Ձերբակալվել է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի (ՍԱՏՄ) օրերս պաշտոնից հեռացված ղեկավարը։ Արմեն Դանիելյանը, ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի, մեղադրվում է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու համար։ Իրավապահները նրան կալանավորելու միջնորդություն են ներկայացրել դատարան։
Թե ինչ քրեական գործ է մասին է խոսքն, ու կոնկրետ ինչ գույք հափշտակելու համար է մեղադրվում ՍԱՏՄ-ն ընդամենը կես տարի ղեկավարած Դանիելյանը, Հակակոռուպցիոն կոմիտեից այս պահին մանրամասներ չեն ներկայացնում։ Մեկնաբանություններից առայժմ հրաժարվում է նաև Արմեն Դանիելյանի փաստաբանը՝ Արմինե Ֆանյանը։ Նա այսօր «Ազատությանը» չասաց նաև՝ արդյոք Դանիելյանն ընդունում է մեղադրանքը, թե ոչ։
Դեռ տարեսկզբին անդրադառնալով իր ղեկավարած կառույցում տեղի ունեցած ենթադրյալ կոռուպցիոն դեպքերին՝ Դանիելյանը հայտարարել էր, որ պետք է ոչ թե առանձին կոռուպցիոն դեպքերի մասով աշխատանք տանել, այլ այդ հնարավորությունը բացառել:
Արմեն Դանիելյանի պաշտոնանկության վերաբերյալ պաշտոնական բացատրություն չի հնչել: Նա ավելի վաղ՝ մինչև ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնը ստանձնելը, զբաղեցրել է վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնը։
Մինչ իշխանությունները շարունակ պնդում են, թե Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, ոլորտի փորձագետները չեն բացառում, որ այն հենց համակարգային է։ Մասնագետներն այդ ասելով՝ մատնանշում են օրինակ հենց «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի՝ կոռուպցիայի ընկալման համաթիվը. այն արդեն երկրորդ տարին անընդմեջ Հայաստանի համար նույնն է՝ դրական 100 առավելագույնից 47 միավոր։
Մինչ այդ լրատվամիջոցները պարբերաբար գրում են ենթադրյալ կոռուպցիոն դեպքերի մասին, որոնք առնչվում են իշխանության տարբեր ներկայացուցիչներին։
Մանրամասները՝ «Ազատության» ռադիոռեպորտաժում.