Մատչելիության հղումներ

Դատավոր Վահե Դոլմազյանը հրաժարվեց քննել Հովիկ Աբրահամյանի գործը

Լրացված

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան, արխիվ

Դատավոր Վահե Դոլմազյանն այսօր հրաժարվեց քննել Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի գործը՝ ինքնաբացարկ հայտնելով։ Պատճառաբանեց՝ երբ Դատախազությունում է եղել, այս գործի օրինականության նկատմամբ վերահսկողություն է իրականացրել:

«Արդարադատություն ըստ էության չի կարող իրականացնել: Եթե նույնիսկ խնդիր դատարանը չտեսնի, ապա անաչառ կողմի մոտ, երրրորդ անձի մոտ կարող է կասկած առաջանալ, որ դատավորը, որը նախաքննության ընթացքում քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական ղեկավարում է իրականացրել կամ օրինականության նկատմամբ հսկողություն է իրականացրել, կարող է որպես դատավոր լինել անաչառ», - հայտարարեց Դոլմազյանը:

Հովիկ Աբրահամյանն այսօր առաջին անգամ էր կանգնում քրեական դատարանի առաջ։ Նախկին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրվում է փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու հոդվածներով:
Այս գործը հարուցվել է դեռ 2018 թվականին և դատարան մտավ միայն 7 տարի անց: Փաստացի Աբրահամյանը մեղադրյալի աթոռին է արդեն 7 տարի:

Այսօր դատարանի բակում նախքան նիստի մեկնարկը լրագրողների հետ ճեպազրույցում Աբրահամյանն ասաց՝ մեղադրանքը չի ընդունում:

«Այսինքն՝ Դուք քաղաքական ենթատե՞քստ եք այս ամեն ինչի մեջ տեսնում», - «Ազատության» այս հարցին նախկին վարչապետը պատասխանեց. - «Կորոշեք: Ես ուրախ եմ, որ դուք ներկա եք, նիստին մասնակցեք՝ կտեսնեք՝ ինչ են խոսում ու ինչ մեղադրանք են առաջադրում, որի հետ համաձայն չեմ, իրականության հետ աղերս չունի, և 7 տարի առաջ սկսվել է այս մեղադրանքի առաջադրումը և մինչև հիմա որևէ տենց լուրջ... »:

Լրագրողներից մեկի հարցին էլ՝ «ըստ Ձեզ, ինչո՞ւ են հիմա ակտիվացրել», Աբրահամյանն արձագանքեց. - «Բա իրենց պիտի հարց տաք»:

Կարճ տևած նիստի ավարտից հետո Հովիկ Աբրահամյանը հրաժարվեց որևէ գնահատական տալ կատարվածին։ Անարձագանք թողեց հարցը՝ արդյոք պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն։

Լրագրողները հիշեցրեցին Աբրահամյանի բարեկամական կապը գործարար Սամվել Կարապետյանի հետ, որ այս պահին անազատության մեջ է իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով: Նախկին բարձրաստիճան պաշտոնյան արձագանքեց՝ իրականացվող քայլերն անհանգստացնող են. - «Բոլորիս են անհանգստացնում»:

Նախկին վարչապետը հունիսի 13-ին ձերբակալվեց, հաջորդ օրը դատարանի որոշմամբ նրա նկատմամբ կիրառվեց խափանման միջոց տնային կալանք, իսկ հուլիսի վերջին արդեն տնային կալանքը փոխվեց վարչական հսկողությամբ։

Մեղադրանքը հաստատվելու դեպքում Հովիկ Աբրահամյանին սպառնում է մինչև 12 տարի ազատազրկում:

Մեկ այլ գործով պետությունը Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում պահանջում է Աբրահամյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի բռնագանձել ենթադրյալ ապօրինի ծագման գույք։ Դատախազությունը պնդում է, որ Աբրահամյանները, ինչպես նաև նախկին վարչապետի վարորդը, թիկնազորի աշխատակիցը, որոնց անուններով ևս նախկին բարձրաստիճան պաշտոնյան գույք է գնել, պետությանը պետք է վերադարձնեն 59 անշարժ գույք,15-ը՝ Երևանում՝ մեծամասամբ կենտրոնում: Բացի այդ, ապօրինի է որակվել 20 ավտոմեքենա, 20 ընկերությունների մասնակցություններ և բաժնետոմսեր։ Եթե դատարանը բավարարի Դատախազության պահանջը, Աբրահամյաններն անշարժ գույքից, բաժնետոմսերից ու փոխառություններից բացի պետությանը պետք է վերադարձնեն նաև ավելի քան 55 միլիոն դոլար։ Այս գործն էլ քննվում է 2023 թվականից:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG