Մատչելիության հղումներ

Գյումրիում նորոգվող 15 դպրոցներից միայն 3-ը սեպտեմբերի 1-ին պատրաստ կլինի ընդունել աշակերտներին


Գյումրիի թիվ 7 դպրոց, օգոստոս, 2025
Գյումրիի թիվ 7 դպրոց, օգոստոս, 2025

Գյումրիում նորոգվող 15 դպրոցներից միայն 3-ը սեպտեմբերի 1-ին պատրաստ կլինի ընդունել աշակերտներին: Մնացած 12-ում դասերն անցնելու են կա՛մ հարևան դպրոցներում, կա՛մ այդ դպրոցի մասնաշենքերից մեկում, որտեղ շինաշխատանքներն ավարտված կլինեն:

Գյումրիի ամենամեծ՝ շուրջ 1200 աշակերտ ունեցող թիվ 7 դպրոցը ժամանակավորապես 2 այլ դպրոցների միջև կկիսվի, մինչև կավարտվեն շինարարական աշխատանքները: Դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանն ասում է՝ այնպես են կիսել դպրոցը, որ խնդիրներ ավելի քիչ լինեն. «Մենք ունենք 40 դասարան, որից 21-ը տարրական դասարաններ են, դրանք 4-րդ դպրոցում կտեղավորվեն՝ առանձին մասնաշենք է տրված մեզ, նաև 10-րդ դպրոց արդեն միջին դասարանները պետք է գան: Հարմար կլինի, որևիցե մի բաղադրիչ չի տուժում այստեղ, խառը չեմ տարել էլի, որ խնդիրներ առաջանան»:

Հյուրընկալ դպրոցները որոշ առումներով իրենց նեղություն են տվել, որ հյուրերի համար լավ լինի: «Լավագույն դասասենյակները տնօրինությունները տվել են մեր տնօրինությանը, հերթերը ամբողջությամբ համապատասխանում են մեր ցանկությանը, նույնիսկ իրենք որոշ չափով անհարմարության մեջ են, բայց մեր ցանկություններին ընդառաջ են գնացել, որովհետև հյուրընկալ դպրոցներ են», - ասում է թիվ 7 դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը:

Թիվ 10 դպրոցում շրջեցինք 7-րդ դպրոցին հատկացված դասասենյակներով: Գույքի որոշ մասը հասցրել են տեղափոխել:

Կարապետյանն ասում է՝ իրենք կարող էին մասնաշենքերից մեկում դաս անել, բայց դա անվտանգ չէր լինի հենց աշակերտների համար. «Շատ օրեր առաջ, ես գիտեի, որ այսպես պիտի լիներ: Իմ ցանկությունն ու խնդրանքն էր մարզպետին, որ ամբողջ դպրոցը վերջանար, նոր: Մենք գերակա ենք դարձրել երեխայի անտվանգությունը, և երեխայի սովորելու իրավունքը չխաթարվի»:

Հեռավար ուսուցման անցնելու հարց այս պահին չկա

Լուրեր կան նաև, որ Գյումրիի որոշ դպրոցներ հնարավոր է հեռավար ուսուցման անցնեն: Մարզպետարանից ասացին, որ այս պահին նման հարց չկա: Ամեն դեպքում այդ տարբերակը ևս քննարկվել է, բայց նախընտրելի չի եղել: «Հեռավարի մենք դեմ ենք: Կանխատեսելի էր, այնպես չէ, որ անկանխատեսելի որոշում ենք արել: Սա լուրջ քննարկման արդյունքում է եղել մարզպետարանի հետ: Որքան էլ որ հեռավարը իրավաչափ որոշում է, բայց, ամեն դեպքում, կենդանի դասապրոցեսն ավելի լավ է: Մարզպետարանի պահանջն էր, որ երեխաները դասից չկտրվեն: Ամեն մի դետալ քննարկվել է», - ասում է թիվ 7 դպրոցի տնօրենը:

Թիվ 7 դպրոցը 1998 թվականին է շահագործվել, բայց այստեղ 27 տարի կապիտալ նորոգում չի իրականցվել: Հիմա շուրջ 420 մլն դրամ է նախատեսվել միայն շենքի հիմնանորոգման համար, դպրոցը նաև կահավորվելու է. «Լրիվ նոր գույք են բերելու: Մենք ուզեցինք, որ մտնենք մի դպրոց, որն ամբողջությամբ հիմնանորոգված է և լրիվ նոր գույք է ունենալու», - ընդգծեց Գյումրիի ամենամեծ դպրոցի տնօրենը:

Հունիսին՝ այսինքն ամառային արձակուրդին մեկնարկած շինարարական աշխատանքներն, ըստ ժամանակացույցի, պետք է 210 օր կամ յոթ ամիս տևեն:

Թիվ 7 դպրոցի տնօրենն ասում է՝ շինարարն իրենց ավելի շուտ շահագործելու խոստում է տվել, ակնկալում են, որ 2 ամսից կվերադառնան իրենց շենք:

Փաստացի, եթե շինարարները ժամանակացույցը պահպանեն՝ վերանորոգվող դպրոցներում ևս չորս ամիս շինաշխատանքներ կլինեն:

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում ևս 10 դպրոց ժամանակավորապես կտեղափոխվի այլ շենք: Ընդհանուր առմամբ մարզում 27 դպրոց է նորոգվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG