Մատչելիության հղումներ

Եկեղեցուն պաշտպանելուց հետո աշխատանքից ազատվել է Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոսը


Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների և Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ իշխանության արշավը նոր դրսևորումներ է ստանում՝ այս անգամ արդեն ազդեցություն թողնելով արտերկրում գործող հայաստանյան դիվանագիտական կառույցների վրա:

Երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Եկատերինբուրգում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանը: Հայաստանի արտգործնախարարությունից այսօր չհերքեցին, որ դադարեցվել են Սպարտակյանի գործառույթները: Բայց թե որոնք են պատճառները, ԱԳՆ-ից թեմային չեն անդրադառնում:

Ռուսական մամուլը, մինչդեռ, գրում է, որ պատվավոր հյուպատոսն ազատվել է աշխատանքից, քանի որ դեմ է արտահայտվել Հայ առաքելական եկեղեցու դեմ Հայաստանի իշխանությունների սկսած արշավին, ինչպես նաև ռուսաստանահայ բարերար Սամվել Կարապետյանի կալանավորմանը:

«Ցանկացած գործողություն, որն ուղղված է Հայ առաքելական եկեղեցու դեմ, անթույլատրելի է»,- հարցազրույցում ասել է Սպարտակյանը:

Ինչ վերաբերում է կալանավորված գործարար Սամվել Կարապետյանին, ապա Եկատերինբուրգի արդեն նախկին պատվավոր հյուպատոսն ասել է, թե բոլոր հայերը հարգում են Կարապետյանին, և նա շատերի համար է օրինակ ծառայում, թե ինչպես կարելի է ստեղծել ու կառուցել:

Նարեկ Սպարտակյանը ռուսական լրատվամիջոցի հետ զրույցում ասել է, թե ապրել և շարունակելու է ապրել Եկատերինբուրգում, խոստանալով հայ համայնքի համար անել ամեն ինչ՝ նույնիսկ առանց պատվավոր հյուպատոսի կարգավիճակի:

35-ամյա Սպարտակյանը, որ մեծացել է Եկատերինբուրգում, պատվավոր հյուպատոսի պաշտոնը ստանձնել է 2018-ի օգոստոսին՝ հեղափոխությունից հետո:

Ալեքսանյանը համաձայն չէ, թե Եկատերինբուրգի պատվո հյուպատոսը քաղաքական հաշվեհարդարի է ենթարկվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ՔՊ կուսակցության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը համաձայն չէ դիտարկման հետ, որ Եկատերինբուրգի պատվավոր հյուպատոսը քաղաքական հաշվեհարդարի է ենթարկվել, երբ եկեղեցուն պաշտպանելուց հետո ազատվել է աշխատանքից: Իշխանական պատգամավորի խոսքով՝ պատվավոր հյուպատոսը իրավունք չունի դեմ արտահայտվել իշխանության քաղաքականությանը:

«Պատվավորը հյուպատոսը, իմ ընկալմամբ, առհասարակ իրավունք չունի Հայաստանի Հանրապետության ընտրված իշխանություններին, քաղաքական գծին կամ առհասարակ Հայաստանի Հանրապետության իրավապահ համակարգի գործողություններին դեմ կարծիքներ արտահայտի: <> Դիվանագիտական ծառայությունը մենակ դիվանագիտական համարներ ունենալու համար չէ մեքենայի»:

Պատվո հյուպատոսին պաշտոնանկ անելով՝ մեծ վնաս է հասցվել մարզի հայ համայնքին. քահանա

Եկատերինբուրգի սուրբ Հովհաննես Կարապետ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանի համոզմամբ՝ պատվո հյուպատոսին պաշտոնանկ անելով՝ մեծ վնաս է հասցվել մարզի հայ համայնքին, որտեղ շուրջ 15 հազար հայեր են ապրում, սակայն պաշտոնանկ արված Նարեկ Սպարտակյանի լիազորությունները տարածվում էին նաև Պերմի երկրամասի և Չելյաբինսկի մարզի վրա: Իսկ այժմ, տեր Արիստակեսի խոսքով, մի հսկա մարզ չունի պատվո հյուպատոս, մինչդեռ Ադրբեջանը Եկատերինբուրգում գլխավոր հյուպատոսություն ունի:

«Այն, որ պարոն Սպարտակյանն այստեղ որպես պատվո հյուպատոս մեծ գործ էր անում, դա տեսանելի է, որովհետև ես՝ իբրև տեղի հոգևորական, բազմում անգամ եմ ականատես եղել իր ազգաշահ նախաձեռնություններին, որոնք պատիվ էին բերում մեր ժողովրդին, բոլորը գովեստի խոսքով և բարձր գնահատականով են արձագանքել իր մասին», - ասաց նա:


«Հոգևոր հավաքը կայանալու է, դրա մասին կազդարարվի»

Ի դեպ, վերջին մի քանի օրերին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկեղեցուն ու կաթողիկոսին ուղղված ստատուսներ չի գրել: ՔՊ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանին «Ազատությունը» հարցրեց՝ արդյոք Փաշինյանը հրաժարվել է Վաղարշապատի հրապարակում հոգևոր հավաք անցկացնելու իր մտադրությունից՝ նաև ականջալուր լինելով իրեն ուղղված հորդորներին: Պարզվում է՝ ոչ:

«Ոչ, չեք կարող նման բան կարծել: Թե երբ կլինի, դա հարցի երկրորդ կողմն է, երբ որ լինի, դրա մասին կազդարարվի: Մենք պետք է պաշտպանենք մեր եկեղեցին այն պղծող ուխտազանցներից ու այն բիզնեսի օբյեկտ դիտարկող եկեղեցականներից», - ասաց Ալեքսանյանը:

Հարցին, թե ինչպե՞ս պետք է պաշտպանեն, նպատակ կա՞ հետո մտնել եկեղեցու տարածք, ՔՊ փոխնախագահը պատասխանեց. - «Իրական քրիստոնեական արժեքներին հարիր ձևով, որը գուցե խորթ կլինի մի շարք եկեղեցականների համար: Ես նկատի ունեմ միայն ու բացառապես քրիստոնեական իրական արժեքներով: Միանշանակ բացառում եմ ցանկացած բռնություն»:


«Ելքը ապաշխարելն ու Էջմիածնի պատերը համբուրելն է»

Ի վերջո, ինչպե՞ս պետք է հանգուցալուծվի եկեղեցու և իշխանության միջև շուրջ 2 ամիս ընթացող սուր հակամարտությունը, որն արդեն իր ազդեցությունն է թողնում Սփյուռքի վրա: Այս ամիս էլ Նիժնի Նովգորոդում էր միջադեպ արձանագրվել, հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին արգելել էր դառնալ կնքահայր, ինչը վերածվել էր վիճաբանության:

«Խնդրի լուծման միակ ելքը բոլոր մեղավորների խոնարհ ապաշխարությամբ, ծնկաչոք Սուրբ Էջմիածնի պատերը և դռները համբուրելն է, հետևաբար ով բախվեց այդ քարին, պիտի ջարդուփշուր լինի», - ասաց Տեր Արիստակես Հովհաննիսյանը:

Արդյոք Մայր Աթոռի հոգևոր հովիվը մտավախություն ունի՞, որ Փաշինյանի խոստացած Վաղարաշապատի հրապարակում անցկացվելիք հոգևոր հավաքից հետո ցուցարարները կարող է մուտք գործեն եկեղեցու տարածք, Տեր Արիստակես քահանա Հովհաննիսյանը ոչինչ չի բացառում. «Անաստվածությունը չափ ու սահման չունի: Ամեն ինչ սպասելի է: <>

Ցավոք սրտի, դա այն մթնոլորտն է, որտեղից իրենք միայն սնունդ են առնում, և իրենց կենսագործունեության նախապայմանն է այդ անառողջ վիճակը, իսկ մենք ի՞նչ կարող ենք անել սփյուռքում գործող որպես հոգևորական, միայն տագնապով և միայ աղոթքով զորավիգ լինելով մեր սուրբ եկեղեցուն, բայց թող իմանան, որ աշխարհասփյուռ մեր եկեղեցիների ամեն հայ հոգևորական իր կյանքը պատրաստ է Սուրբ Էջմիածնի զոհասեղանին դնելու և դրանում կասկած չունենան»:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG