Մատչելիության հղումներ

Փաշինյան. «Զանգեզուրի միջանցք» չկա, չի եղել և չի լինի Հայաստան-Ադրբեջան որևէ փաստաթղթում

Լրացված

Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի
Լուսանկարը՝ Կառավարության լրատվականի

«Ես խստորեն դատապարտում եմ Ձեր կողմից ապալեգիտիմ բառապաշարի օգտագործումը այս հեղինակավոր դահլիճում և այս հեղինակավոր ինստիտուտում», - այսօր Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով եվրոպացի պատգամավորին:

Մինչ Հայաստանի վարչապետը ադրբեջանական խոսույթն է ուզում կանխել, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» տերմինն այլևս եվրոպացիների բառապաշար է մտնում: ԵԽԽՎ-ում եվրոպացի պատգամավորն այսօր վարչապետին տված հարցի մեջ հենց այդ եզրույթն օգտագործեց, Նիկոլ Փաշինյանը կոչ արեց մինչև հրապարակային ելույթներ ունենալը կարդալ վաշինգտոնյան փաստաթղթերը:

«Որտեղի՞ց այդ արտահայտությունը Ձեզ, որտե՞ղ եք կարդացել էդ արտահայտության մասին: Նման արտահայտություն չկա, չի եղել, և համոզված եղեք՝ չի լինի Հայաստան - Ադրբեջան համաձայնեցված որևէ փաստաթղթում», - ասաց վարչապետը:

Շաբաթ օրը ՄԱԿ-ի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն Իլհամ Ալիևին էր դիմել պարզաբանելու կոչով՝ ի՞նչ նկատի ունի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունն օգտագործելով, պնդել էր, որ հայաստանյան իրականության մեջ դա ընկալվում է որպես տարածքային պահանջ Հայաստանից և կոնֆլիկտային խոսույթի հետ է ասոցացվում։

Վաշինգտոնում վրեժխնդրությունը մերժելու, խաղաղությունն առաջ մղելու հանձնառություն ստանձնած երկու ղեկավարների ելույթներն էլ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցին:

Այսօր Փաշինյանը ԵԽԽՎ հարթակից ավելի կոնկրետացրեց իր ակնկալիքը. - «Իսկ Ադրբեջանի գործընկերներից ակնկալում եմ, որ նրանք ցույց տան՝ քարտեզի վրա ցույց տան, թե որտեղ նկատի ունեն, որ հատվածն են անվանում «Զանգեզուրի միջանցք»: Եթե դա որևէ կերպ վերաբերվում է Հայաստանի ինքնիշխան տարածքին, կներեք, որևէ մեկը, Հայաստանի Հանրապետության տարածքում անուններ որոշելու իրավունք ունի միայն Հայաստանի Հանրապետությունը, հակառակ գործելակերպը նշանակում է Հայաստանի ինքնիշխանության խախտում, ինչի շուրջ բարձրագույն մակարդակով հրապարակային ձեռք է բերվել պայմանավորվածություն»:

Մինչ Բաքվից պատասխան չկա, Ադրբեջանի վարչապետը երեկ էլ մեկ այլ միջազգային հարթակում՝ ԱՊՀ վարչապետների հանդիպմանը կրկնեց «Զանգեզուրի միջանցք» տերմինը:

«Տարածաշրջանում առկա նոր իրողությունները հաշվի առնելով սկսվում է ակտիվ աշխատանքը նոր Զանգեզուրի միջանցքի ուղղությամբ, որը կմիավորի Ադրբեջանը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ», - Ալի Ասադովի հայտարարությունը մեջբերել էր ադրբեջանական պետական «Ազերթաջ» գործակալությունը:

Հայաստանի կառավարությունից փոխանցեցին, որ Ադրբեջանի վարչապետին Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է արձագանքել, որը ԱՊՀ կառավարությունների ղեկավարների՝ Բելառուսում անցկացված հավաքին հեռավար է մասնակցել:

«Փոխվարչապետն Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի ելույթին ի պատասխան հայտնել է, որ հարկ է ձեռնպահ մնալ «Զանգեզուրի միջանցք» տերմինի օգտագործումից՝ հավելելով, որ երկրների միջև ստորագրված բարձր մակարդակի փաստաթղթերի համաձայն ապաշրջափակման համատեքստում պետք է օգտագործել «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» սահմանումը», - տեղեկացրեցին Հայաստանի կառավարությունից:

Հայաստանի վարչապետը չորս օրվա մեջ երկրորդ անգամ կրկնեց հարցադրումը, Ադրբեջանից չկա հրապարակային պատասխան: Իսկ Բաքուն ոչ միայն ներքին քննարկումներում, այլև միջազգային հարթակներում «Թրամփի ուղին» համառորեն շարունակում է «Զանգեզուրի միջանցք» կոչել:

Չնայած իշխանության պնդմանը, որ բոլոր պայմանավորվածությունները հրապարակված են, հաղորդակցությունները բացվելու են պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգմամբ, ընդդիմության կասկածները, թե Հայաստանն Ադրբեջանին ոչ թե ինքնիշխանության ներքո ճանապարհ է տալիս, այլ՝ միջանցք, չեն փարատվում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հարցնում է. - «Հա լավ, դուք ո՞նց եք պայմանավորվել, որ ֆունդամենտալ, կոնցեպտուալ տերմինոլոգիայի վերաբերյալ տարընկալումներ կան, տարբեր ձև եք պատկերացնում, էդ ի՞նչ տիպի համաձայնություն է: Իսկ միգուցե իրական պատճառն այն է, որ իսկապես պայմանավորվել եք անխոչընդոտ ճանապարհ տրամադրել, որն ըստ էության միջանցք է, բայց էստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում, փորձում եք, էսպես, տարբեր ձևակերպումներ,տարբեր փաթեթավորումներ տալ, որպեսզի մինչև ընտրություններ մարդիկ չհասկանան ինչ է կատարվում: Հակառակ դեպքում, դուք ո՞նց եք պատկերացնում, ընդամենը օգոստոսի 8-ին է եղել, է, ոչ հեռու անցյալում, չէիք հասկացե՞լ ինչ եք պայմանավորվում»:

Փաշինյանի թիմակից Հասմիկ Հակոբյանը վարչապետի՝ պարզաբանում պահանջելը ընդդիմության թեզի ուղիղ հերքում է համարում:

«Եթե մենք խոսացած և պայմանավորված և ստորագրած լինեինք ընդդիմության ասած միջանցքը, երբեք չեք պատկերացնի, չէ՞, որ կարող ենք կանգնել, ասել՝ «ի՞նչ նկատի ունես, չէ՞ որ սա ճանապարհ է, և էս, էս, էս պայմաններով է էդ ենթակառուցվածքն ապաշրջափակվելու», - ընդգծեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:

«Մենք էդ էլ ենք հասկանում, գիտե՞ք, էդ էլ է պետք խոստովանել, որ «Խաղաղության խաչմերուկը» բացվեց՝ Ադրբեջանն էլ ասելու է՝ «տեսեք, Զանգեզուրի միջանցքը բացվեց»: Սրան էլ պետք է պատրաստ լինենք», - այս տարվա հունիսին Ստամբուլում հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի վարչապետը մինչև վերջերս խաղաղությունն այլևս կայացած փաստ էր համարում, իսկ այսօր Բաքվից պատասխան է ակնկալում չվերանայած հռետորաբանության վերաբերյալ: Չնայած հունիսին շատ հանգիստ էր վերաբերվում, որ իր կառավարության հեղինակած «Խաղաղության խաչմերուկը» հենց «Զանգեզուրի միջանցք» էլ ադրբեջանցիները կկոչեն, հիմա զայրանում է:

Ի դեպ, թուրք պաշտոնյաներն էլ Զանգեզուր տեղանունն են օգտագործում. տրանսպորտի նախարարն այսօր հայտարարել է, թե «Զանգեզուրի միացումը» «կարագացնի սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների կարգավորումը»։





Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG