«Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի պաշտպանության համար տեղի ունեցած երթից առաջ ու այդ օրը իրավապահները զանգվածային ապօրինի գաղտնալսումներ են իրանականացրել, պնդում է փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ անդրադառնալով Քննչական կոմիտեի հաղորդագրությանը, թե անցած շաբաթավերջին տեղի ունեցած երթին մարդկանց հարկադրաբար տանելու և գումարով շահագրգռելու դեպքեր են բացահայտել:
Ըստ Հայրապետյանի՝ Ազգային անվտանգության ծառայությունը քրեորեն պատժելի գործողության է դիմել. «ԱԱԾ պաշտոնյան կամ ինչ-որ մեկը հրաման է տվել, չէր կարող դա օրինական լինել: <> ԱԱԾ-ն մասսայական հեռախոսային խոսակցություններ է լսել»:
Ոստիկանության և Քննչական կոմիտեի աշխատակիցները երթին առնչվող քրեական գործի շրջանակում էին երեկ մտել ՀԷՑ, ժամեր տևած գործողություններից հետո նախաքննական մարմնից նաև երեք մեղադրյալի մասին հայտնեցին:
Այսօր արդեն մանրամասնեցին՝ նրանից երկուսը կալանավորված են, մեկը՝ ձերբակալված: Նրանցից մեկի շահերը ներկայացնող Տիգրան Հայրապետյանը պնդում է՝ հենց այդ ապօրինի ձայնագրությունները, որոնք իրականացվել, ապա հրապարակվել են իշխանական լրատվամիջոցների և իրավապահների համագործակցության արդյունքում, նախաքննական մարմինը ներկայացնելու է որպես ապացույց:
Քրեական գործի հիմք դարձած ձայնագրություններում լսվում են տարբեր խոսակցություններ, օրինակ մեկում՝ երկու քաղաքացի Տաշիրի բարբառով զրուցում են, նրանցից մեկը մյուսին առաջարկում է գումար փոխանցել, որ երթից հետո Կալինինո վերադառնալու ճանապարհին սնունդ առնեն:
Այն քաղաքացին, որին ենթադրաբար գումար են խոստանում փոխանցել ճանապարհին սնվելու համար, ևս ձերբակալված է: Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը ձերբակալման արձանագրությունն արդեն բողոքարկել է:
«Ով Տաշիրից է, եկել է, մի 4-5 ժամ մասնակցել է հավաքին, հետո հետ գնալուց էլ գնացել, հասել ենմ Գնթունիկում հաց են կերել, այդ՝ Գնթունիկում ճանապարհին հաց ուտելու համար ինքը ձերբակալված է», - նշեց նա:
Մինչ այս պահը Քննչական կոմիտեն չի հրապարակել, թե երեկվա շուրջ երկու տասնյակ հասցեներում իրականացված խուզարկություններից հետո ինչ են հայտնաբերել, հաղորդագրության մեջ առանց հստակությունների միայն նշում են՝ վերցրել են նախաքննության համար նշանակություն ունեցող տարբեր իրեր ու առարկաներ, այդ թվում՝ գումարի վերաբերյալ նշումներով անվանացուցակներ, գումար: ՀԷՑ-ում մոտ 5 ժամ խուզարկությունից հետո քննիչները 37 փաստաթուղթ էին տարել:
Տիգրան Հայրապետյանն այսօր ևս պնդեց՝ գլխավոր դատախազն ու իրավապահ մյուս կառույցների ղեկավարները եկեղեցուն պաշտպանելուց հետո բանտում հայտնված Սամվել Կարապետյանի ընկերություններում իրենց գործողություններն իրականացնում են վարչապետի հրահանգով: Երեկ Հանրայինի եթերում գլխավոր դատախազը հակառակն էր վստահեցնում: