Մինչ Ղազախստանը շարունակում է իրագործել ժամանակակից հսկողության ցանցի կառուցման և թվային ենթակառուցվածքների արդիականացման իր հավակնոտ ծրագիրը, ակտիվիստ Սանժար Բոկաևը սեփական փորձով է պարզել, թե ինչ կարող է նշանակել նման համակարգը իր նման մարդկանց համար։
Հունիսին՝ Ալմաթիի օդանավակայան ժամանելուց հետո, ոստիկանությունը կանգնեցրել է նախկին ղազախ պաշտոնյա Սանժար Բոկաևին, ով դարձել է հայտնի քաղաքական բլոգեր։ Իրավապահները նրան նույնականացրել էին արհեստական բանականությամբ աշխատող, տեղական արտադրության «TargetEYE» անունով դեմքի ճանաչման համակարգի միջոցով, որի տվյալների բազայում նա գրանցված էր որպես «քաղաքացիական ակտիվիստ»։
Բոկաևը հեռախոսով տեսագրել է զրույցի մի մասը, պատմում է՝ մինչև նրան առաջարկել են անցնել ոստիկանական բաժին, իրավապահներից մեկը ցույց է տվել իր էջը տեղեկատվական բազայում, որտեղ նշված էին նրա անձնական տվյալները։
Օդանավակայանի ոստիկանական բաժնում կարճ ժամանակ պահվելուց հետո նա ի վերջո ազատ է արձակվել։ Հետագայում Բոկաևը տեսանյութ է հրապարակել՝ պնդելով, որ իշխանությունը ակտիվիստներին հետևելու համար օգտագործում է առաջադեմ տեխնոլոգիաներ։ Ղազախստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Բոկաևը սխալմամբ էր ավելացվել տվյալների բազայում՝ մեկ այլ անձի հետ արտաքին նմանության պատճառով։ Ներքին գործերի նախարար Երժան Սադենովը հերքել է, թե իշխանությունները հետապնդում են իրենց ընդդիմախոսներին, պնդելով՝ «տեխնոլոգիաները նույնպես կարող են սխալներ թույլ տալ»։
«Դուք կարող եք տեսնել այն տեսանյութում։ Այնտեղ երևում է իմ լուսանկարը, անունը, հայրանունը, և ես նշված եմ որպես «քաղաքացիական ակտիվիստ»։ Ուրիշ ո՞վ կարող է դա լինել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Բոկաևը, հեվելելով, - «Ավելին, այնտեղ ասվում է, որ տվյալների բազան մուտքագրվել է Ներքին գործերի նախարարության ծայրահեղականության դեմ պայքարի վարչության կողմից։ Նույնիսկ մուտքագրող սպայի ազգանունն է գրանցված»։
Բոկաևի և երկրի մյուս ակտիվիստների համար այս միջադեպը հուշում է ամենավատ սցենարը, երբ կառավարության թվայնացման ջանքերը, որոնք ներառում են դեմքի ճանաչման ծրագրակազմով տեղադրված տասնյակ հազարավոր տեսախցիկներ, կենտրոնացված թվային նույնականացման համակարգ և արհեստական բանականության մեջ երկարաժամկետ խոշոր ներդրումներ, կարող են չարաշահվել, մինչ իշխանությունը ձգտում է կանխել 2022-ի հունվարի զանգվածային բողոքի ցույցերի և արյունալի անկարգությունների կրկնությունը, որոնք սպառնում էին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի իշխանությանը։
Այդ մտահոգություններն ավելի լուրջ են թվում՝ հաշվի առնելով, թե որտեղից է գալիս Ղազախստանի թվայնացման ռազմավարության ապարատային և տեխնոլոգիական հիմքը՝ Չինաստանից։
Չինաստանում արտադրված տվյալների սերվերները, հեռահաղորդակցության սարքավորումները, միկրոչիպերը և հսկողության տեսախցիկները դարձել են Ղազախստանի թվային հավակնությունների հիմքը։ Այս ջանքերը ավելի մեծ թափ ստացան սեպտեմբերին, երբ Տոկաևը հայտարարեց արհեստական բանականության նոր նախարարության ստեղծման մասին։
Ըստ փորձագետների՝ մտահոգությունը ոչ միայն այն է, որ Կենտրոնական Ասիայում գտնվող այս երկիրը իր տեխնոլոգիական առաջընթացի համար կարող է կախված մնալ չինական ընկերություններից, այլև այն, որ այն կարող է որպես օրինակ վերցնել Չինաստանը, որտեղ քաղաքացիական ազատություններն ու անձնական կյանքի գաղտնիությունը խաթարված են պետական վերահսկողության և անվտանգության օգտին։
«Չինաստանը թե՛ քաղաքականապես, թե՛ սոցիալապես, լավ մոդել չէ այն բանի համար, թե ինչպես պետք է տեխնոլոգիաները օգտագործվեն ժողովրդավարական երկրում», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է թվային իրավունքների փորձագետ Դանա Մալիկովան, ով աշխատել է Ղազախստանում քաղաքացիական ազատություների պաշտպանությամբ զբաղվող բազմաթիվ խմբերում:
«Չինաստանն ունի առաջադեմ տեխնոլոգիաներ, բայց խնդիրն այն է, թե ինչպես դրանք կօգտագործվեն [Ղազախստանում]», - հավելել է նա։
Տեղական հսկողության համակարգի ստեղծում
Տոկաևը մեծ խաղադրույք է կատարել թվայնացման վրա՝ իր երկրի համար նոր տնտեսական հնարավորությունների ճանապարհ հարթելու նպատակով։ Սեպտեմբերի 8-ին «Երկրի վիճակի մասին» իր ելույթում նա հայտարարեց, որ ցանկանում է «Ղազախստանը երեք տարվա ընթացքում վերածել լիովին թվային պետության»։
Այս ռազմավարության մեջ առանցքային տեղ է զբաղեցնում տեղական ընկերությունների ստեղծումը, որը, ըստ Տոկաևի, կօգնի երկիրը դարձնել տարածաշրջանային տեխնոլոգիական խաղացող։ Ղազախական ընկերություններն արդեն մշակել են մի շարք տեղական արտադրանքներ, որոնք օգտագործվում են ամբողջ երկրում: Դրանց թվում է 2019 թվականին հիմնադրված «TargetAI» ընկերության ստեղծած «TargetEYE» ծրագիրը, որը այս ամռանը նույնականացրել է Բոկաևին։
Ղազախստանի առաջատար տեղական տեխնոլոգիական ընկերություններից շատերը իրենց գործունեության մեջ կիրառում են դեմքի ճանաչման, արհեստական բանականության և կենսաչափական նույնականացման տեխնոլոգիաներ։ Դրան մեծապես նպաստում է երկրի տարբեր շրջաններում՝ փողոցների խաչմերուկներում և շենքերի մոտ տեղադրված տասնյակ հազարավոր հսկողության տեսախցիկներից ստացված տվյալների քանակի շարունակական աճը։
Այս տեսախցիկներից մի մասը տեղադրված է մասնավոր բիզնեսների և անհատների կողմից, սակայն դրանց մեծ մասը գործում է պետական ծրագրերի շրջանակներում և ինտեգրված է «TargetEYE»-ի նման արհեստական բանականությամբ աշխատող դեմքի ճանաչման տեխնոլոգիաների հետ։
«TargetAI» ընկերությունից «Ազատություն» ռադիոկայանին հայտնել են, որ նրանք միայն ապահովում են տեխնոլոգիաները, իսկ թե իրենց արտադրանքը ինչպես է օգտագործվելու, որոշում են իրավապահ մարմինները։
«Շատ դեպքերում մեր ընկերությունը տեղեկություններ չունի այն մասին, թե ինչ նպատակներով կամ ինչպես են կիրառվում հարթակի տեխնիկական գործառույթները», - ասված է ընկերության կողմից «Ազատություն» ռադիոկայանին տրամադրված գրավոր մեկնաբանությունների մեջ։
Ընկերությունից նաև հայտնել են, որ իր հարթակն արդեն ինտեգրված է Ղազախստանի ութ շրջանների ոստիկանական և վերահսկողական համակարգերին։ Այդ հասանելիությունը նպաստել է «TargetEYE»-ի ոստիկանության համար կանխատեսման և արագ արձագանքման կարևոր գործիք դառնալուն։
Սակայն տեղակայման մասշտաբներն ու իշխանությունների կողմից այս տեխնոլոգիայի օգտագործման հետ կապված թափանցիկության պակասը հրատապ հարցեր են առաջացրել պատասխանատվության վերաբերյալ, հատկապես Բոքաևի հետ կապված միջադեպից հետո։
Իշխանությունների աճող հսկողության հնարավորությունները ավելին են, քան սոսկ «TargetAI»-ն է։
«Smart Aqkol»-ը՝ Աստանայից հյուսիս գտնվող մի փոքրիկ քաղաքում փորձարկված «խելացի քաղաք» հայեցակարգի Ղազախստանի տեղական տարբերակը, ստեղծվել է Ղազախստանի ազգային հեռահաղորդակցության ընկերության՝ «Kazakhtelecom»-ի, պետական աջակցությամբ գործող հանքարդյունաբերական ընկերության՝ «Eurasian Resources Group»-ի և ղազախական տեխնոլոգիական «Tengri Lab» ստարտափի միջև կնքված գործարքի շրջանակներում։
Դատելով կառավարության հայտարարություններից՝ մոդելի արդիականությունը վերջին տարիներին նվազել է, քանի որ ավելի մեծ ուշադրություն է դարձվում ներքին հսկողության արտադրանքին։ Սակայն այդ մոդելն ընդգծում է Աստանայի ձգտումը՝ ստեղծելու սեփական տարբերակները։
Մեկ այլ տեղական նախագիծ՝ «Sergek»-ը, մեկնարկել է որպես Աստանայի «խելացի քաղաքի» անվտանգության բաղադրիչի համար արհեստական բանականության վրա հիմնված տվյալների հավաքագրման համակարգ և այդ ժամանակվանից ի վեր դարձել է առավել լայնորեն կիրառվող։
Կառավարությունը հայտարարել է, որ այս նախագծերի նպատակն է ամրապնդել հասարակական անվտանգությունը և պայքարել հանցագործության դեմ՝ «խելացի քաղաք» համակարգերի միջոցով, որոնք տեսախցիկներն ու դեմքի ճանաչման ծրագրերը կապում են ոստիկանական տերմինալների և հրամանատարական կենտրոնների հետ՝ լայնածավալ մոնիթորինգ ապահովելու համար։
Սակայն կան նաև մտահոգություններ այն մասին, թե ինչպես է կառավարությունը օգտագործելու իր կողմից հավաքված բոլոր տվյալները։
«Այստեղ ռիսկը շատ ավելի բարձր է դեմքի ճանաչման համակարգի օգտագործման պատճառով», - ասել է Մալիկովան, - «Այդ կենսաչափական տվյալները [սխալ ձեռքերում] կարող են օգտագործվել ինչպես քաղաքացիների, այնպես էլ երկրի ազգային անվտանգության դեմ»:
Կառավարական ծրագրերի շրջանակներում երկրում տեղադրված տեսախցիկների ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն Ալմաթիի քաղաքապետարանից հայտնել են, որ միայն այդ քաղաքում կա առնվազն 128 հազար տեսախցիկ, որոնք, ըստ «TargetAI»-ի առևտրային տնօրեն Դմիտրի Պանչենկոյի, միացված են իրենց համակարգին։
Տեղական պաշտոնյաների տվյալներով՝ Ատիրաու քաղաքում համակարգին միացված է ևս 6 հազար տեսախցիկ, իսկ Պավլոդարի շրջանում արդեն առնվազն 5 հազար տեսախցիկ կա, որոնք միացված են համակարգին, և նախատեսվում է տեղադրել հավելյալ 4200 նոր տեսախցիկ հաջորդ երեք տարիների ընթացքում։
Ղազախստանի ներքին գործերի նախարարությունը չի պատասխանել «Ազատություն» ռադիոկայանի հարցերին երկրում տեղադրված իր տեսախցիկների քանակի և տվյալների պահպանման ու օգտագործման եղանակի վերաբերյալ։ Գերատեսչության մամուլի խոսնակը միայն ասել է, որ տեսանյութերը «պաշտպանված են ժամանակակից միջոցներով», և մինչ օրս անվտանգության հետ կապված միջադեպեր չեն եղել։
«Ներքին գործերի նախարարության մարմիններում տեղադրված բոլոր տեսախցիկները ենթարկվում են անվտանգության աուդիտների։ Տեղադրված տեսախցիկները միացված չեն ինտերնետին, այլ գործում են փակ կոնտուրով», - ասել է մամուլի խոսնակը։
Արդյո՞ք Ղազախստանը ձգտում է հետևել Չինաստանի մոդելին
Մինչ օրս Ղազախստանի ընդլայնվող հսկողության համակարգը գովաբանվել է իր արդյունավետության և անվտանգության ոլորտում ձեռքբերումների համար։ Մասնավորապես, այն նպաստել է երկրում հանցագործության մակարդակի որոշակի անկմանը և խոշոր քաղաքներում երթևեկության ավելի արդյունավետ կառավարմանը։
Սակայն Տոկաևը նաև խոսել է հսկողության ընդլայնման մասին՝ որպես կարգուկանոնի ապահովման միջոց, հատկապես 2022 թվականի հունվարյան անկարգություններից հետո, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 238 մարդ։ Զոհվածների մեծ մասը քաղաքացիական անձինք էին։ Այդ իրադարձությունների ժամանակ Ղազախստանում ժամանակավորապես տեղակայվեցին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հիմնականում ռուսական զորքերը՝ կարգուկանոնը վերականգնելու նպատակով։
«Ի դեպ, շատ խոշոր քաղաքներում մեր տեղադրած տեսախցիկները շատ դրական դեր են խաղում», - ասել է նա 2022 թվականի փետրվարին ազգին ուղղված իր ուղերձում, երբ բողոքի ցույցերն ու անկարգությունները Ղազախստանում մարել էին։
«Մենք պետք է ոչ միայն վերականգնենք հասարակական կարգը, այլև ավելացնենք տեսախցիկների քանակը։ Խնդիրը մեր քաղաքացիների գործողությունների լիակատար վերահսկողությունը կամ մոնիթորինգը չէ. սա անվտանգության հարց է», - հավելել է նա։
Թեև Տոկաևը բացահայտորեն չի ասել, որ ցանկանում է, որ Ղազախստանը հետևի Չինաստանի քաղաքականությանը, նա գովաբանել է առաջատար չինական ընկերություններին, որոնք դարձել են շուկայի առաջատարներ։ Դրանցից է, օրինակ, հսկողության տեսախցիկների աշխարհի առաջատար արտադրող «Hikvision»-ը, որի գրասենյակ Ղազախստանի նախագահը այցելել է 2019-ին Չինաստան կատարած իր պետական այցի շրջանակներում։
Թե՛ «Hikvision»-ի, թե՛ չինական հսկողության տեսախցիկների մեկ այլ առաջատար արտադրող «Dahua» ընկերության արտադրանքը լայնորեն օգտագործվում է Ղազախստանում։ Սակայն երկու ընկերություններն էլ, որոնք մասամբ պատկանում են պետությանը, 2020 թվականին հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ՝ Սինծիանում ույղուրների և այլ մուսուլմանական փոքրամասնությունների դեմ Պեկինի բռնաճնշումներին օժանդակելու համար։
Երկու ընկերություններն էլ օգտագործվել են և նույնիսկ գովազդվել՝ «կասկածելի» համարվող մարդկանց հետևելու և էթնիկ պատկանելության հիման վրա դեմքերը թիրախավորելու իրենց կարողության համար։
Չնայած չինական ընկերությունները մեծ շուկա են գտել Ղազախստանում, Ղազախստանի կառավարության և Պեկինի միջև համագործակցության ամբողջական ծավալը հայտնի չէ: Աստանայի և չինական ընկերությունների միջև միջկառավարական համաձայնագրերը հրապարակվում են առցանց, սակայն դրանք չեն պարունակում չինական ՏՏ ընկերությունների հետ կնքված պայմանագրերի վերաբերյալ մանրամասներ։ Հանրային տիրույթում էլ չկան մանրամասներ այդ պայմանագրերի պայմանների, պարտավորությունների և ժամկետների վերաբերյալ:
Սակայն սեպտեմբերին չինական մասնավոր «Geedge Networks» ընկերությունից ավելի քան 100 հազար փաստաթղթերի արտահոսքը, մասնավորապես, վկայում է, որ Ղազախստանի կառավարությունը դիմել է Չինաստանին՝ ավելի բարդ գրաքննության և հսկողության համակարգեր գնելու համար:
Ըստ արտահոսած տվյալները ուսումնասիրած գլոբալ թվային դատաբժշկական հետազոտական «InterSecLab» հաստատության՝ Ղազախստանը, կարծես, «Geedge Networks»-ի առաջին միջազգային հաճախորդն է Չինաստանի «Մեծ հրապատի» նման մոդելավորված գրաքննության համակարգի համար։ Այդ համակարգը հնարավորություն է տալիս վերահսկել առցանց տեղեկատվությունը, արգելափակել որոշ կայքեր և VPN գործիքներ, ինչպես նաև լրտեսել որոշակի անհատներին։
«InterSecLab»-ի՝ արտահոսած փաստաթղթերի վերաբերյալ զեկույցում նաև նշվում է, որ Ղազախստանը նախկինում իր հեռահաղորդակցության ցանցերում ցանցային հսկողության սարքավորումների և ծրագրային ապահովման հարցում ապավինել էր Ռուսաստանի «Օպերատիվ-որոնողական միջոցառումների համակարգի» տեխնոլոգիաներին։
Սակայն զեկույցում նշվում է, որ փաստաթղթերը «կարևոր վկայությունն են այն մասին, որ Ղազախստանի ինտերնետային հսկողության սարքավորումները ձեռք են բերվում Չինաստանից՝ «Geedge»-ի միջոցով, այլ ոչ թե Ռուսաստանից, ինչպես ենթադրվում էր նախորդ հետազոտություններում»։
Ղազախստանի գլխավոր հետախուզական գործակալությունը՝ Ազգային անվտանգության կոմիտեն, «Ազատություն» ռադիոկայանի հարցերը վերահասցեագրել է Արհեստական բանականության և թվային զարգացման նախարարությանը, որը պնդել է, որ փաստաթղթերում առկա տեղեկատվությունը «չի համապատասխանում իրականությանը»։
Ինչպիսի՞ն կլինի Ղազախստանի թվային ապագան
Մինչ Չինաստանի մատչելի և առաջադեմ սարքավորումները մեծ դեր են խաղում Ղազախստանում, այդ շուկա մուտք են գործում նաև այլ օտարերկրյա ընկերություններ։
Շվեդական «Axis Communications» և հարավկորեական «Hanwha Vision» ընկերությունների արտադրանքը նույնպես օգտագործվում է ամբողջ երկրում։ Աստանան վերջերս հայտարարեց նաև «Presight AI»-ի հետ գործարքի մասին։ «Presight AI» ընկերությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պետական աջակցություն ունեցող ստարտափ է, որը շահել է խոշոր պայմանագիր՝ Աստանայում «Sergek»-ի երթևեկության մոնիտորինգի համակարգը փոխարինելու համար։ Գործարքը նախատեսում է Ղազախստանի մայրաքաղաքում տեղադրել 22 հազար նոր տեսախցիկ, որոնք այնուհետև կմիանան էմիրաթական ծրագրին։
Ղազախստանի խոշոր քաղաքների շատ նորակառույց բնակելի շենքերի մուտքերի մոտ տեղադրվել են «Face ID» սարքեր, որոնք բնակիչներին հնարավորություն են տալիս բանալու փոխարեն օգտվել իրենց դեմքի կենսաչափական տվյալներից։
Ղազախստանի կառավարությունը 2024 թվականի հոկտեմբերին նաև հայտարարեց հեռակա կենսաչափական նույնականացման կենտրոնացված ազգային համակարգ գործարկելու ծրագրերի մասին, որը կներդրվի բոլոր խոշոր ոլորտներում: Այնուհետև, օգոստոսին, Ղազախստանը պարտադրեց բանկերին և միկրոֆինանսական կազմակերպություններին իրականացնել կենսաչափական նույնականացում առցանց վարկեր տրամադրելու համար։
Լոնդոնի Քինգս քոլեջի DIGISILK նախագծի ասոցացված գիտաշխատող Օյունա Բալդակովան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ Ղազախստանում մանրամասն տվյալների աճող կենտրոնացումը մի շարք անվտանգային խոցելիություններ է առաջացնում։ Կենտրոնացված տվյալների բազան ոչ միայն խոցելի է դառնում հնարավոր հաքերային հարձակումների նկատմամբ, այլև կարող է արտահոսել, ինչպես դա տեղի ունեցավ հունիսին։
Այն կարող է նաև վաճառվել ընկերություններին կամ այլ կառավարություններին կամ օգտագործվել անհատ քաղաքացիներին վերահսկելու համար։
«Ժամանակի ընթացքում դուք կունենաք տվյալների այնպիսի մակարդակ, որում պետությունը կարող է ներգրավվել և հետևել մարդկանց», - «Ազատություն» ռադիոկայանին ասել է Բալդակովան՝ ավելացնելով, - «Սա կարող է լուրջ խնդիր լինել հակակշիռների և զսպումների պատշաճ մեխանիզմներից զուրկ համակարգում»:
Ըստ փորձագետի՝ Ղազախստանի ներսում դեռևս թվային բաց կա քաղաքային կենտրոնների և երկրի մեծ մասի միջև, որտեղ կապը թույլ է կամ ընդհանրապես ինտերնետ չկա։
Ղազախստանի կառավարությունը նաև հայտարարել է, որ ներկայումս դեռևս բավարար քանակությամբ ինժեներներ չեն հավաքագրվում իր թվային համակարգերը կառուցելու համար, և որ այն փորձում է ավելի շատ օտարերկրյա ներդրումներ ներգրավել արհեստական բանականության ոլորտի մեջ: Բալդակովայի խոսքով՝ Ղազախստանում դեռևս «բավարար կարողություններ չկան» Տոկաևի կողմից ուրվագծված լիովին թվային պետության հասնելու համար:
«Միևնույն ժամանակ, պետությունը դեռևս ունի որոշակի հետաքրքրություն ներկայացնող անձանց առանձնացնելու կարողություն։ Նրանք դեռևս կարող են հետևել նրանց այս թվային համակարգերի, ինտերնետի և հեռահաղորդակցության ցանցերի միջոցով», - ասել է նա։
Նյութը պատրաստվել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի ղազախական ծառայության թղթակից Ժոլդաս Օրիսբաևի՝ Աստանայից և Չինաստանի գլոբալ հարցերով թղթակից Ռեյդ Սթենդիշի՝ Պրահայից հաղորդումների հիման վրա: