Պորտուգալիայից կրած 0:5 հաշվով պարտությունը հարված էր, որը շուտ չի մոռացվի. Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը Իռլանդիայի հետ վաղը կայանալիք հանդիպմանն ընդառաջ այս խոսքերով սկսեց ասուլիսը:
«Ինքը իրա հետքը թողում է, որովհետև մենք Հայաստանի հավաքական ենք, ամեն պարտություն, առավել ևս՝ խոշոր, մեր վրա շատ ազդում է ու կազդե: Բայց աշխատանք ենք տանում, աշխատանք ենք տանում, որ այդ հարցերը կարողանանք լուծել», - ասաց Մելիքյանը:
Շաբաթ երեկոյան կայացած հանդիպումն անհաջող դասավորվեց Հայաստանի ընտրանու համար: Վիճակագրությունը խոսուն է՝ սեփական հարկի տակ Հայաստանի հավաքականը 7 հարված է կատարել մրցակցի 23-ի դիմաց: Հյուրերը մոտ 600 անգամ փոխանցում են կատարել, Հայաստանի հավաքականը՝ 221:
Թե որն էր Պորտուգալիայի հետ խաղից առաջ Եղիշե Մելիքյանի խոստացած անակնկալը, նա այսօր չպարզաբանեց. ինչ էլ որ նախատեսել էր՝ իրագործել չհաջողվեց:
Ամեն դեպքում՝ ընտրանու գլխավոր մարզչի տրամադրությունն այսօր բարձր էր. - «Անակնկալ չէ, սյուրպրիզ էի ասել, չէ՞, էդ սյուրպրիզը հիմա ասեմ. շատ ուրախ եմ, որ մինչև դառել ա դա հումոր և ՏիկՏոկով և չգիտեմ ինչ, ես ուրախ եմ, որ կարողացա ինչ-որ բանով ուրախացնեմ մեր ժողովրդին, եթե ոչ հաղթանակով»:
Տհաճ հանդիպում էր, խաղից հետո իրենց տպավորություններն էին ներկայացնում երկրպագուները, ասում են՝ ֆեդերացիայի ղեկավարության փոփոխություն է պետք.
«Ինձ թվում ա՝ խնդիրները ավելի խորքային ու ավելի վերևից են գալիս: Փոփոխություններ են պետք՝ մարդիկ, ովքեր իրանց տեղում չեն, պետք ա ուղղակի ըտեղ էլ չլինեն», - «Ազատությանն» ասաց մի երկրպագու:
Այժմ ֆուտբոլով զբաղվող երեխաներն էլ վերլուծում էին ընտրանու խաղն ու խոստանում՝ երբ հերթն իրենց հասնի, ավելի լավ հանդես կգան.
«Դասավորված չէին խաղում, խառնված էին խաղում: Որ լարված մի քիչ չլինեին, ավելի լավ կխաղային իրանք»:
«Էն էր ամենամեծ խնդիրը Հայաստանի հավաքականում, որ Պորտուգալիայում սաղ՝ նույնիսկ Ռոնալդուն գնում էր պաշտպանության, իսկ Հայաստանում նույնիսկ կիսապաշտպանները մնում էին հարձակվողների տեղը: Ասենք՝ մի հատ գոլ իրանց խփում են, իրանք սկսում են խառնվել իրար ու արդեն սկսում են գնալով ավելի վատ խաղալ»:
Երկրպագուներից մեկին էլ տխրեցրել էր ոչ թե բուն հանդիպումը, Ռոնալդուի պատկերով մեծ դաջվածք ունեցող երիտասարդի նպատակը նրան հանդիպելն էր, չստացվեց. - «Ես իրական երկրպագու լինելով՝ ինձ հնարավորություն չընձեռնվեց իր հետ հանդիպելու: Սկսած օդանավակայանից, ընդհուպ մինչև հյուրանոցները՝ ամենամաքսիմալ շանսը փորձում եմ, բայց չի ստացվում իրա հետ հանդիպելը»:
Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում վաղը Հայաստանի ընտրանին կընդունի աշխարհի առաջնության որակավորման փուլի հաջորդ մրցակցին՝ Իռլանդիային. գլխավոր մարզիչը հայտարարում է՝ ծրագիր ունի:
«Իռլանդիան էլ ուժեղ թիմ է մեր համար, բայց հաղթելը ավելի ռեալնի է, և պետք ա մեծ ցանկության դեպքում, մեծ աշխատանքի դեպքում կարող է մեր մոտ ստացվել: Շանսը շատ է հաղթելու, բայց դժվարություն մենք կունենանք վաղը, որովհետև լուրջ մրցակից է», - հայտարարեց Եղիշե Մելիքյանը:
Իռլանդիան որակավորման փուլի առաջին հանդիպումը ոչ-ոքի ավարտեց՝ Դուբլինում Հունգարիայի հետ երկուական գոլ փոխանակեցին:
«Վաղը հավաքականի ու երկրի համար կարևոր խաղ է սպասվում, մեծ հույս ունեմ՝ կկարողանանք ուրախանցել մեր երկրպագուներին», - ասաց Հայաստանի ընտրանու ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանը:
«Մեր հավաքականի համար ամենագլխավորը կայունությունն է, հույս ունեմ՝ գլխավոր մարզիչներն էլ չեն փոխվի, և մենք կկարողանանք գոնե մեկ տարի աշխատել նույն մարդու հետ: Ես սա շատ եմ ուզում, վստահ եմ՝ այդ ժամանակ արդյունք կլինի», - նշեց ֆուտբոլիստը:
Հայաստան-Պորտուգալիա խաղն առանձնացավ ոչ միայն մարզական տեսանկյունից. վաճառքի մեկնարկից ժամեր անց հանդիպման տոմսերը սպառվել էին, հետո դրանք շատ բարձր գներով հայտնվեցին սև շուկայում: «Ազատություն»-ը մարզադաշտի մուտքի մոտ հանդիպեց երկրպագուների, որոնց QR տոմսը չէր աշխատում: Հսկիչները պնդում էին՝ տոմսերը կեղծ են:
Նաև իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վերնախավն էր տրիբունաներից հետևում հանդիպմանը:
Պատգամավոր Հրաչյա Հակոբյանը չթաքցրեց՝ Ֆուտբոլի ֆեդերացիայից են իրեն տոմս տվել: Փաստորեն՝ մինչ ֆուտբոլի իրական երկրպագուները դժգոհում էին, որ տոմս գնել չի հաջողվում, Ֆեդերացիայի ղեկավարությունը երկրի ղեկավարությանն էր նվիրում դրանք: Ավելին՝ ՔՊ-ական պատգամավորը ոչ միայն ինքն է անվճար տոմս ստացել, այլ նաև իրեն դիմած մարդկանց համար է միջնորդել;
«Մարդիկ դիմել են, որ չեն կարողացել հայայթել, ձեռք բերել տոմս, դիմել են ինձ, ես խնդրել եմ Ֆեդերացիային, որ եթե հնարավոր է տրամադրեն տոմսեր, իրենք տրամադրել են, ես տվել եմ էդ մարդկանց», - հայտարարեց իշխանական պատգամավորը:
Ներքին գործերի նախարարությունից հայտնում են՝ տոմսերի առուծախում ենթադրյալ խարդախությունների համար մեկ մարդ ձերբակալված է: Պատգամավորի հայտարարությունն արդյո՞ք պաշտոնեական դիրքի չարաշահում չէ. իրավապահ մարմիններն առայժմ չեն արձագանքել: