Կտրուկ թանկացել է հեղուկ գազը. օրեր առաջ լիտրը 120 դրամով էր վաճառվում, այժմ արդեն՝ 170-ով: Մինչ Կառավարությունը Հայաստանում լայն մասսայականություն ունեցող վառելիքի թանկացման պատճառների մասին ոչինչ չի հայտնում, ոլորտի խոշոր խաղացողները հնարավոր դեֆիցիտի մասին են ահազանգում, վարորդներն էլ՝ հաշվում 40-տոկոսանոց թանկացման հասցրած վնասները.
«Օրը մի 1500 դրամի տարբերություն ա տալիս, էտի ամսեկան արդեն մեծ թիվ ա»:
«Էն վախտ, ասենք, 3 հազարի էր վառում, հիմա էլ 4.5-ի եմ վառում»:
«Կանդիցիաներով մի 120 կիլոմետր , բայց էն վախտ մի 30-40 կիլոմետր շատ էի էլի քշում, մոտավորապես: Հազարից մի տեղ, որ 160-165 ըլնի, 90 տոկոս 170 էլի»:
Գնաճի հարվածներն առավել ցավոտ են տաքսիստների համար.
«Էրեկ 165-ով 7.5-ից ավել փող բռնեց, ամեն օր քշում եմ՝ 3,500-4 հազարի տարբերություն ա տալիս ամեն զապրավկին»:
Վառելիքի բիզնեսի ներկայացուցիչների խոսքով՝ թանկացման պատճառն ամենևին էլ ներքին շուկայական տատանումները չեն, պատասխանները հայ-վրացական սահմանի մյուս կողմում է պետք փնտրել: Հայկական կոնյակ ու ծաղիկներ արտահանողներից հետո էլ հիմա էլ վառելիք բերողներն են Վրաստանում խնդիրների բախվում:
Հեղուկ գազ ներկրող ու վաճառող ամենախոշոր ցանցերից մեկից «Ազատությանը» հայտնեցին՝ այս պահին գազով բեռնված մոտ 500 հայկական բեռնատար Վրաստանից սահմանն անցնել չի կարողանում: Տեղական սպառման համար նախատեսված շատ մեծ ծավալի հեղուկ գազ ճանապարհին է մնացել: Նոր խնդիր է, մի քանի օր առաջ են գոյացել հերթերը:
Ասում են՝ մեկ բեռնատարը միջինը 22 տոննա վառելիք է տեղափոխում, այսինքն այս պահին ավելի քան 10 հազար տոննա, 10 միլիոն լիտրից ավելին սահմանի այն կողմում է: Պարզ հաշվարկը ցույց է տալիս՝ Հայաստանի համար սա զգալի ծավալ է: Մեքենաներում տեղադրված բալոնները տարբեր չափեր ունեն, եթե հաշվարկի համար ընդունենք, որ մեկ բալոնը միջինը 50 լիտր տարողություն ունի, ապա Վրաստանում մնացած հեղուկ գազով կարելի է ավելի քան 200 հազար ավտոմեքենա ամբողջությամբ լիցքավորել:
«Մեր վարորդները 8-9 օր ա էնտեղ են, ու հլը բան չկա, հույս չկա, որ պետք ա թողեն վրացիները՝ գան», - ասաց ընկերության ներկայացուցիչը:
Ընկերության վարորդները Վրաստանում լրացուցիչ ծախսերից խուսափելու համար այժմ բեռն այնտեղ են թողնում, իրենք վերադառնում Հայաստան, մինչև հերթն իրենց մեքենաներին հասնի: «Ազատության» զրուցակիցն ասում է՝ աշխատում են գերլարված պայմաններում, տեղյակ չեն, թե որն է նոր ծագած խնդրի պատճառը: Իրենք պահեստում դեռ գազ ունեն, պաշարները, սակայն, անվերջ չեն: Պատմում է՝ Վրաստանում նման դժվարություններ երբեք չեն ունեցել՝ բացառությամբ այն դեպքերի, երբ եղանակային կամ որևէ այլ օբյեկտիվ պատճառով էր մեքենաների ընթացքը կանգնում:
«Ազատություն»-ը դիմել է Էկոնոմիկայի նախարարություն՝ պարզելու հեղուկ գազի մատակարարման խնդրի վերաբերյալ գերատեսչության դիրքորոշումը: Հարցրել ենք՝ նախարարության գնահատմամբ՝ Հայաստանում այժմ վառելիքի դեֆիցիտ կա՞, ո՞րն է Վրաստանում առաջացած խնդրի պատճառը: Նաև փորձել ենք պարզել՝ նախարարությունն ունի՞ տվյալներ, թե այս պահին քանի բեռնատար է կանգնած Վրաստանում: Պատասխան առայժմ չենք ստացել:
Նախարար Գևորգ Պապոյանը ժամեր առաջ Ֆեյսբուքում գրել է՝ հուլիսի 11-13-ը հեղուկ գազով բեռնված 99 բեռնատար է Հայաստան մտել, մինչդեռ, ահազանգում են հարյուրավոր մեքենաների մասին: