Ուկրաինական հակամարտության կարգավորման բազմակողմ քննարկումների ֆոնին ռուսական զինուժը գիշերը բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարձակում է գործել Կիևի վրա: Կա 12 զոհ, 80-ից ավելի վիրավոր, այդ թվում՝ վեց երեխա: Սա Կիևի վրա անցած տարվա հուլիսից ի վեր ամենամահաբեր հարձակումն է: Ռուսաստանը հարվածել է նաև Խարկովին և Պավլոգրադին: Նախագահ Վլադիմիր Զելենսկին կիսատ է թողել Հարավային Աֆրիկա այցը և վերադարձել:
Կիևի բնակիչ Վիկտորյա Բակալը պատմում է, որ անսպասելիորեն միացել է օդային տագնապը, և նույնիսկ չեն հասցրել հագնվել բնակարանից դուրս գալուց առաջ. - «Պայթյունները մեկը մյուսի հետևից էին տեղի ունենում, բոլոր պատուհանները փշրվեցին ... Ամուսինս ու տղաս մյուս կողմ շպրտվեցին: Ուրիշ բան չեմ հիշում։ Ահա թե ինչպիսին է իրավիճակը: Կարևորը ողջ ենք»:
Նատալյա Էրաստովան էլ պատմում է, որ պայթյունից փլուզվել են բնակարանի առաստաղը, պատերը, և հրաշքով է փրկվել. - «Միջանցքում զգեստապահարանը և կողքի բնակարանի պատերից մեկն ընկան վրաս։ Սենյակում հարևան բնակարանի պատը ևս փլվեց: Ամեն ինչ շարունակում էր ընկնել, փլուզվել»:
Միացյալ Նահանգների նախագահը քննադատել է Վլադիմիր Պուտինին՝ հայտարարելով՝ դժգոհ է, որ բանակցությունների ժամանակ Ռուսաստանը հարվածում է Կիևին, և կոչ է արել դադարեցնել կրակը:
«Ես դժգոհ եմ Կիևին ռուսական հարվածներից: Դա անհարկի է և խիստ անտեղի է: Կա՛նգ առեք, Վլադիմիր: Շաբաթական 5 հազար զինվոր է մահանում: Եկե՛ք ավարտին հասցնենք խաղաղության գործարքը», - հայտարարել է Դոնալդ Թրամփը:
Երեկ էլ Սպիտակ տան ղեկավարը Ուկրաինայի նախագահին էր քննադատել՝ ասելով, թե Զելենսկին դժվարացնում է հակամարտության կարգավորումը, երբ հայտարարում է, որ Ուկրաինան երբեք Ղրիմը Ռուսաստանի մաս չի ճանաչի: Ըստ արևմտյան լրատվամիջոցների՝ դա կարգավորման ամերիկյան առաջարկներից է, որոնք Ուկրաինային ներկայացվել են անցած շաբաթ Փարիզում։
«Զելենսկին պարծենալու ոչինչ չունի։ Իրավիճակն Ուկրաինայի համար սարսափելի է. նա կարող է հասնել խաղաղության կամ կարող է պայքարել ևս երեք տարի, մինչև կկորցնի ամբողջ երկիրը», - պնդել է ԱՄՆ նախագահը:
Թրամփն ավելի ուշ ասել է, որ նախատեսում է մայիսի 13-16-ը Մերձավոր Արևելք կատարելիք այցից անմիջապես հետո հանդիպել Ռուսաստանի նախագահի հետ: Axios-ն, իր հերթին, տեղեկացրել է, որ նրա հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը ուրբաթ կարող է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ: Թե ինչ օրակարգով, չի նշվում:
Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պետք է ուժեղացվի Ռուսաստանի նկատմամբ ճնշումը, որպեսզի այն դադարեցնի Ուկրաինայի դեմ ագրեսիան: Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Լոնդոնում երեկ ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի ներկայացուցիչների հանդիպումը եղել է կառուցողական, և պատրաստվել է «խաղաղության ծրագրի» նոր տարբերակ, որն արդեն դրվել է Թրամփի սեղանին:
«Կարծում եմ՝ այսօր այդ փաստաթուղթը նախագահ Թրամփի սեղանին է: Ցանկացած բան, որ հակասում է մեր արժեքներին կամ մեր Սահմանադրությանը, չի կարող ներառվել որևէ համաձայնագրում», - ասել է Զելենսկին:
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն, իր հերթին, հայտարարել է, թե չի կարելի ակնկալել, որ նախագահ Զելենսկին կընդունի հրադադարի պայմանները, քանի դեռ Կիևը հրթիռակոծվում է։
Այս ֆոնին Կրեմլի խոսնակն ասել է, որ շարունակելու են ռազմական գործողությունները, ապա հավելել, որ Ռուսաստանն ամեն ինչ կանի, որ իր շահերը պաշտպանվեն կարգավորման ցանկացած տարբերակի դեպքում: Անդրադառնալով ԱՄՆ փոխնախագահի երեկվա հայտարարությանը, որ առաջընթաց չգրանցելու դեպքում Միացյալ Նահանգները դուրս կգա բանակցություններից, Դմիտրի Պեսկովը նշել է. - Թերևս ճիշտ չէ հիմա ասել՝ «եթե այսինչ բանը տեղի ունենա»: Եկեք ելնենք նրանից, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել ամերիկյան կողմի հետ։ Մենք կենտրոնացած ենք խաղաղության հասնելու ջանքերը շարունակելու վրա»։
Ռուսական կողմն, իր հերթին, այսօր հայտարարել է, որ ուկրաինական զինուժն ամբողջ օրն անօդաչուներով հարվածել է Լուգանսկի Կրեմեննայա բնակավայրին: Ռուսական զինուժը նաև պնդում է, որ Դոնեցկում ևս մեկ գյուղ է գրավել: Կիևն առայժմ չի արձագանքել: