Մերձավանում սպանության կասկածյալը, որ դիմակավորված է եղել, դեռ չի հայտնաբերվել, լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի քննիչ Արտակ Հովհաննիսյանը:
«Դիմակավորված անձն իր մոտ գտնվող ինքնաձիգից կրակահերթ է արձակել Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի և նրա հետ գտնվող ոստիկանության ծառայող Կարեն Աբրահամյանի և քաղաքացի Արծրուն Գալստյանի ուղղությամբ», - ասաց նա:
Ոստիկանությունն այսօր կեսգիշերն անց հաղորդեց՝ Մերձավանում կրակոցներ են հնչել, սպանվել է համայնքի ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանը: Մյուս սպանվածը ոստիկան է, ով Գրիգորյանի ընկերն էր: Արծրուն Գալստյանը վիրավորվել է, նրան վիրահատել են, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:
Քննիչը նշեց, որ տարածքի բոլոր տեսախցիկները վերցվել են քննության համար: Հավելեց, որ ուսումնասիրվում են բոլոր վարկածները, այդ թվում՝ կապը այս տարի Մերձավանում գրանցված մեկ այլ միջադեպի հետ: Փետրվարին Փարաքար խոշորացված համայնքի Մերձավան գյուղի ղեկավար Մհեր Ախտոյանի տան դիմաց կրակոցներ էին հնչել, մեկ մարդ էր զոհվել: Մեղադրանք էր առաջադրվել 9 անձի:
Սպանության, սպանության փորձի դեպքի առթիվ, ինչպես նաև ապօրինի կերպով զենք/հրազեն ձեռք բերելու, կրելու հոդվածով քրեական վարույթ է նախաձեռնվել:
Մանրամասները՝ տեսանյութում.