Իսրայելն ու Միացյալ Նահանգները քննադատել են սեպտեմբերին Պաղեստինի պետությունը ճանաչելու՝ Կանադայի երեկվա որոշումը։ Դրանով Կանադան կդառնա Պաղեստինի պետականությունը ճանաչող երրորդ երկիրը «Մեծ յոթնյակում»՝ Ֆրանսիայից ու Մեծ Բրիտանիայից հետո։
Միացյալ Նահանգների նախագահն ի պատասխան այսօր հայտարարել է, թե այժմ արդեն դժվար կլինի Կանադայի հետ գործարք կնքել մաքսատուրքերի շուրջ։ Մինչ այդ Դոնալդ Թրամփը սպառնացել էր օգոստոսի 1-ից 35 տոկոս մաքսատուրք սահմանել կանադական ապրանքների վրա, եթե Վաշինգտոնն ու Օտտավան չկարողանան համաձայնության գալ։