանի զիջումների և անորոշ ապագայի վերաբերյալ փաստաթուղթ, որն, ըստ ընդդիմադիր խմբակցության, նպատակ ունի ապատեղեկատվության, սին խոստումների նոր խմբաքանակ ուղղել հանրությանը:

«Շատ տարօրինակ է այս հայտարարության մտահղացումը մի փուլում, երբ Ադրբեջանի նախագահը շարունակում է գործել և խոսել ուժի դիրքերից, Հայաստանին ագրեսորի և ռազմական հանցագործի պիտակավորում կարել, որը հակասում է ոչ միայն իրական խաղաղության օրակարգին, այլ Հայաստանի իշխանությունների՝ բանակցությունների վերաբերյալ հնչեցված սկզբունքներին», - ասված է հայտարարությունում:

Իշխող ուժն ընդունված հայտարարությամբ ցանկանում է աջակցել խաղաղության գործընթացին և քաջալերել բոլոր շահագրգիռ կողմերին՝ պահպանելու և ամրապնդելու ձեռք բերված խաղաղությունը: ՔՊ-ականների ելույթների առանցքում հենց այս միտքն էր:

«Ես բերեմ խաղաղության գլխավոր փաստարկը. Հայաստան-Ադրբեջան սահմանին վերջին մեկ տարի յոթ ամսվա ընթացքում ոչ մի զինվոր չի զոհվել կրակոցից: Սա խաղաղության ամենամեծ կռվանն է», - հայտարարեց Հայկ Կոնջորյանը:

Ընդդիմադիր Իշխան Սաղաթելյանն ընդգծեց. «Խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց իրենց առաջարկածը հսկայական զիջումների դիմաց զինադադար է ընդամենը, որ իրենք փորձում են մեր ժողովրդին վաճառել իբրև խաղաղություն»:

Հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագիրը միայն նախաստորագրված է, բայց իշխող ուժի ներկայացուցիչները վարչապետի գլխավորությամբ մոտ երկու ամիս է գրեթե ամեն օր հայտարարում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև արդեն խաղաղություն է հաստատված: Արդբեջանը, մինչդեռ, շարունակում է պնդել ստորագրման նախապայմանը՝ սպասում են, որ Հայաստանը փոխի Սահմանադրությունը և այնտեղից հեռացնի Անկախության հռչակագրին հղումը:



XS
SM
MD
LG