Մատչելիության հղումներ

Երբ այցելեք Երևան 2026թ. և Բաքու 2027-ին, կտեսնեք պետություններ, որ աշխատում են խաղաղության ամրապնդման ուղղությամբ. Փաշինյան


Երբ այցելեք Երևան 2026թ. և Բաքու 2027-ին, կտեսնեք երկու պետություն, որոնք աշխատում են խաղաղության և կապակցվածության ամրապնդման և ինստիտուցիոնալացման ուղղությամբ, Կոպենհագենում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի փակման նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանը 2026թ. մայիսի 4-ին պատրաստվում է հյուրընկալել հաջորդ՝ 8-րդ գագաթնաժողովը Երևանում:

Փաշինյանը, շեշտելով, որ Հարավային Կովկասի տարածաշրջանի համար Եվրոպայի հետ ավելի սերտ կապը ռազմավարական նշանակություն ունի, հիշեցրել է, որ 2022 թվականին Պրահայում անցկացված հենց այս գագաթնաժողովի շրջանակներում էր, որ Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատեցին միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը՝ հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։

Անցյալ տարի կրկին ԵՔՀ շրջանակներում Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար աջակցեցին միմյանց թեկնածությունը՝ հյուրընկալելու ԵՔՀ առաջիկա գագաթնաժողովներից մեկը։

«Այս համաձայնագրերը, ըստ էության, հիմք հանդիսացան Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի համար, որտեղ ես և նախագահ Ալիևը խաղաղություն հռչակեցինք։ Եվ այժմ, երբ այցելեք Երևան 2026 թ.-ին և Բաքու` 2027 թ-ին, դուք կտեսնեք երկու պետություն, որոնք աշխատում են խաղաղության և կապակցվածության ամրապնդման և ինստիտուցիոնալացման ուղղությամբ», - ասել է վարչապետ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ հաշվի առնելով սա, ԵՔՀ Երևանի գագաթնաժողովի հիմնական թեմաներից մեկը կլինի կապակցվածությունը։

«Միջին միջանցքի իրականացումը և Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև ապրանքների, էներգիայի, օպտիկամանրաթելային մալուխների անխոչընդոտ կապը ներկայացնում են փոխադարձ հետաքրքրություն», - նկատել է նա։

Փաշինյանը հավելել է, որ Երևանն արդեն սկսել է ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։

XS
SM
MD
LG