Պակիստանը հայտնում է, որ մայիսի 7-ի վաղ առավոտյան Հնդկաստանի զինված ուժերի կողմից իրականացված հրթիռային հարվածների հետևանքով զոհվել է 31 մարդ, սա որակելով «բացահայտ ռազմական գործողություն»:
Սա երկու տասնամյակից ավելի ժամանակահատվածում ամենածանր բախումներից էր երկու հարևան պետությունների միջև: Լարվածությունն աճել է Քաշմիրում զբոսաշրջիկների վրա մահաբեր հարձակումից հետո: Հնդկաստանը հարձակման համար մեղադրեց Պակիստանում տեղակայված զինյալներին, մինչդեռ Պակիստանը հերքում է իր մասնակցությունը։
Հնդկաստանը հայտարարել է, որ հարվածել է Պակիստանում գտնվող ինը թիրախների՝ «ահաբեկչական ենթակառուցվածքների», որտեղից կազմակերպվում և ղեկավարվում են հարձակումներ Հնդկաստանի վրա։
Նոր Դելին նաև հայտնել է տասը զոհի մասին Պակիստանի զինված ուժերի կողմից իրականացված «կամայական» հրետակոծության հետևանքով՝ Քաշմիրը բաժանող փաստացի սահմանագծի՝ վերահսկման գծի երկայնքով։
Բանակն ավելացրել է, որ Հնդկաստանը «պատասխանում է համաչափ կերպով»։
Պակիստանի զինված ուժերից պնդել են, որ եղել է «Հնդկաստանից արձակված 24 հարված՝ վեց վայրերում», որոնց հետևանքով 31 մարդ զոհվել է, ևս շուրջ հինգ տասնյակը՝ վիրավորվել։
«Պակիստանը կպատասխանի այս հարձակմանը», - հայտարարել է Պակիստանի ԶՈՒ ներկայացուցիչը:
Հնդկաստանի հետ սահմանակից Փենջաբ նահանգում արտակարգ դրություն է հայտարարվել։ Բոլոր դպրոցները, քոլեջները և համալսարանները փակվելու են։