Մատչելիության հղումներ

Կանանց դեմ հնացած կարծրատիպերը. Լոռու մարզի հարցումների պատկերը


Լոռու մարզի վեց համայնքներում 425 կանանց շրջանում արված հարցումով պարզվել է, որ նրանց իրավունքներն ու հնարավորությունները մնում են չիրացված։

Մարզի բնակչության 53 տոկոսը կանայք են: Սպիտակի Հելսինկյան խմբի նոր հետազատությունը ցույց է տալիս, որ չնայած կանայք տղամարդկանցից ավելի կրթված են, բայց աշխատանք գտել է միայն 36 տոկոսը։

Կարծրատիպային մոտեցումներ

Լոռու մարզը բարձր ցուցանիշ ունի կրթական մակարդակի առումով, հետազոտությունը ներկայացնելիս նշեց փորձագետ, հետազոտող Սոնա Գրիգորյանը։ Բայց կանայք և աղջիկները բողոքում են փոքր համայնքների կարծրատիպային մոտեցումներից։ Տեղի գործատուները սովորաբար նախապատվություն են տալիս մեծ քաղաքներում կրթություն ստացածներին։

«Սա խոչընդոտներից մեկն է, երբ մարդիկ կրթությունը ստանում են իրենց համայնքում, բայց փաստորեն, այդ ամեն ինչը չի իրացվում իրենց համայնքում», - ասում է հետազոտող Սոնա Գրիգորյանը:

Հարցվածների 41 տոկոսն ասել է՝ տղամարդկանց և կանանց համար աշխատանք գտնելու հնարավորությունները հավասար չեն։ Կեսն էլ նշել է՝ աշխատաշուկայում կանանց համար խոչընդոտներ կան։

«Կան գործատուներ, ովքեր պարտադիր հարցնում են՝ արդյոք ամուսնացած ես, թե ոչ, նպատակ ունես երեխա ունենալ և ոչ։ Խտրական հարցերի փաթեթ է, չեն խուսափում այս հարցերը տալ: Իհարկե, բացահայտ չեն նշում, որ մենք ձեզ չենք ընտրում, որովհետև դուք նոր եք ամուսնացել, միգուցե դուք երեխա ունենաք և մեզ երկար ժամանակ չծառայեք, բայց այդ մտքում ունենալով, շատ հաճախ հանում են թեկնածուների ցանկից կանանց և աղջիկներին», - ընդգծում է հետազոտողը:

Ըստ հարցման՝ որոշ գործատուներ աշխատակիցների նկատմամբ բռնություն են կիրառում

Ամենամեծ խոչընդոտն աշխատանքի բացակայությունն ու ցածր աշխատավարձն են։ Հետո գալիս է երեխաների խնամքի կազմակերպման դժվարությունը։ Մանկապարտեզների աշխատաժամերը չեն համընկնում գործատուների պահանջած 8-ժամյա ռեժիմին։ Կանայք նախընտրում են կես դրույքով աշխատել, բայց սա էլ գործատուներին ձեռնտու չէ։

Խնդիր են նաև երկար աշխատաժամերը, տրանսպորտի բացակայությունը, աշխատանքային իրավունքների ոտնահարման միտումները։

«Շատ դեպքեր են պատմել, թե համայնքներում բիզնեսներն ինչպես են բռնություն գործադրում աշխատակիցների վրա և դա կարող է ընդհուպ բանալիով դուռը փակեն վրան ու ասեն՝ մինչև գործդ չվերջացնես, տուն չես գնա, հեռախոսն էլ ձեռքից վերցնեն» ,- պատմում է փորձագետը:

Պետությունն ի՞նչ է անում, քաղաքացու ոտնահարված իրավունքները պաշտպանելու համար, հարցնում է վանաձորցին

Լոռու մարզում են գործում Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկաները, որտեղ աշխատողները հիմնականում կանայք են: Այստեղից դժգոհությունները շատ են: Հաճախ են բողոքում աշխատանքային իրավունքի խախտումների մասին: «Ազատությանը» վանաձորցի Վահե Սարգսյանն ասել էր՝ իր կնոջ իրավունքների համար պայքարել, բայց այդպես էլ արդյունքի չեն հասել:

«Մարդիկ գալիս են, ասենք կառավարությունից, այդ օրը ամեն բան լավ է, վերաբերմունքը շատ ընտիր է: Հենց գնում են, մարդկանց արտաժամյա պահում են, գումարը չեն վճարում, մարդկանց շաբաթ պահում են, գումարը չեն վճարում, մարդկանց աշխատացնում են անասունի նման, այդ մարդուն ոտնահարում են ամեն ձև», - ասում է վանաձորցի Վահե Սարգսյանը:

Հելսինկյանի հետազոտությունը ցույց է տվել, որ կանայք հիմնականում ոստիկանությունից ու դատական համակարգից խուսափում են, քանի որ վստահություն չունեն, թե բավարար կպաշտպանեն իրենց։ Վանաձորցի մեր զրուցակիցն էլ ասում է՝ դիմելն անիմաստ է. «Պետությունն ի՞նչ է անում, որ պաշտպանի այս մարդկանց, ով էլ դիմում է, ինքը միշտ տուժողի...եթե քեզ ինչ-որ մի բան ձեռք չի տալիս, պատասխանը սա է՝ գնա, ուրիշ գործ փնտրի: Չկա մի պետական մեխանիզմ, որ կգա այդ մարդկանց կսանձի, կասի՝ գիտես ինչ կա, դու քո չափն անցնում ես, սա մարդ է, որն ունի իրավունքներ, պետության քաղաքացի է, ում դիմես»:

Ըստ հետազոտության՝ «ամուսինները ծանր են տանում, եթե կինն ավելի շատ է վաստակում»

Հետազոտությունը Լոռիում մի ուրիշ խնդիր էլ է բացահայտել։ Ամուսինները շատ ծանր են տանում, եթե նրանց կանայք ավելի շատ են վաստակում։

«Եթե իրենք ինչ-որ առումով սկսում են ցածր վաստակել իրենց կանանցից, ինչ-որ պահից սկսած իրենց հարաբերությունները սկսում են վատանալ, ընդհուպ ամուսնալուծություն կամ նույնիսկ բռնություններ: Որովհետև տղամարդուն շատ քիչ տիրույթ է տրված մեր հասարակությունում ինքնաիրացման համար, դրա համար, երբ չի կարողանում իր կամ հասարակության պատկերացրած գլխավոր գործառույթը կատարել, ստիպված դիմում է ոչ ընդունելի տարբերակի», - ասում է հետազոտող Սոնա Գրիգորյանը:

Որոշ համայնքներում կանայք բողոքում են բժիշկների վերաբերմունքից

Առողջապահական խնդիրները նույնպես լուրջ են։ Կանայք խուսափում են բժշկական ծառայություններ ստանալուց հիմնականում վճարման հնարավորության բացակայության պատճառով։ Մեկ այլ պատճառ է մասնագետներին չվստահելը։ Հատկապես փոքր համայնքներում բնակվող կանայք կարծում են՝ իրենց բժիշկները բավարար գիտելիքներ չունեն։

Փորձագետ, հետազոտող Սոնա Գրիգորյանը պատմում է. «Համայնքներից տեղեկատվություն ստացվեց, որ շատ հաճախ հղի կանայք գալիս են Վանաձորում ծննդաբերելու, որովհետև իրենց բուժհաստատություններին չեն վստահում: Ոչ այնքան ընդգծվել է գիտելիքների պակասը, որքան վերաբերմունքը: Շատ բողոքում էին բժիշկների վերաբերմունքից, որ կարող են հերթերում անիմաստ սպասեցնել իրենց, անիմաստ հերթեր ստեղծել, հատկապես ընդգծվում էր այդ խորհրդային ժամանակներից եկած խրախուսելու, այսպես կոչված, մոդելը, որ ասում էր, եթե հետս ինչ-որ բան չտանեմ բժշկին, երեսիս չեն նայի»։

Հարցվածների 64 տոկոսը կարծում է, որ իրենց համայնքում կանանց նկատմամբ բռնության դրսևորումներ կան։ Ամեն երրորդը նշել է, որ երբևէ բռնության է ենթարկվել՝ զուտ միայն կին լինելու համար։

«Ազատության» ռեպորտաժը՝ ստորև.

Կանանց դեմ հնացած կարծրատիպերը. Լոռու մարզի հարցումների պատկերը
please wait

No media source currently available

0:00 0:05:38 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG