Մատչելիության հղումներ

Իսրայելի զորքերն ու տանկերը ներխուժել են Գազա քաղաքի խորքերը


Չորեքշաբթի օրը Իսրայելի զորքերն ու տանկերը ներխուժել են Գազա քաղաքի խորքերը։

Միջազգային հանրության կողմից լայնորեն դատապարտված ցամաքային իսրայելական ուժերի հարձակման երկրորդ օրը պաղեստինցիները շարունակում են զանգվածաբար լքել ավերված բնակավայրը։

Իսրայելի զինվորականները հաստատել են՝ վերջին մի քանի օրերի ընթացքում ռազմաօդային ուժերը և հրետանային ստորաբաժանումները ավելի քան 150 անգամ հարվածել են քաղաքին նախքան ցամաքային զորքերի մուտքը։ Հարվածները թիրախավորել են բարձրահարկ աշտարակներ վրանային ճամբարներով խիտ բնակեցված տարածքներում, որտեղ ապաստան են գտել հազարավոր պաղեստինցիներ։ Իսրայելը պնդում է, որ աշտարակները ևս «Համաս»-ի հենակետներն են։

ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «Համաս»-ը ահաբեկչական կազմակերպություն են ճանաչել:

Անցած գիշերվա հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ, հաղորդում է Associated press-ը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Իսրայելը հարվածել է Նուսեյրաթի փախստականների ճամբարի տներից մեկին՝ սպանելով երեք մարդու, այդ թվում՝ հղի կնոջ։

Իսրայելի լայնածավալ հարձակումից առաջ Գազա քաղաքի բնակչության թիվը գնահատվում էր 1 միլիոն: Վերջին օրերին, ըստ իսրայելական աղբյուրների, Գազա քաղաքից 350 հազար մարդ է լքել իր տունը:

XS
SM
MD
LG