Մատչելիության հղումներ

Երևանի Պուշկինի անվան դպրոցում պահանջում են պաշտոնում վերանշանակել տնօրենին


Երևանի Պուշկինի անվան դպրոցի 1750 աշակերտներից այսօր դպրոց են գնացել ընդամենը 6-ը։ Նրանցից մեկին՝ Լանա Գևորգյանին, դպրոցում հանդիպեցինք։ Ասաց՝ բոյկոտ է, պահանջում են, որ Կրթության նախարարությունը իրենց տնօրենին՝ Նատալյա Գարևնային, չհեռացնի գործից։

Իսկ դպրոց չեկած աշակերտներն ու նրանց ծնողները նույն պահանջը կրկնում էին Կրթության նախարարության շենքի առջև։

Կրքերը Պուշկինի անվան դպրոցում բորբոքված են դեռ նախորդ շաբաթվանից, երբ պարզ դարձավ, որ դպրոցի տնօրենն իր պաշտոնում չի վերանշանակվի։

Կրթության նախարարությունից ասում են՝ նրա պաշտոնավարման ժամկետը դեռ նախորդ տարի է լրացել։ Նատալյա Ստեփանյանը թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթին մասնակցել է ու երկու անգամ չի հաղթահարել հարցազրույցի փուլը։ Ստեփանյանը մրցույթի արդյունքները բողոքարկել է։ Բողոքի քննությանը ծնողները ցանկանում էին մասնակցել, բայց կրթության փոխնախարար Արաքսիա Սվաջյանն ինքը ընդունեց մի քանի ծնողների։

Գայանե Մուրադյանը, որ այդ հանդիպման մասնակիցներից էր, պատմեց. «Երեք օրվա ընթացքում կհայտարարվի նոր մրցույթ, եթե, մենք հույս ունենք, որ այսօր բողոքարկման արդյունքները դրական կլինեն»:

Ծնողները պնդում են՝ նախարարությունը պիտի բավարարի բողոքը, այսինքն՝ մրցույթի արդյունքում հաղթող ճանաչի Ստեփանյանին ու վերանշանակի տնօրենի պաշտոնում։

Նատալյա Ստեփանյանը Պուշկինի անվան դպրոցի տնօրենն է 2013 թվականից։ Նրանից առաջ 12 տարի մայրն էր տնօրենը։ Պնդում է՝ մրցութային գործընթացը ոչ իրավաչափ ու սուբյեկտիվ է եղել։ Դպրոցի զարգացման ծրագիրը, ըստ Ստեփանյանի, հաստատել են 4-րդ փորձից՝ չհիմնավորելով նախորդ մերժումները։ Հարցազրույցի ժամանակ էլ չի գիտի, թե ինչու են դեմ քվեարկել։

Բողոքարկման նիստին Ստեփանյանին մերժել էին։ Ենթադրվում է՝ տնօրենի նոր մրցույթ կանցկացվի։

Ծնողները պնդում են՝ Պուշկինի անվան դպրոցի տնօրեն չի կարող նշանակվել մարդ, որը Պուշկինի դպրոցը չի ավարտել։ Պիտի պուշկինական լինի՝ 90 տարվա ավանդույթ է։

Մանրամասները՝ «Ազատության» ռեպորտաժում.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG