Գլխավոր դատախազությունը դեռ չի պատասխանել Աղվան Արշակյանի վերաբերյալ փաստաբանի դիմումին
Գլխավոր դատախազությունը դեռ չի պատասխանել փաստաբանի դիմումին, որով Վարազդատ Հարությունյանը խնդրում է վերացնել Արմավիրի բանում պահվող ընդդիմադիր երիտասարդ Աղվան Արշակյանի կալանքը: Փաստաբանն անցած շաբաթվանից ահազանգում է, որ Բագրատ սրբազանի գործով կալանավորված Աղվան Արշակյանի առողջական վիճակը գնալով վատանում է: Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» միայն փոխանցեցին՝ կարձագանքնեն փաստաբանին:
«Մինչև սա պնդել եմ, որ ունեմ ակնակալիք, որ իրենք դա կանեն, բայց մինչև հիմա պատասխան չունենք, ու ինձ մոտ տպավորություն է, որ ընդհանրապես իրենց չի էլ հետաքրքրում», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:
28-ամյա երիտասարդը երկու տարի առաջ թեև հաղթահարել է գլխուղեղի քաղցկեղը, բայց մշտական հսկողության տակ է: Անցած ամիս կալանավորվելուց հետո խնդիրներն ավելի են սրվել, մտահոգվում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը: Ասաց, որ պաշտպանյալի շարժումները ծանրացել են, հագուստը հանում-հագնում, լողանում է խցակիցների օգնությամբ. «Նույնիսկ 2 անգամ ուշագնացություն է ունեցել, բացի գլխապտույտներն ու ճնշման տատանումները, նաև այդ խնդիրը կա»:
«Կա մարդու առողջությանը և կյանքին սպառնացող իրական վտանգի հարց»
Փաստաբանն ասաց, որ անցած շաբաթ է դիմել դատախազություն, մանրամասն ներկայացրել պաշտպանյալի վիճակը, համբերատար սպասել արձագանքի, բայց այս լռությունն իրեն թույլ է տալիս քննադատել իրավապահներին: Այսօր էլ դիմել է առաջին ատյանի դատարան, ներկայացրել պաշտպանյալի առողջական փաստաթղթերն ու խնդրել անհապաղ ազատ արձակել կալանքից:
«Այնտեղ, որտեղ կա մարդու առողջությանը և կյանքին սպառնացող իրական վտանգի հարց, և՛ Քննչական կոմիտեում, և՛ դատախազությունում նստած մեր գործընկերները պիտի ունենան այդ ըմբռնումը, պիտի նաև իրենց հումանիստական քայլն անեն՝ իրենց նախաձեռնությամբ վերացնելով կիրառված խափանման միջոցը», - հավելեց նա:
ՄԻՊ ներկայացուցիչներն արձանագրել են Արշակյանի խնդիրները. փաստաբան
Աղվան Արշակյանին այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչներն ու հետո հայտարարել՝ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն:
Վարազդատ Հարությունյանի խոսքով՝ օմբուդսմենի ներկայացուցիչներն արձանագրել են պաշտպանյալի խնդիրները: Առողջապահության նախարարությունից էլ փոխանցում են՝ երիտասարդը գտնվում է բժիշկների հսկողության տակ:
Փաստաբանն այժմ սպասում է փորձաքննության արդյունքներին, որոնցից էլ պարզ կդառնա՝ պաշտպանյալը կարո՞ղ է բանտում մնալ, թե՝ ոչ: Մինչ փաստաբանը բողոքում է, որ փորձաքննությունն ուշ է նշանակվել, Քննչականը հակադարձում է՝ չեն ուշացրել:
«Ես կալանավորված եմ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով». Մանթաշյան
Անցած տարի վարչապետի հրաժարականի պահանջով փողոցային պայքար սկսած Տավուշի թեմի նախկին առաջնորդի ու նրա թիմակիցների գործի նախաքննությունը մոտենում է ավարտին: Մեղադրյալները սկզբում 16-ն էին, հետո համալրվեցին ևս երկուսով: 18-ից և ոչ մեկը մեղքը չի ընդունում: Երեկ էլ այդ մասին Աբովյանի բանտից նամակ է հղել այս գործով կալանավորված միակ կինը՝ Լիդյա Մանթաշյանը:
«Այո, ես կալանավորված եմ, բայց ես ո՛չ գողություն եմ արել, ո՛չ սպանել եմ (ոչ էլ պլանավորել), ո՛չ թմրանյութ եմ վաճառել… Մի խոսքով՝ ես հանցագործ չեմ, չեմ արել հակաօրինական որևէ գործողություն։ Ես իրացրել եմ իմ սահմանադրական իրավունքը՝ ցանկացել եմ խաղաղ անհնազանդության գործողություններով հասնել իշխանափոխության։ Ես կալանավորված եմ մեկ մարդու՝ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով», - գրել է նա:
Վերջերս վերաքննիչը մերժել է Մանթաշյանի դիմումը՝ փոխել կալանքը: Այս դատարանը ևս, ինչպես առաջին ատյանը, եզրահանգել է, որ ազատության մեջ Մանթաշյանը կխոչընդոտի գործի քննությանն ու կթաքնվի իրավապահներից:
Նրա պաշտպանությունը ստանձնել է «Լեգալեքս» ընկերութունը, որի ղեկավար Էմին Խաչատրյանն «Ազատության» հետ զրույցում ընդգծեց՝ այս որոշումը ևս կբողոքարկեն վերադաս ատյան. «Ընդհանրական, վերացական մեղադրանք է, որը որևէ փաստական տվյալով հիմնավորված չէ: Համացանցում ի սկզբանե վարույթն իրականացնող մարմնի կողմից ինչ-որ ձայնագրություններ են տարածվել: Ըստ էության, այնտեղ երբևէ չեք լսի, տեսնի, նույնիսկ ակնարկ չկա Լիդյա Մանթաշյանի վերաբերյալ»:
Լիդյա Մանթաշյանի տան խուզարկության արդյունքում անօրինական ոչինչ չեն առգրավել, պնդեց փաստաբանը՝ հավելելով՝ կարելի է ասել՝ նրան մեղադրանք են առաջադրել ու կալանավորել են միայն նրա համար, որ Մանթաշյանը «Սրբազան պայքար» շարժման մասնակից է, հեռախոսով զրուցել է մյուսների հետ, նշեց նա:
«Բայց այստեղ կոնկրետ ահաբեկչության նախապատրաստության, իշխանազավթման վերաբերյալ մեղադրանքներ են հնչում, արդյոք այդ խոսակցությունները ներառում են այնպիսի հանգամանքներ, որոնք կարող եք տեղավորվել քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների տրամաբանության մեջ: Սա է ամբողջ խնդիրը», - հավելեց փաստաբանը:
Առհասարակ, Բագրատ սրբազանի գործով ոչ մի մեղադրյալ մեղքը չի ընդունում, պնդում են՝ գաղտնիք չէ, թե ինչու էր հոգևորականը թողել եկեղեցին ու գաղափարակիցների հետ դուրս եկել փողոց, բայց իրավապահները դա մանիպուլացրել են, հրապարակել մոնտաժված, ենթատեքստից կտրված խոսակցություններ ու հրամցրել հանրությանը որպես վերջին ճշմարտություն:
18 մեղադրյալներից այս պահին միայն մեկն է ազատության մեջ՝ Հրայր սարկավագ Հակոբյանը, որն ազատ արձակվեց կալանքից երկու օր առաջ: Վերաքննիչն էր բեկանել առաջին ատյանի որոշումն ու եզրահանգել՝ հիմքեր չկան հոգևորականին պահելու կալանքի տակ: Մինչդեռ իրավապահները պնդում են՝ բացահայտել են ահաբեկչության և իշխանության յուրացման փորձ, ունեն ապացույցներ: