«Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանին, որ շուրջ 8 ամիս անազատության մեջ էր, չեն արտահանձնի Հայաստան: Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն «Ազատությանը» փոխանցեց, որ այդ մասին որոշում է կայացրել ԱՄՆ Միգրացիոն դատարանը:
Վարդան Ղուկասյանն ԱՄՆ-ում չի կարողանա մնալ, քանի որ, ըստ որոշման, նա խախտել է ԱՄՆ միգրացիոն կարգը: Սակայն փաստաբանը նշեց, որ սահմանված ժամկետում դատարանի որոշումը բողոքարկելու դեպքում դատական ակտն օրինական ուժ չի ստանա, և հետևաբար Ղուկասայանը կշարունակի մնալ Միացյալ Նահանգներում:
Առայժմ հայտնի չէ, թե ԱՄՆ-ից ուր է մեկնելու Վարդան Ղուկասյանը, սակայն փաստաբանը փոխանցեց, որ նա տեղաշարժվելու խնդիր չունի, քանի որ նրա նկատմամբ այլևս միջազգային հետախուզում չկա:
«Ազատությունը» փորձեց այս տեղեկությունը ճշտել նաև Գլխավոր դատախազությունից, սակայն այնտեղից փոխանցեցին, որ չեն մեկնաբանում:
Հայտնի չէ, թե նա արդեն ազատության մեջ է, թե ոչ:
Տևական ժամանակ ուղիղ եթերներից զրկված ու հայաստանյան քաղաքական անցուդարձին մեկուսարանից հեռախոսային ձայնագրություններով անդրադարձող ԴՕԿ կուսակցության ղեկավարը, ԱՄՆ-ի Մաքսային և միգրացիայի վարչության համաձայն, ձերբակալվել էր փետրվարի 20-ին՝ միգրացիոն կարգը խախտելու համար։ Ըստ ամերիկյան կողմի՝ Ղուկասյանը դեռևս 2022-ի փետրվարի 19-ին մուտք էր գործել Միացյալ Նահանգներ, սակայն նախատեսված ժամկետում չի լքել երկիրը։
Միգրացիոն կարգը խախտելուց բացի, Լաս Վեգասի դատարանը պետք է քններ նաև Ղուկասյանին արտահանձնելու մասին Հայաստանի գլխավոր դատախազության դեռևս 2023 թվականի միջնորդությունը։ Հայաստանում նրա դեմ մի շարք հոդվածներով քրեական գործ է հարուցված՝ շորթման, բռնության կոչերի, դատավորի հասցեին սպառնալիքներ հնչեցնելու համար: