Մատչելիության հղումներ

«Հայաստան» խմբակցությունը առաջարկում է խստացնել Հայոց ցեղասպանության հերքման համար նախատեսված պատիժը


Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջարկում է Ցեղասպանության վերաբերյալ դրույթները Քրեական օրենսգրքում ավելի կոնկրետացնել, Ցեղասպանության փաստի հրապարակային հերքումն ու դրա վտանգավորությունը նվաստացնելու պատիժն էլ ավելի խստացնել: Օրինակ՝ ոչ թե նշել «Ցեղասպանություն», այլ շեշտել «Հայոց ցեղասպանությունը» կամ հստակեցնել այն ցեղասպանությունները, որոնք ճանաչել է Հայաստանը:

Նրանք առաջարկում են նաև քրեորեն պատժելի դարձնել հրապարակային հերքումը կամ վտանգավորությունը նսեմացնելու հայտարարություններին հավանություն տալը:

Ազգային ժողովի պետաիրավական հանձնաժողովում այն ներկայացնում էր դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը. - «Առաջարկում ենք նաև կիրառել ավելի խիստ սանկցիաներ, քան գործող կարգավորումներով է: Հայոց ցեղասպանությունը հատուկ շեշտելը, այո, Հայաստանի Հանրապետության համար չափազանց կարևոր է», - ասաց Մինասյանը:

Մինչև Պետաիրավական հանձնաժողովում նախագիծը քննարկելը, արդեն կառավարությունը բացասական եզրակացություն է տվել սրան: Իշխանական պատգամավոր Արփի Դավոյանը պահանջում էր, որ Մինասյանը վիճակագրություն ներկայացնի՝ Հայաստանում քանի՞ հոգի է հերքել Ցեղասպանությունը, ո՞վ է դրա վտանգավորությունը հրապարակային նսեմացրել:

Որ քննարկումը չվերածվեր լեզվակռվի ու չշեղվեին հուզական դաշտ, ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը, առանց անուն նշելու, ընթերցեց վարչապետ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության թեմայով խոսքերը. - «Ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել, ո՞նց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է, էդ մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»:

Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունն արել էր այս տարեսկզբին Շվեյցարիայում հայ համայնքի հետ հանդիպմանը:

Ընդդիմադիր պատգամավորը պնդում էր, եթե Քրեական օրենսգրքում իրենց առաջարկած փոփոխությունները լինեին, ապա այսպիսի հայտարարություններ չէին հնչի, առավել ևս դրանք սոցիալական ցանցերում հավանողներ ու տարածողներ չէին լինի, քանի որ պատիժը պետք է նաև նրանց դեպքում կիրառել:

«Էսպիսի միտք արտահայտողն արդյոք նսեմացման կամ հետևանքի տեսակետից կասկածի տակ դնո՞ւմ է, ըստ ձեզ, այն վտանգավորությունը, որ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանություն, դրա հետևանքների մասով, այո՞, թե՞ ոչ», - ասաց Արծվիկ Մինասյանը:

Նիկոլ Փաշինյանի թիմակիցը Մինասյանի օրինակը չէր համարում Ցեղասպանության փաստի ժխտում և շարունակում էր պահանջել, որ կոնկրետ ժխտման օրինակներ նշի. - «Այդտեղ ես չեմ տեսնում հերքում»:

Արծվիկ Մինասյանն ասում է, որ պետք է պատիժ սահմանվի նաև օտարերկրացիների նկատմամբ, որ Հայաստանում այդպիսի հայտարարություն կանեն, ու օրենքում շեշտվի «Հայոց ցեղասպանություն» ձևակերպումը: Պետաիրավակն հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ու իշխանականների համար անհասկանալի էր՝ ինչո՞ւ է նեղացնում շրջանակը ընդդիմադիր պատգամավորը:

«Իմ մոտ տպավորություն կա, որ դուք նեղացնում եք այս հանցագործության շրջանակը, դեպքերը և իրադարձությունները, որոնք կարող են ներառվել դրա մեջ: Ինչ-որ մեկի մեջ կասկած կա՞, որ գործող հանցակազմը ծածկում է նաև Հայոց ցեղասպանության հերքումը, որևիցե մեկի մոտ կասկած չկա, ներառյալ ձեզ մոտ: Էս կանոնակարգումներն ըստ էության բառ առ բառ արտացոլված են եղել 2001 թվականի օրենսգրքում, դրանից հետո նոր Քրեական օրենսգրքի ընդունելուց էլի բառ առ բառ հաշվի առնելով, ներառելով այնտեղ, մենք չենք դիտարկել, որևիցե եղանակով չենք դիտարկում, չենք էլ շարունակելու դիտարկել այն, որ գործող հոդվածը որևիցե եղանակով խոչընդոտում է Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնել: Ինքը քրեականացված է, ես դա գիտեմ, և դուք դա գիտեք, մեր միջազգային գործընկերները դա գիտեն», - ասաց Վարդանյանը:

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը Փաշինյանի կառավարության համար առաջնահերթություն չէ: Ցեղասպանության ճանաչման անկարևորության մասին Փաշինյանը անցած շաբաթ էլ աղմկահարույց հայտարարություն արեց, թե ինչ է շահել Հայաստանը տարբեր երկրների՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու փաստից:

«Պետք է հասկանանք՝ մենք ուզո՞ւմ ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը կամ չճանաչումը լինի աշխարհաքաղաքական մանրադրամ ուրիշների ձեռքում, որը մեր իրականության, մեր պետության շահերի, մեր ժողովրդի շահերի հետ որևէ կապ չունի», - ասել է վարչապետը:

Փաշինյանի թիմակիցները մերժեցին առաջարկվող փոփոխությունները, որ օրենքում հատուկ նշվի Հայոց ցեղասպանությունը կամ խստացվի այն կասկածի տակ դնելու պատիժը: Դեմ քվեարկեցին նախագծին: Չնայած չընդունվեց, բայց Մինասյանն ասաց՝ առաջիկա լիագումար նիստում նորից նախագիծը կքննարկեն:





XS
SM
MD
LG