Մատչելիության հղումներ

«Իմ պլանները չեն կարող փոխվել». Փաշինյանը չի փոշմանել, հակակաթողիկոսական արշավի ընդմիջում էր


Հայաստանի վարչապետը չի փոշմանել, պարզապես վերջին մեկ ամիսը հակակաթողիկոսական արշավի ընդմիջում էր: Հուլիսի 23-ից հետո նա միայն երեք սաղմոս է տեղադրել իր էջում, Վեհարանը ազատելու որևէ կոչ չի եղել:

Հենց այս դադարը շատ հարմար պահ է, որ Վեհափառը ինքնուրույն հեռանա, կարծում է Փաշինյանը. «Իմ պլանները չեն կարող փոխվել, չեն կարող փոխվել, դա անփոփոխելի պլան է: Ես նրան կոչ եմ անում կամավոր էդ որոշումը կայացնել: Եվ կայացնի այն որոշումը, որը պետք է կայացնի, կայացնի այն որոշումը, որը չի կարող պարզապես չկայացվել»:

Եթե Ամենայն Հայոց Կաթողիկոսը չանի այդ բանը, ըստ Նիկոլ Փաշինյանի, միևնույնն է, դա տեղի կունենա Էջմիածնի կենտրոնական հրապարակի ճնշմամբ: Ճիշտ է, հիմա վարչապետը, որ իրեն հոգևոր շարժման առաջնորդ է հռչակել, գերզբաղված է միջազգային հարցերով, բայց, ընդգծում է. «Էդ կարևոր գործի համար ժամանակ ես կգտնեմ»:

Մայր Աթոռի միաբաններից Հովնան Եպիսկոպոսը կասկած չունի, որ ոչինչ չի ստացվի: Վեհափառին երբ տեսնում է՝ լավ է, ավելի ու ավելի ամուր, - ասում է՝ ի՞նչ հեռանալ.«Նման բան չի կարող լինել, բացառվում էնման բան: Կարծեմ ինքը կգնա, ոչ թե Վեհափառը: Մի15 հոգի իրա պես ցնորամիտ, մարդ հավաքեն, լավ 150, 1500 հոգի, հետո՞: Բա իրա դիմաց ինչքան մարդ կլինի, թող դրա անունը տա: Իրա աջակցությունը միայն ոստիկանությունն է»:

Գուգարքի թեմի առաջնորդը վարչապետի մեկամսյա դադարը գործընթացի ավարտ չէր համարել, կարծում է՝ հակաեկեղեցական արշավը այլ հարցեր լուծելու հարմար քող է Նիկոլ Փաշինյանի համար.«Երբեք չեմ կարծել, որ ավարտվել է, ես ուղղակի ասել եմ, որ ինքը չի համարձակվի Էջմիածնի վրա հարձակվել, բայց խոսույթը ինքը միշտ պահելու է, որովհետև Հայաստանին մեծ վտանգներ են սպասվում, ինքը այդ ամեն խոսույթի տակ իր գործերն է անելու», - «Ազատության» հետ զրույցում ասաց Գուգարքի թեմի առաջնորդ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը:

Վարչապետը այսօր հայտարարեց՝ առաջիկայում դրսևորումներ կտեսնենք, հավանաբար նկատի ունի Էջմիածնում հրավիրելիք հավաքը:

100-ից ավելի դիմորդներ ունի՝ այս արշավի համակարգման խմբում ներգրավվելու համար: Նիկոլ Փաշինյանն արդեն սկսել է ստուգումները՝ արդյո՞ք նրանք ամբողջ հոգով են հավատում Հիսուսին, պահք պահե՞լ են, Աստվածաշունչն ամբողջությա՞մբ են ընթերցել. «Նա, ով այս չափանիշների կրողն է, համոզված եղեք, որ իր համար բացարձակապես դժվար չէ ստուգել դիմացի կագնած մարդու համապատասխանությունը այդ չափանիշներին: Այսինքն՝ համապատասխանում է, թե ոչ», - ասել է վարչապետ Փաշինյանը:

Այսօր դարձյալ շեշետեց՝ բռնի մեթոդներով չեն ազատագրելու Վեհարանը, հոգևոր ձևերով են սկսելու հոգևոր նորոգումը. «Իմ խնդիրն ամենևին էլ Վեհարանը Կտրիճ Ներսիյանից ազատելն ու մեկ ուրիշ Կտրիճ Ներսիսյանակերպ մեկին այնտեղ կարգելը չէ, ոչ, սա հոգևոր նորոգման մասին է»:

Փաշինյանը կասկած չունի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսին մարդկանց մեծամասնությունը մերժել է վերջին՝ 2021-ի ընտրությունների ժամանակ, ինչպե՞ս, բացատրում է. Վեհափառը հրաժարականի հորդոր էր ուղղել, բայց ընտրողները նորից իրեն ու իր ղեկավարած ուժին ընտրեցին. «Եթե նա որևէ բարոյական և հոգևոր կապ ունենար ժողովրդի հետ, կհասկանար, որ այդ քվեարկությամբ այդ թվում իրեն են մերժել են ու այս 5 տարի քարշ գալու պրոցեսը չէր ձեռնարկի», - հայտարարում է վարչապետ Փաշինյանը:

Հովնան եպիսկոպոս Հակոբյանը վարչապետի հարցազրույցի ուղիղ եթերին հետևողներից ոմանց գրառումներից է մեջբերում անում. «Որ ասում են ռադ եղի այս երկրից և ավելին: Այո, այդ մեկնաբանություններով թող առաջնորդվի, ողջ աշխարհն իր երեսին է թքում, ինքը եկել ուրիշի՞ն է մեղադրում»:

Պնդում է ՝ վարչապետը Սահմանադրական կարգն է խախտում եկեղեցու գործերին խառնվելով. «Նա իրավունք չունի եկեղեցական կարգի մեջ քիթը խոթելու: Նա ի՞նչ գործ ունի եկեղեցու հետ նման հարցեր քննարկելու: Թող գնա եկեղեցի-պետություն հարաբերվող օրենքը մեկ անգամ ևս կարդա», - ասում է Գուգարքի թեմի առաջնորդը:

Վարչապետ Փաշինյանը մինչև այս բացատրել էր՝ Վեհարանն ազատելու գործը սկսել է որպես հայ եկեղեցու հավատրիմ հետևորդ, պարզապես համընկել է, որ նաև վարչապետ է:

Ի դեպ, 2018-ին նորընտիր վարչապետը Կտրիճ Ներսիսյան, քարշ գալ բառերը չէր օգտագործում Վեհափառի մասին: Նա այդ ժամանակ պատմական էր համարում իր ու Ամենայն Հայոց Կաթողիկոսի համատեղ սելֆին: Փաշինյանն այսօր ասել է վերաբերմունքը փոխել է վերջերս, երբ լսել է, որ կուսակրոնության ուխտը խախտել է Հայոց Հայրապետը. «18 թվականին իմացե՞լ եմ, թե չե՞մ իմացել, ոչ, չեմ իմացել: Ես 20 թվին էլ էլ չեմ իմացել, 21 թվին էլ չեմ իմացել, 22 թվին էլ չեմ իմացել, 23 թվին էլ չեմ իմացել»:

Ընդ որում, Փաշինյանը պնդում է՝ այդ ուխտի խախտման մասին Հայաստանում բոլորը գիտեն: Այդ դեպքում ոչ պակաս շատ է խոսվում նաև այն մասին, որ Փաշինյանի կողմից բարձր պաշտոնների նշանակված Արգիշտի Քյարամյանի հայրն էլ եպիսկոպոս է, թեմի առաջնորդ, վարչապետը չգիտե՞ր, լրագրողի հարցին ի պատասխան Փաշինյանը հիշեցրեց՝ Քյարամյանը Հայաստանի լիարժեք քաղաքացի է, իսկ եթե մի եպիսկոպոս կուսակրոնության ուխտը խախտել է՝ հոգևոր ծառայությունից պետք է հեռանա բոլոր խախտածների հետ. «Իմ խնդիրը բացառապես հոգևոր է և այո, առանց բացառության կուսակրոնության ուխտը խախտած բոլոր կուսակրոն հոգևորականները պետք է հեռանան հոգևոր ծառայությունից: Առանց բացառության»,- հայտարարեց Փաշինյանը:

Շուրջ մեկ ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը Վեհարանի ազատագրման սխեման էր ներկայացրել՝ նախ Գարեգին Երկրոդին են հեռացնում, հետո որևէ ամուսնացյալ քահանա կաթողիկոսական տեղապահ է նշանակվում, հետո հայ առաքելական եկեղեցու կանոնագրքի հիման վրա նոր կանոնագիրք են գրում ու ի վերջո կաթողիկոսի ընտրություններ. այստեղ բոլոր թեկնածուների վարքը պիտի ստուգվի, այդ գործը Նիկոլ Փաշինյանը չի անի, իր նախատեսած ծրագրով Կանոնագիրքը կսահմանի:

XS
SM
MD
LG