Թեհրանը սառեցնում է շփումները Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ առայժմ, սակայն, զերծ մնալով միջուկային զենքի չտարածման մասին համաձայնագրի տակ դրված իր ստորագրությունը հետ կանչելուց։ Իրանի Անվտանգության խորհուրդն այս որոշումը կայացրեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ուրբաթ երեկոյան կայացած քվեարկությունից հետո։ Դրա ընթացքում Անվտանգության խորհրդի անդամներից միայն չորսը՝ Ռուսաստանը, Չինաստանը, Պակիստանն ու Ալժիրը, կողմ քվեարկեցին այն բանաձևի նախագծին, որով բացառվում էր Թեհրանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սայիդ Իրավանիի խոսքով, այդուհանդերձ, ուրբաթօրյա քվեարկությունը վկայեց՝ միջազգային հանրությունն այլևս ի վիճակի չէ Թեհրանի միջուկային ծրագրի հարցով միասնական դիրքորոշում ձևավորել։
«Քվեների այս պառակտումը վկայում է՝ Անվտանգության խորհրդում միասնական դիրքորոշում չկա։ Այս որոշումը թուլացնում է հարցի լուծմանն ուղղված դիվանագիտական ջանքերը, իսկ միջուկային զենքի չտարածման միջազգային ռեժիմի համար այն կարող է շատ վտանգավոր հետևանքներ ունենալ», - հայտարարում էր իրանցի դիվանագետը։
Իրանի դեմ պատժամիջոցների թեման կրկին հրատապ դարձավ օգոստոսի վերջին, երբ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան հանդես եկան համատեղ նախաձեռնությամբ։ Դրա համաձայն՝ սեպտեմբերի 28-ին վերականգնվելու են այն բոլոր պատժամիջոցները, որոնք վերացվել էին 2015 թվականի միջուկային համաձայնագրի կնքումից հետո։ Դրանց թվում են Իրանին զենքի մատակարարման արգելքը, Իրան առաքվող բեռների խստացված ստուգումները և այդ երկրի կողմից իրականացվող հրթիռային ծրագրի սահմանափակումը։ Եվրոպացիների դիրքորոշման նման կոշտացման պատճառը Փարիզից, Լոնդոնից և Բեռլինից հնչող պնդումներն են, որ Թեհրանը տարիների շարունակ հետևողականորեն խախտել է միջուկային զենքի չտարածման միջազգային ռեժիմը։
Անվտանգության խորհրդի նիստին եվրոպական եռյակի միասնական դիրքորոշումը ներկայացնում էր ՄԱԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Բարբարա Վուդվորդը։
«Մենք ցավում ենք, որ Իրանը մինչ օրս չի ձեռնարկել այն քայլերը, որոնք կարող էին շտկել իրավիճակը։ Չնայած դրան՝ մենք պատրաստ ենք թե՛ հաջորդ շաբաթ, թե՛ դրանից հետո դիվանագիտական շփումների միջոցով փորձել հաղթահարել առկա տարաձայնությունները», - հայտարարում էր բրիտանացի դիվանագետը։
Կիրակի երեկոյան, սակայն, մի պահ թվաց, թե Իրանն ու Արևմուտքը կարողացել են դիվանագիտական փակուղուց ելքեր նշմարել։ Մի շարք արևմտյան լրատվամիջոցներ հաղորդեցին, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շտապ կարգով մեկնել է Վիեննա, որտեղ այսօր բանակցելու է եվրոպական եռյակի ներկայացուցիչների հետ։ Ժամեր անց, այդուհանդերձ, իրանական կողմը հերքեց այս տեղեկությունը՝ հայտարարելով, որ Արաղչին ոչ թե Վիեննա, այլ Նյու Յորք է ուղևորվում, որտեղ այս շաբաթ մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանը:
Եվ եթե Արաղչին ուղևորվում է արևմուտք, ապա իրանական վերնախավի ևս մեկ առանցքային ներկայացուցիչ՝ փոխնախագահ, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավար Մոհամադ Էսլամին այսօր Մոսկվայում է։ Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ Էսլամիի Մոսկվա ժամանելու պաշտոնական առիթը Ռուսաստանի մայրաքաղաքում ընթացող «Համաշխարհային ատոմային շաբաթին» մասնակցելն է։ Մի շարք լրատվամիջոցներ, մինչդեռ, պնդում են, որ իրանցի պաշտոնյան ռուսաստանցի գործընկերների հետ քննարկելու է Թեհրանի միջուկային ծրագրի ապագան։
Ու մինչ իրանցի դիվանագետները փորձում են մի քանի ճակատով աշխատել, իսլամական հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը պնդում է՝ պատամիջոցների վերագործարկումը բարդություններ կստեղծի, որոնք, սակայն, անհաղթահարելի չեն լինի։
«Օգտագործելով պատժամիջոցների վերագործարկման մեխանիզմը՝ եվրոպացիները ցանկանում են արգելափակել Իրանի առաջընթացը։ Նրանք, սակայն, չեն կարող կասեցնել մեր ընթացքը։ Նրանք կարող են հարվածել Նաթանզի կամ Ֆորդոյի միջուկային օբյեկտներին։ Արևմուտքում, սակայն, մոռանում են, որ դրանք մարդիկ են կառուցել։ Եվ եթե կառուցել են մեկ անգամ, ապա կկարողանան նաև վերականգնել», - շաբաթ օրը Թեհրանում հայտարարում էր Իրանի նախագահը։