Լոռու մարզի Գուգարք գյուղ տանող հիմնանորոգված ճանապարհներին անձրևի ժամանակ իսկական հեղեղ է: Ջրահեռացում չունեցող հատվածում կուտակված անձրևաջրերի տակ նոր արված, դեռ սև ասֆալտը չի երևում: Ճանապարհին հատվող փողոցից ուղիղ այստեղ է լցվում ջրի ամբողջ քանակը: Մինչդեռ այսօր Վանաձորի համայնքապետն ու նրա ենթակաները Գուգարք էին գնացել ոչ թե այս թերությունները նկատելու և այդ մասին հրապարակում անելու, այլև շարունակվող հիմնանորոգումը ցույց տալու համար:
Տեսանյութից չի երևում՝ Գուգարքի բնակիչները մոտեցե՞լ են համայնքապետին, հայտնե՞լ են իրենց մտահոգությունները, որոնք ավելի վաղ «Ազատության» հետ էին կիսել: Չնայած ուրախ են, որ 30 տարի չվերանորոգված ճանապարհին ի վերջո ասֆալտապատող տեխնիկա է հայտնվել, բայց գյուղացիների ուրախությունն այնքան էլ անամպ չէ. մի կողմից՝ նոր ասֆալտ, մյուս կողմից՝ հին մտավախություններ։ Ո՞վ կերաշխավորի, որ ճանապարհի վրա պետական ու համայնքային միջոցներից ծախսված 215 միլիոն դրամը շատ շուտով ջուրը չի տանի:
Բնակիչները մտահոգված են՝ եթե հատվող ճանապարհից նորակառույց փողոց լցվող տիղմի ու անձրևաջրերի հոսքը չկանխվի, կարճ ժամանակ անց ջուրը կքշի, կտանի նոր գցված ասֆալտը:
Ռաֆիկ Ջալալյանը, որի տունը հենց հիմնանորոգված փողոցի վրա է, ցույց է տալիս մետաղական մի քանի համեստ անցքերը, որոնք, իր խոսքերով, ամենևին էլ հուսալի չեն ջրահեռացման համար. - «Անձրևն էկավ շատ ուժեղ՝ նորից փոս ա քցելու»:
Մասնագիտական քննադատություն հնչեց նաև Ջալալյանի հարևանից, որը 30 տարի Ռուսաստանում ասֆալտ է փռել, ճանապարհ կառուցել: Թեև հրաժարվում է հրապարակային ներկայանալ, վստահաբար պնդում է, որ հայկական ստանդարտները հեռու են միջազգայինից, և կասկածում է, թե այս ճանապարհը երկար կյանք կունենա. - «Քերիլն ինչ կապ ունի, կարող ա լապատկով էլ քերեն, որ ձութ չեն լցրել տակը, շիբին [խիճ՝ ռուս.] չեն լցրել, ձմեռը վեր տի կենալ էս ասֆալտը կորչի: Ոնց որ առանց յուղի ճաշն էփես, ասես «շատ համով ճաշ ա, կերեք»: Ո՞վ կուտի՝ ոչ մեկը»:
Ճանապարհաշինության որակի խնդիրը դեռ անցած տարի սեպտեմբերին Կառավարության նիստերի դահլիճ էր հասել։ Անցած տարի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում կառուցվող ճանապարհների որակի հարցում ավելի կասկածամիտ էր գտնվել, քան Գուգարքի բնակիչները: Փաշինյանը չէր թաքցրել իր կասկածները, թե շինարարներն ու վերահսկողները «չարամիտ պայմանավորվածություն» կարող են կնքել ու որոշել՝ հատկապես կառուցված որ հատվածներից պետք է նմուշառում կատարվի լաբորատոր ստուգման համար։
«Եթե որևէ մեկը չարամիտ ա, կամ կա չարամիտ պայմանավորվածություն, ոչ մի բան չի խանգարում 10 մետր կամ 50 մետր կամ 100 մետր անել բոլոր ստանդարտներին համապատասխան ճանապարհ, էն մնացածը ... կամ հինգ հատ 10 մետր, կամ հինգ հատ 50 մետր անել և հանույթները իրականացնել է՛դ տեղից: Այսինքն՝ ո՞նց ա որոշվում: Սա հարց ա, որ ես վստահ չեմ, որ մենք էս հարցում ունենք էն մեխանիզմը, որը մեզ պետք ա», - հայտարարել էր վարչապետը:
Տարածքային կառավարման այդ ժամանակվա նախարար Գնել Սանոսյանն էլ պատկերավոր նկարագրել էր՝ ինչ է տեղի ունենում վատորակ շինանյութ՝ բիտում, օգտագործելու դեպքում. - «Ճաքեր են առաջանում, երկու շերտն են իրարից առանձնանում: Եվ մենք դեպքեր ունենք, երբ որ որակն այնքան վատ է, որ ուղղակի էդ շերտերը պետք է քանդեն, հեռացնեն; Նման դեպքեր էլ ունենք, երբ որ ամբողջը քանդում են: Նույնիսկ դեպք ունենք, երբ որ էդ խտացման ընթացքում էնքան բիտումի որակը վատ է, որ ճանապարհը սկսում է լայնանալ, ներողություն՝ ռեզինի նման սկսում է ասֆալտը ձգվել»:
Այդ ժամանակ գործադիրի անդամներն անգամ չէին խոսում առանց բիտումի ճանապարհաշինության մասին: Մինչդեռ «Ուղղակի ժողովրդավարություն» ՀԿ-ի ղեկավար Գևորգ Քոթանջյանն ուսումնասիրել ու ասում է, որ Գուգարքի ավտոճանապարհի դեպքում «Շինէքսպորտ» ընկերության կազմած նախագծում բիտում նախատեսված է միայն փոսային նորոգման հատվածներում։ Հիմնանորոգման դեպքում նախագծողը, փաստորեն, ասֆալտն ավելի հուսալի դարձնող մազութի շերտ՝ բիտում, չի նախատեսել: Սա, ըստ իրավապաշտպանի, կասկած է հարուցում, որ 215 միլիոն դրամն անտեղի ծախս կդառնա: Հենց այսքան կարժենա Գուգարք բնակավայրի երկուսուկես կիլոմետր փողոցների հիմնանորոգումը, որի իրավունքն ստացել է «ԱՏ Քոմփանի» ընկերությունը: Հարցը մնում է բաց՝ արդյո՞ք այս ներդրումը կարդարացնի իրեն, ասում է Քոթանջյանը։
Մայիսի սկզբին վարչապետը Լոռու մարզում զննելով նոր կառուցվող այլ ճանապարհներ, նշել էր, թե անորակ հատվածներ կան, որ ընդունման ենթակա չեն։ Ինչո՞ւ տեխնիկական վերահսկողները, որոնց ծառայության համար ևս պետական ու համայնքային բյուջեներից միլիոններ են վճարվում, ինչպես նաև պետական պատվիրատու կառույցները շինարարության ընթացքում չեն միջամտում, իսկ թերությունները հայտնաբերվում են միայն վերջում։ Իրավապաշտպան Գևորգ Քոթանջյանն ասում է. - «Հսկողություն իրականացնող կա, որոնք որ ոչ թե պետք ա գան վերջում ինչ-որ եզրակացություն տան և փող չփոխանցեն, այլ պետք ա հենց ամենասկզբից գան, կանգնեն, ստուգեն, թույլ չտան էդպիսի բաներ»:
Մինչ այդ, գուգարքցիները շարունակում են հուսալ, որ նոր ճանապարհը գոնե մի քանի անձրև, գուցե մի քանի տարի կդիմանա։ Գնումների պաշտոնական կայքից երևում է, որ հիմնանորոգվող ճանապարհի համար նախատեսված 215 միլիոնից 61,5 միլիոն դրամը համայնքապետարանն արդեն վճարել է «ԱՏ Քոմփանի» ընկերությանը:
Թե ո՞ր աշխատանքներն են ավարտված համարվել ու ո՞ր հատվածների դիմաց է վճարել տեղի իշխանությունը, աշխատանքի ընդունման ակտն ստորագրած Էդիկ Հունանյանը չմանրամասնեց: Համայնքի ղեկավարի խորհրդականն ասաց՝ անձամբ դեռ Գուգարքում է ու ծանրաբեռնված աշխատում է տեղում: Դպրոցի հարակից հատվածում, որտեղ արդեն աշխատանք չի ընթանում ու կարծես գործն ավարտված է, նորակառույց ճամփեզրին կոտրված, կողաշրջված ու հին եզրաքարեր են երևում: Ճանապարհի թերությունների մասին հավանաբար կխոսեն հաջորդ անգամ, երբ դարձյալ այս թեմայով նոր ջրեր կհոսեն: