Մատչելիության հղումներ

Բաքվի բանտում պահվող հայ գերիների հարազատներին ասվել է՝ ԿԽՄԿ-ն այլևս չի այցելելու գերիներին


Ադրբեջան - Երկու հայ զինծառայողների դատավարությունը Սումգայիթում, 5-ը հուլիսի, 2023թ.
Ադրբեջան - Երկու հայ զինծառայողների դատավարությունը Սումգայիթում, 5-ը հուլիսի, 2023թ.

Բաքվի բանտում պահվող հայ գերիների ընտանիքներին Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ) փոխանցել են՝ այլևս չեն այցելելու գերիներին:

«Մեզ՝ ընդհանուր բոլոր գերիների հարազատներին, ասել են, որ Կարմիր խաչն ընդհանրապես չի այցելելու, էլ հարաբերություն չունենք գերիների հետ», - ասաց գերիներից մեկի հարազատը:

Գերիների հարազատների շրջանում այս լուրը լուրջ մտահոգություն է առաջացրել, քանի որ ԿԽՄԿ-ը միակ միջազգային անկախ կառույցն էր, որ կարողանում էր այցելել բանտարկված հայերին, տեղեկանալ նրանց իրական վիճակին, զբաղվել առողջական խնդիրների լուծմամբ, անհրաժեշտ հագուստ ու հիգիենայի պարագաներ փոխանցել, ինչպես նաև տեսակապ ապահվել հարազատների հետ:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում փոխանցեց գերիներից մեկի հարազատը՝ «թե՛ իրենց, և թե՛ գերիների վերջին հույսն» էլ մարեց. - «Միակ միջոցը ԿԽՄԿ-ն էր, որ ընտանիքների հետ կապում էր, մի քիչ էդ մարդկանց մոտ լույս էր վառվում, էդ էլ անջատեցիք, էդ էլ կտրեցիք»:

Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին այսօր «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց, որ հայ գերիներին վերջին անգամ այցելել են հունիսին, այս ամիս այցելություն չի եղել: Ամատունու խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների պահանջով ԿԽՄԿ-ի միջազգային կոմիտեի Բաքվի ներկայացուցչությունն առաջիկայում կդադարեցնի իր գործունեությունը:

«Բնականաբար, այդ հարցով է պայմանավորված մեր աշխատանքի բնականոն ընթացքի խաթարումը այս պահի դրությամբ: Կազմակերպությունը կկասեցնի իր գործունեությունը Ադրբեջանում առաջիկայում», - ասաց Ամատունին:

Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Բաքվում միջազգային կազմակերպության փակումից հետո, ԿԽՄԿ-ն այլևս չի կարողանա այցելել հայ գերիներին: Զառա Ամատունին նշում է, որ այս հարցի շուրջ շարունակվում է երկխոսությունը Ադրբեջանի իշխանությունների հետ, սակայն ձևաչափի մասին որևէ հստակություն չկա:

Այսինքն, կարելի է ասել, որ քիչ հավանակն է նաև, որ մինչև գրասենյակի վերջնական փակումը, Կամիր խաչը հնարավորություն կունենա այցելել հայ գերիներին: Ամեն դեպքում, ըստ Ամատունու, այս պահին հնարավոր հանդիպման մասին որևէ հաստատում Ադրբեջանի իշխանություններից կողմից չկա:

«Խոսքը գնում է հայ պահվող անձանց մասին, բայց ոչ միայն, մեր աշխատանքի շրջանակում նաև գտնվում է հարցը, որը վերաբերում է անհայտ կորածների և իրենց ընտանիքների մասին ու ի վերջո որոշակի պատասխանների, որոնք իշխանությունները պետք է տան ընտանիքներին, որոնք սպասում են այսքան երկար իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ: Խոսքը գնում է նաև նման հարցերի մասին, ոչ միայն պահվող անձանց, բայց, այո, բնականաբար, բոլոր հարցերը քննարկման փուլում ենք», - ասաց Ամատունին:

«Եթե մարդը մի բանով զբաղվում է, թեկուզ չնչին արդյունքը երևում է». գերիների հարազատները դժգոհում են

Պաշտոնական տվյալներով՝ Բաքվի բանտերում 23 հայ գերիներ են պահվում: Նրանց միակ կապը հարազատների հետ այս պահին Ադրբեջանի իշխանությունների միջոցով կազմակերպվող հեռախոսազանգն է:

Բաքվի բանտերում պահվող գերիների հարազատներին չի գոհացնում իշխանության կողմից պարբերաբար հնչող այն հավաստիացում, թե զբաղվում են գերիների վերադարձի հարցով. - «Մի ամիս սպասենք, երկու ամիս, երեք ամիս, չի կարելի տարիներով սպասել, ասել՝ զբաղվում ենք: Եթե մարդը մի բանով զբաղվում է, թեկուզ չնչին արդյունքը երևում է գոնե մի տեղ»:

Տարիներ շարունակ իրենց հարազատների վերադարձին սպասող գերիների ընտանիքները դիմում են Հայաստանի իշխանություններին, որ գոնե աջակցություն տրամադրեն սոցիալական ծանր վիճակում հայտնված ընտանիքներին. - «Գոնե էդ 40+10 վերականգնեն, գոնե գերիների ընտանիքներին մարդիկ գոյատևեն, մինչև տեսնենք ինչ են որոշում գերիների հարցով: Ընտանիքները ծանր վիճակում են, ես բոլորի անունից կխնդրեի պարոն Փաշինյանին գոնե աջակցեին գերիների ընտանիքներին»:

«Ազատության» հարցին՝ իսկ գերիների վիճակն ինչպե՞ս է, ի՞նչ են ասում, գերիներից մեկի հարազատը պատասխանեց. - «Ոնց պետք է լինեն, իհարկե վատ, անընդհատ տուն են ուզում գալ, կխնդրեմ թեկուզ աշխարհին՝ գոնե օգնեն այդ մարդկանց տուն վերադառնան»:

Ադրբեջանական բանտերում պահվող հայ գերիների հարազատները հանդիպում են խնդրում վարչապետ Նիկոլ Փաշինյանից՝ անձամբ նրա հետ իրենց հուզող հարցերը քննարկելու համար:






XS
SM
MD
LG