Մատչելիության հղումներ

Եռաբլուրում «Արցախի կանչը» հուշահամալիրի բացումը սկանդալով մեկնարկեց


Եռաբլուրում այսօր բացվեց «Արցախի կանչը» հուշահամալիրը, որը նվիրված է Արցախի ազատության համար նահատակվածների, 2023 թվականի սեպտեմբերի 25-ի ողբերգական պայթյունի զոհերի հիշատակին։

Հուշահամալիրի բացման արարողությունը սկանդալով մեկնարկեց. մինչ խաչքարերի օրհնության արարողությունը ԱԱԾ նախկին տնօրեն, այժմ ընդդիմադիր Արթուր Վանեցյանը պնդեց, թե հենց իշխանության հրահանգով տարածքը հոսանքազրկվել է, մինչ այդ էլ արգելվել է, որ համալիրում բարձրախոսներ տեղադրվեն։ Վանեցյանն ասաց, թե իշխանությունից սպառնացել են անգամ ուժ գործադրել։

«Իշխանություններն այսօր փորձել են խոչընդոտել այս միջոցառման անցկացումը։ Սկզբից ուզել են չթողնել, բանավոր մեզ տեղեկացրել են, որ չգաք, բացումն այսօր չանեք, որից հետո ասել են՝ ուժ ենք կիրառելու, բայց հետո երևի հասկացել են, որ նման քայլի գնալը շատ սխալ կլինի իրենց կողմից։ Ուղղակի փոքր վատություն են արել, լույսերն են անջատել, չեն թողել այստեղ բարձրախոսներ տեղադրեն, որպեսզի զոհվածների հարազատներն իրենց սրտի խոսքն ասեն», - լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նախկին պաշտոնյան, սակայն, այդպես էլ չբացահայտեց՝ կոնկրետ ով է սպառնացել կամ ով է հրամայել անջատել զինվորական պանթեոնի հոսանքը. «Ասում են՝ Ալիևը կջղայնանա, ուղիղ տեքստով ասում են», - հայտարարում է Վանեցյանը։

Ավելի ուշ ՀԷՑ-ից հայտնեցին, թե «Եռաբլուր» պանթեոնում տարածքը սնուցող օդային գիծն է վնասվել: Ընկերությունից չեն բացառում՝ դա կարող է արտաքին հնարավոր ներգործության հետևանք լինել: Հայտնում են իրավապահներին հաղորդում ներկայացնելու մասին։

«Արցախցին իրավունք ունի վերադառնալու իր հայրենիք». Շահրամանյան

Սեպտեմբերի 2-ին արցախցիները նշում են Արցախի հռչակման օրը։

1991 թվականի հենց այս օրը հայտարարվեց պետական իշխանության ու կառավարման ժամանակավոր մարմինների ձևավորման մասին։ Հայաթափումից 2 տարի անց էլ արցախցիները շարունակում են բարձրաձայնել իրենց վերադարձի անհրաժեշտության մասին։ Եռաբլուրում Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանը հայտարարեց, որ դա իրենց իրավունքն է. «Արցախցին իրավունք ունի վերադառնալու իր հայրենիք, իր տուն, իր գերեզմանների մոտ, իր սրբությունների մոտ։ Դա մեզ համար փակ թեմա չէ», - լրագրողների հետ զրույցում ասաց Շահրամանյանը։

Նա, սակայն, չհստակեցրեց՝ ինքն օրինակ ինչպես է տեսնում տեղահանվածների վերադարձը, երբ Երևանն ինքն արդեն փակել է այդ թեման։ Ամենաբարձր՝ վարչապետի մակարդակով բազմիցս է հայտարավել, որ արցախցիների վերադարձն իրենց պատմական հայրենիք անիրատեսական է: Իր վերջին ուղերձում Փաշինյանը պնդեց, թե վերադարձի թեման բարձրացնելը վտանգավոր է խաղաղության համար, հորդորեց արցախցիներին տնավորվել Հայաստանում:

Արցախյան հակամարտության կարգավորման նպատակով ստեղծված ու Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ, Ռուսաստան համանախագահությամբ գործող Մինսկի խումբն, ի դեպ, երեկ լուծարվեց։ Դա Բաքվի՝ խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայմաններից էր։ Լուծարման վերաբերյալ պայմանավորվածությունը ամրագրված է օգոստոսի ութին Վաշինգտոնում կնքված համաձայնագրով։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG