Մատչելիության հղումներ

Երևանի քաղաքապետարանը ցանկանում է սահմանափակել դպրոցներում բջջայինների օգտագործումը


Բջջային հեռախոսներ դպրոցում, արխիվ
Բջջային հեռախոսներ դպրոցում, արխիվ

Դասերի, դասամիջոցների ընթացքում Երևանի համար 2 հիմնական դպրոցի աշակերտներին արգելված է բջջայինից օգտվելը՝ բացառությամբ այն դեպքերի, երբ դա դասագրքով է պահանջվում. նոր դասագրքերում հավելյալ տեղեկություններ ստանալու համար ներմուծվել են QR կոդեր, որոնք առանց բջջայինի հնարավոր չէ օգտագործել:

«Եթե դասապրոցեսի ժամանակ որևէ ուսուցչի համար անհրաժեշտություն է՝ աշակերտներն ունենան իրենց ձեռքին սմարթ հեռախոսներ, կարգավորվում է դասղեկների հետ, տրամադրվում է երեխաներին, և երեխաները օգտվում են այդ գործիքից», - «Ազատության» հետ զրույցում ասաց Խաչատուր Աբովյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի տնօրեն Նարինե Նազարյանը:

Այս դպրոցի տնօրինությունը, մայրաքաղաքի մի քանի այլ դպրոցների նման, երեք տարի առաջ ինքնուրույն է որոշել արգելել բջջայինները:

«Ի ուրախություն մեզ՝ մեր ծնողները շատ ակտիվ համագործակցում են և կիսում են դպրոցի որոշումները, չնայած որ նաև համատեղ ենք այդ որոշումը կայացրել: Այնուամենայնիվ, գիտակցում ենք, որ հեռախոսը թերևս երեխայի համար պետք է լինի միայն կապի միջոց, և ծնողի համար այդ դեպքում շատ կարևոր է, որ երեխայի հետ ունենա կապի միջոց, եթե հընթացս ունենում ենք անհրաժեշտություն ծնողի և երեխայի միջև այդ կապը հաստատելու, մեր դասղեկները մշտապես հասանելի են և աջակցում են ծնողներին», - նշեց Նազարյանը:

Հիմա արդեն Երևանի քաղաքապետարանն է ցանկանում սահմանափակումներ մտցնել։ Քաղաքապետարանի կրթության վարչությունը, մասնավորապես, առաջարկում է 1-ից 6-րդ դասարանցիներին արգելել դասաժամերին, միջոցառումների և նույնիսկ դասամիջոցների ընթացքում ունենալ միացված հեռախոս, իսկ 7-ից 12-րդ դասարաններում էլ սահմանափակումներով օգտվել հեռախոսներից։ Քաղաքապետարանն առայժմ առաջարկությունն ուղարկել է դպրոցներին՝ դիտարկումներ ստանալու համար։ Հետո, վերջնական որոշման դեպքում չեն բացառում՝ ուղեցույց կազմել, բայց վերջնական որոշումը դպրոցների հայեցողությանը թողնել։

Ինչպես նշեց քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը, «խոսքը միայն հեռախոսների մասին չի՝ պլանշետների, խելացի ժամացույցների, բոլոր սարքավորումների մասին է»։ «Խիստ սահմանափակումներ՝ բացառապես կրթական նպատակներով և ուսուցչի հրահանգով և վերահսկողությամբ։ Դա կարող է շաբաթական մեկ-երկու անգամ տեղի ունենալ», - ասաց Խաչատրյանը:

Այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում քաղաքապետ Ավինյանը հայտարարեց՝ խոսել են ծնողների հետ, նրանց մեծ մասը խրախուսում է նախաձեռնությունը։

«Դպրոցականները սկզբում որոշակիորեն մի փոքր կընդվզեն այս մեր որոշմանը, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նրանց նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրականորեն են ազդելու», - վստահեցրեց Ավինյանը:

«Մաքսիմում ՖԻՖԱ ենք էլի խաղում». - բջջայինների արգելքն այս դպրոցում շատ աշակերտների սրտով չէ, ամեն մեկն իր պատճառն ունի։ Ոմանք անգամ արդեն գտել են սահմանափակումները շրջանցելու իրենց տարբերակը։ Ոմանք էլ տևական ջանքերից հետո համակերպվել են, որ մի քանի ժամ հեռախոսներից չեն կարողանալու օգտվել. - «Կամաց-կամաց ընտելանում ենք»:

Ուսուցիչները պնդում են՝ բջջայինների արգելքը դասապրոցեսին չի խանգարում։ Հակառակը՝ օգնում է, որ աշակերտները կենտրոնանան դասերի վրա։ Միաժամանակ, ընդունում են, որ որոշ դեպքերում ստիպված են լինում իրենք իրենց սահմանած արգելքը խախտել։

«Եթե անհրաժեշտությունը լինում է, մենք խնդրում ենք դասղեկներին՝ տվյալ պահին տրամադրում են, և այդ պահին երեխաները աշխատում են, և էլի հետ է վերադարձնում դասղեկը, որևէ առանձնապես խնդիր չենք տեսնում: Մյուս կողմից էլ՝ մենք դպոցում ունենք արդեն էլեկտրոնային սենյակներ, որտեղ երեխաներն արդեն տվյալ սենյակներից օգտվում են, և տվյալ նյութերը կարողանում ենք նաև այնտեղ դիտարկել: Այսինքն, հեռախոսների՝ երեխաների մոտից վերցնելը առանձնապես խնդիր չի առաջացնում», - ասաց դպրոցի ուսուցիչ Աննա Մելքոնյանը:

«Ես հեռախոսներ չեմ հավաքում, մենք 1-ին դասարանից մի մեթոդ, այսպես ասած, ունենք՝ պահում ենք հեռախոսը պայուսակի մեջ, անջատում ենք, եթե հանկարծ միացնում են հեռախոսը իրենք, կամ միացրած ես տեսնում եմ՝ հեռախոսը մեկ օրով եմ առաջին անգամ վերցնում, երկրորդ անգամ տեսնելիս զրկում եմ մեկ շաբաթով, երրորդ անգամ տեսնելիս՝ մեկ ամսով, այդ պայմանը մենք ունենք», - նշեց ուսուցիչ Անահիտ Հովհաննիսյանը:

Մինչդեռ քաղաքապետարանն առաջարկում է՝ 1-ից 6-րդ դասարանցիներին ամբողջովին արգելել դասաժամերին, միջոցառումների և նույնիսկ դասամիջոցների ընթացքում օգտվել հեռախոսից։ Արդյո՞ք ամբողջական արգելքը խնդիր չի առաջացնի սովորողների համար։ Քաղաքապետարանից հայտնում են՝ առաջարկությունները վերջնական չեն, ուսուցիչների հետ քննարկումներից հետո կարող է վերանայեն դրանք։

Աշակերտներին հեռախոսները հաճախ հենց դասագրքերի QR կոդերը բացելու համար են անհրաժեշտ լինում, իսկ դրանք որոշ դեպքերում ուղղակի չեն աշխատում։ Այսօր հենց «Ազատության» նկարահանման ընթացքում սովորողները չէին կարողանում բացել մաթեմատիկայի դասագրքի QR կոդը։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG