Մատչելիության հղումներ

Ֆրանսիան և ևս 5 երկիր ճանաչեցին Պաղեստինի պետությունը

Լրացված

Պաղեստինի և Իսրայելի դրոշները Էյֆելյան աշտարակի վրա, Փարիզ, 21-ը սեպտեմբերի, 2025թ.
Պաղեստինի և Իսրայելի դրոշները Էյֆելյան աշտարակի վրա, Փարիզ, 21-ը սեպտեմբերի, 2025թ.

Ֆրանսիան ու ևս 5 երկիր ճանաչեցին Պաղեստինի պետությունը՝ հետևելով Մեծ Բրիտանիային, Կանադային, Պորտուգալիային ու Ավստրալիային: Նախագահ Էմանյուել Մակրոնն Ֆրանսիայի որոշման մասին հայտարարել է երեկ ուշ երեկոյան՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտությանը նվիրված գագաթնաժողովի ժամանակ, ընդգծելով՝ ամեն ինչ կանեն՝ պահպանելու երկու պետության սկզբունքի հիման վրա հակամարտության կարգավորման հնարավորությունը, քանզի համոզված են՝ դա է միակ ուղին, որն Իսրայելին ու Պաղեստինին թույլ կտա ապրել կողք կողքի՝ խաղաղ և անվտանգ:

«Հավատարիմ լինելով Մերձավոր Արևելքի, իսրայելցի և պաղեստինցի ժողովուրդների միջև խաղաղություն հաստատելու իմ երկրի պատմական հանձնառությանը՝ հայտարարում եմ՝ Ֆրանսիան այսօր ճանաչում է Պաղեստին պետությունը», - ասաց Մակրոնը։

«Համաս»-ը ոչ մի դեր չի ունենա երկրի կառավարման գործում. Պաղեստինի նախագահ


Պաղեստինի նախագահը, որը ելույթ է ունեցել տեսակապով, հայտարարել է՝ «Համաս»-ը, որն Արևմուտքի կողմից ահաբեկչական է ճանաչված, ոչ մի դեր չի ունենա երկրի կառավարման գործում։ Ըստ Մահմուդ Աբբասի՝ «Համաս»-ը և մյուս խմբավորումները պետք է վայր դնեն իրենց զենքերը, և Պաղեստինը պետք է լինի մեկ միասնական պետություն և ունենա օրինական զինված ուժեր:

Մահմուդ Աբբասը նաև հայտնել է՝ պատերազմի ավարտից հետո մեկ տարում նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացնեն, նաև կմշակեն ժամանակավոր սահմանադրություն՝ ինքնավարությունից պետությանը իշխանության փոխանցումն ապահովելու համար։

«Սրա շնորհիվ ոչ մի կուսակցություն կամ անհատ չի մասնակցի ընտրություններին, եթե չհետևի Պաղեստինի ազատագրման կազմակերպության քաղաքական ծրագրին և միջազգային պարտավորություններին», - ասել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Պաղեստինը չճանաչելու այլընտրանքն այն է, որ կմնա մեկ պետության սցենարը, երբ պաղեստինցիները զրկված են իրենց հիմնարար իրավունքներից, վտարված են իրենց տներից և հողերից և ստիպված են ապրել մշտական օկուպացիայի, խտրականության և ուրիշի տիրապետության տակ։ Սա, ըստ Անտոնիու Գուտերեշի, անընդունելի է 21-րդ դարում. «Սա ո՛չ խաղաղություն է, ո՛չ էլ արդարություն: Եվ եկեք հստակ լինենք, պաղեստինցիների համար պետականություն ունենալը իրավունք է, այլ ոչ թե պարգև»։

Արձագանքներ Բրյուսելից

Եվրոպական միությունը, որը միասնական դիրքորոշում չունի այս հարցում, կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Գազայում, ապահովել մարդասիրական օգնության անարգել մուտքը, նաև վերադարձնել իսրայելցի պատանդներին: Եվրոպական խորհրդի նախագահը դատապարտել Է ռազմական գործողությունը, որն Իսրայելի զինուժն իրականացնում է Գազայում:

«Մենք նաև վճռականորեն դատապարտում ենք Արևմտյան ափում բռնության սաստակացումը: Կոչ ենք անում Իսրայելին դադարեցնել վերոնշյալ գործողությունները, ապօրինի բնակավայրերի կառուցումը», - ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

Եվրոպական հանձնաժողովի նախագահն էլ հայտարարել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի երկու պետության սկզբունքի հիման վրա: Ըստ Ուրսուլա ֆոն դեր Լայենի՝ բոլորն են համաձայն, որ Գազայում աղետը պետք է անմիջապես դադարեցվի, և բոլոր պատանդներն ազատ արձակվեն. «Սակայն պատերազմը դադարեցնելը կարող է բավարար չլինել, եթե չկա դեպի խաղաղություն տանող ուղի, եթե երկու պետությունների ստեղծման հեռանկարն այլևս կենսունակ չէ»։

Ավելի շատ ցուցադրական քայլ է. Իսրայելի արձագանքը


Ֆրանսիայի որոշումը չի նպաստում խաղաղության հաստատմանը, հայտարարել է Ֆրանսիայում Իսրայելի դեսպանը: Փոխարենը, ըստ Ջոշուա Զարկայի, դա ապակայունացնում է իրավիճակը. «Ֆրանսիան, դժբախտաբար, դառնում է ապակայունացնող գործոն Մերձավոր Արևելքում: Չգիտեմ՝ ինչ է դրա հետևում թաքնված, ավելի շատ ցուցադրական քայլ է»:

ԱՄՆ նախագահն իր հերթին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի իր ելույթում հայտարարել է՝ Պաղեստինը ճանաչելով՝ այս երկրները նվեր են մատուցում «Համաս»-ին, մինչդեռ այս խմբավորմանը պետք է մեկ ուղերձ հղել. «Հենց հիմա ազատ արձակեք պատանդներին»,- ասել է Դոնալդ Թրամփը:

Պաղեստինցիներն այսօր հանրահավաք են արել Արևմտյան ափի մի քանի քաղաքներում՝ տոնելու Պաղեստինի ճանաչումը: Գազայից տեղահանվածները տարբեր ակնկալիքներ ունեն Պաղեստինի ճանաչումից:

«Մեր հույսն այն է, որ Աստված կդադարեցնի պատերազմը, և վերջ», - ասել է նրանցից մեկը, մյուսն էլ հավելել է. «Ճանաչումը լավ է: Ողջ աշխարհը համաձայն է, որ հրեաները իրավունք ունեն գոյատևելու, և մենք՝ հողի տերերը, իրավունք ունենք գոյատևելու այս հողի վրա»։

Իսրայելական զինուժը շարունակում է ցամաքային հարձակումը

Չնայած Արևմուտքի հորդորներին՝ իսրայելական զինուժը շարունակում է ցամաքային հարձակումը՝ գրավելու Գազա քաղաքը, որտեղ դեռ 650 հազար պաղեստինցի կա:

2023-ի հոկտեմբերին Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակումից հետո Գազայում Իսրայելի գործողություններից ավելի քան 65 հազար պաղեստինցի է սպանվել, վիրավորվել՝ ավելի քան 166 հազարը։ Իսրայելական կողմից սպանվել է 1200 մարդ, պատանդառվել՝ 251-ը, որոնցից ավելի քան 40-ը դեռ գերության մեջ են:

ՄԱԿ-ի հետաքննող հանձնաժողովը 2023-ի հոկտեմբերից հետո Գազայում Իսրայելի գործողությունները ցեղասպանություն է որակել: Առայսօր Պաղեստինը ճանաչել է 155 երկիր:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG