Մատչելիության հղումներ

Գործադիրը որոշել է համաներում կիրառել պետական տուրքը չվճարած 5000 տաքսու վարորդների համար, որքանո՞վ է արդար օրինապահների հանդեպ


Կառավարութունը որոշել է համաներում կիրառել անհատ տաքսու վարորդների համար, որոնք 2015-2019 թվականներին ստացել էին լիցենզիա, սակայն չէին վճարել պետական տուրքը՝ կուտակելով պարտքեր:

1,3 միլիարդ դրամի պետական տուրքի պարտավորություններ են կուտակվել

Թեև 2019 թվականին անհատ տաքսիների համար այդ տուրքերը հանվել էին, այլ կարգավորումներ էին մտցվել, բայց չվճարողների պարտքը և կուտակված տույժերը մնացել էին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հաշվարկով՝ տուրքը չի վճարել լիցենզիա ստացած վարորդների կեսը՝ ավելի քան 5 հազարը. «Կուտակվել են պետական տուրքի պարտավորություններ, որի ընդհանուր գումարը կազմում է 1,3 միլիարդ դրամ, որից տուրքը 900 միլիոնից ավելի է, իսկ տույժը շուրջ 400 միլիոն դրամի չափով», - ասում է պաշտոնյան:

Ընդ որում, ուշագրավ է, որ ավելի վաղ կառավարությունը ներել էր այն տաքսիստներին, ովքեր ապօրինի դաշտում էին գործել, առանց լիցենզիայի էին վարել և տեսչական մարմինների կողմից տուգանվել էին, մինչդեռ լիցենզիա ունեցող, բայց պետական տուրքը չվճարածների հարցը 2019 թվականից մինչև հիմա՝ 6 տարի շարունակ մոռացվել էր:

«Ֆիզիկական անձինք, որոնք գործել են լիցենզավորման դաշտից դուրս, այսինքն՝ ապօրինի փոխադրումներ են իրականացրել և տեսչական մարմինների կողմից տուգանվել են, այդ տուգանքները համաներվել են: Իսկ այն ֆիզիկական անձինք, որոնք լիցենզիայի պահանջներին համապատասխանել են, սակայն տուրքերի մասով ունեցել են ոչ ամբողջական չմարված պարտավորություններ, այս մասով համաներում չի ենթադրվել», - ասում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

Որքանո՞վ է արդար օրինապահ վարորդների հանդեպ

ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Թադևոս Ավետիսյանն, ընդհանուր առմամբ, կողմ է, որ տարիներ առաջ կուտակված այդ պարտքը մարդկանց վրայից դուրս գա, բայց հարց է բարձրացնում, որքանո՞վ է արդար օրինապահների հանդեպ:

«Ճիշտ է, դրական է, բայց շատերի համար նաև անարդար է, որովհետև այդ ժամանակահատվածում մարդիկ, ովքեր պատշաճ կատարել են իրենց պարտավորությունները, պիտի ասեն՝ լավ, ինչի՞ մենք տարանք մուծեցինք տարեկան գումարը, հիմա դա համաներվում է: Նման հարցերն ունեն երկու երես», - նկատում է պատգամավորը:

Անհատ տաքսու վարորդ Արմենը նրանցից մեկն է. պարտաճանաչ վճարել է, ոչ մի պարտք չի կուտակել. «Պարտք չունեի, մինչև վերջին օրը ասեցին՝ 12 հազարը էլ պետք չի մուծել: 12 հազար ամիսը ես տալիս էի: Նույնը եղել է ակտերը. ես լրիվ մուծել եմ, հիմա ներում է եղել»:

Վարորդն ասում է՝ կցանկանար, որ իրենց՝ տաքսիստների կյանքը բարդացնելու փոխարեն, մի քիչ հեշտացնեին. ՀԴՄ սարք ու հաշվապահություն չպահանջեին, պարզ և տանելի տուրք սահմանեին, որը առանց գլխացավանքի կվճարեին ու կվարեին: Մշտական հաճախորդներ ունեցողներն, ասում է, եթե ցանկանան խուսափել՝ այսպես թե այնպես կարող են:

Անհատ վարորդների պաշտպանության կենտրոնից Պողոս Օղլուկյանն ասում է՝ իրենց ոլորտում փոփոխություններ են կատարում հաճախ առանց ոլորտի ներկայացուցիչների հետ խորհրդակցելու: Մարդիկ էլ նորամուծություններին հաճախ չեն հետևում: Արդյունքում՝ կառավարությունը փոխում է կանոնները, ապա ստիպված լինում համաներել խախտողների անհույս պարտքերը, ինչը հասարակությանը սխալ ազդակներ է փոխանցում. «Մեր պետությունն ասում է՝ ուղեղդ շարժի, ինչքան կարող ես դու ինձ խաբի, եթե կբռնեմ,այն ժամանակ պատասխան կտաս: Եթե չեմ բռնի, հալալա քեզ, վայելի, ինչ արել ես: Հասկանում եք, գոնե մարդկանց մեջ պարտաճանաչություն մտցնեն, օրենքին ենթարկվել», - ասում է Օղլուկյանը:

«Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Դավիթ Պեդանյանը ևս կարծում է, որ կառավարության այս գործելաոճը նոր օրինաչափություն է ստեղծում. «Այսինքն, եթե դու մի քանի հազար քաղաքացու սովորեցնում ես, որ այս տեսակի բացառություններ են լինելու, այդ բացառությունները մարդիկ սկսում են ակնկալել, որ հաճախ լինելու են: Մի կողմից լավ բացառություն է, դե ինչ-որ մարդիկ էլ հաստատ արժանի են այդ բացառությանը, բայց մյուս կողմից էլ, բնականաբար, հաջորդ անգամ, երբ այս տեսակի տույժեր լինեն, էլի մարդիկ սպասելու են, որ համաներում կլինի»:

Ոլորտի հասարակական կազմակերպությունները կառավարության այս որոշումը նաև հաջորդ տարվա ընտրությունների հետ են կապում:

Անհատ տաքսու վարորդների կողմից 2015-19 թվականներին չվճարած տուրքերն ու կուտակած տույժերը համաներելու որոշումը դեռ պետք է քննարկվի խորհրդարանում՝ հաջորդ քառօրյայում:

XS
SM
MD
LG