Հռոմի նոր Պապ է ընտրվել ամերիկացի կարդինալ Ռոբերտ Պրևոստը ՝ ընդունելով Լևոն (Լեո) 14-րդ անունը։ Նա քիչ առաջ ողջունեց Սուրբ Պետրոսի հրապարակում հավաքված հավատացյալներին՝ դառնալով 1.4 միլիարդ կաթոլիկների առաջին ամերիկացի Պապը։
Չիկագոյում ծնված 69-ամյա Պրևոստը իր միսիոներական կյանքի մեծ մասն անցկացրել է Պերուում և կարդինալ է դարձել միայն 2023 թվականին։ Նա հազվադեպ է հանդես գալիս հանրության առջև, մինչ օրս եզակի հարցազրույցներ է տվել լրատվամիջոցներին։
Լևոն 14-րդը դառնում է 267-րդ կաթոլիկ Պապը՝ Ֆրանցիսկոսից հետո, ով վախճանվեց ապրիլի 21-ին՝ 88 տարեկանում։ Ֆրանցիսկոսը 12 տարվա առաջնորդության ընթացքում մի շարք բարեփոխումներ իրականացրեց Կաթոլիկ եկեղեցու համակարգում և թույլ տվեց բանավեճեր անցկացնել վիճահարույց հարցերի, այդ թվում՝ կանանց ձեռնադրության և փոքրամասնությունների ամուսնությունների շուրջ։
Այժմ նոր Պապը դեռ պետք է հայտարարի՝ շարունակո՞ւմ է նրա բարեփոխական ճանապարհը, թե՞ առավել հակված է պահպանել ու ամրապնդել Կաթոլիկ եկեղեցու հին ավանդույթները։