Մատչելիության հղումներ

ԲԴԽ-ն քննում է դատավոր Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության հարցը

Լրացված

Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) քննում է դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության հարցը: Նիստին ներկա է նաև դատավոր Գաբրիելյանը:

Քննչական գործողությունների շրջանակում երեկ Հակակոռուպցիոն կոմիտեն դատավորին դուրս էր հանել դատական նիստերի դահլիճից:

Գլխավոր դատախազն է դիմել ԲԴԽ-ին՝ դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով։ Սահմանադրության համաձայն՝ դատավորն օժտված է անձեռնմխելիությամբ։ Իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի նկատմամբ հետապնդում կարող է հարուցվել միայն ԲԴԽ-ի համաձայնությամբ:

Ի դեպ, նիստին ներկա է նաև գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը:

Հակակոռուպցիոն կոմիտեից երեկ փոխանցել էին, որ քննչական գործողություններ են իրականացրել՝ կաշառք տալու, ստանալու և օժանդակելու դեպքերի առթիվ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Ըստ հաղորդագրության՝ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Շենգավիթ նստավայրում դատական իշխանության ներկայացուցչի մասնակցությամբ իրականացվել է ապացուցողական գործողություն։ Այլ մանրամասներ չկան, պարզ չէ՝ ինչ առնչություն ունի դատավորը կաշառք տալու-ստանալու գործին:

Հնչեղ դատական գործերով հայտնի դատավորը, որ բավարարել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու միջնորդությունը, «Սասնա ծռեր» զինված խմբի 14 անդամի գործն էր քննել, առաջին դատավորն է, որն անցնում է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով։
Անցած տարի սեպտեմբերի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական պատասխանատվության էր ենթարկել 60-ամյա Արտուշ Գաբրիելյանին:

Լրացում

13:20-ի դրությամբ խորհուրդը գնաց խորհդակցության: 14:30 հրապարակվելու է որոշումը քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG